Համաժողով առանց իրավապաշտպանների
00:00, March 29, 2010 | Մամլո հաղորդագրություններՀելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը lragir.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Երեւանում ապրիլին նախատեսված` Մարդու իրավունքի միջազգային ֆեդերացիայի համաժողովի շուրջ ստեղծված իրավիճակին
Դուք հրաժարվեցիք Քաղաքացիական հասարակության ինստիտուտի հետ համատեղ հայտարարության տակ ձեր ստորագրությունը դնել, ինչը մամուլում բուռն քննարկումների թեմա դարձավ: Դրան հետևեցին նոր զարգացումներ, ինչը դատելով արձագանքներից բավականին լուրջ բնույթ է ստանում: Արդեն իսկ շատ իրավապաշտպաններ հրաժարվել են մասնակցել համաժողովին: Ինչու այդքան հեշտությամբ հրաժարվեցին մասնակցել մարդու իրավունքներին նվիրված միջազգային մի համաժողովի, որի կարիքն այդքան ուներ Հայաստանը:
Նախ, բացի զուտ հայտարարությունից պետք է հասկանալ, թե որն էր նման զարգացումների բուն պատճառը: Մինչ հայտարարությունն արդեն իսկ տեղի էին ունեցել նախնական զարգացումներ կոնֆերանսի նախապատրաստման և անցկացման հարցի հետ կապված:
Հայաստանում Մարդու իրավունքների միջազգային համաժողովի անցկացման մասին խոսվում էր դեռևս անցած տարի, երբ FIDH-ի(Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա) ներկայացուցիչներն այցելել էին Երևան: Բնականաբար, ենթադրվում էր, որ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները պետք է ընդգրկվեին նախապատրաստական աշխատանքներում: Հատկապես որ FIDH-ի գործընկեր Քաղաքացիական հասարակության ինստիտուտն այդ ժամանակ բավականին սերտ համագործակցում էր այդ դաշտում գործող կազմակերպությունների մեծ մասի հետ և կար համագործակցության այնպիսի մի մակարդակ, ինչը թույլ էր տալիս մտածել համաժողովին լիարժեքորեն մասնակցելու մասին:
Սակայն տեղի ունեցավ զարմանալի մի բան: Համաժողովի օրակարգի մասին մենք տեղեկացանք շատ պատահական` FIDH-ի կայքէջից: Այն կազմվել էր առանց մեր մասնակցության: Առաջին դժգոհություններն առաջ եկան այն ժամանակ, երբ տեսանք, որ որպես համաժողովի մեկնարկ ներկայացված էր Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը: Նախագահի մասնակցությունը ՙարդար դատաքննություն՚ թեմայով համաժողովին մեզ համար անհասկանալի էր: Օրակարգի մյուս հատվածում` պլենար նիստերում նույնպես ընդգրկված էին ելույթներ Հայաստանից, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, Արդարադատության նախարար, նաև օմբուդսմենը: Հրավիրված է նաև գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Պլենար նիստերում հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններից որևէ մեկի զեկույցն ընդգրկված չէր: Սա մեր առաջին անհանգստության և դժգոհության պատճառը դարձավ:
Իսկ ի՞նչ քայլերի դիմեցին հայաստանյան իրավապաշտպանները օրակարգը փոխելու և անհրաժեշտ հարցերն ընդգրկելու ուղղությամբ:
Իրավապաշտպան դաշտում գործող ՀԿ-ների հետ նախաձեռնեցինք մի շարք հանդիպումներ և Քաղաքացիական հասարակության ինստիտուտում և առանձին-առանձին: Նշեմ, որ ի սկզբանե մերծվել և համաժողովին չէր հրավիրվել Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Նշեմ նաև, որ վերջինիս հետ կապված 2008-ի հուլիսին տեղի ունեցած միջադեպը (Դանիելյանի նկատմամբ Տիգրան Ուլիխանյանի կողմից գազային ատրճանակի կիրառման փաստը) չէր ընդգրկվել FIDH-ի տարեկան զեկույցում: Սա ի դեպ:
Մեզ համար անընդունելի էր, թե ինչպես կարող է արդար դատաքննությանը նվիրված մարդու իրավունքների միջազգային համաժողովը բացել մի մարդ, ով անմիջականորեն պատասխանատու է Հայաստանում մարդու իրավունքների այսպիսի այլանդակ վիճակի համար: Մարդ, որը 10 քաղաքացիների սպանության գնով, ընտրությունների կեղծման միջոցով եկավ իշխանության: Մարդ, ով անմիջական պատասխանատուն է խայտառակ դատավարությունների, բանտերում գտնվող տասնյակ քաղբանտարկյալների քրեական հետապնդման համար: Մեզ համար նաև մերժելի էր այն, որ սրան զուգահեռ իրավապաշտպան կազմակերպություններին հնարավորություն չէր տրվում պլենար նիստերում հանդես գալ այլընտրանքային զեկույցներով: Բացահայտվեց նաև մեկ այլ բան, երբ քաղբանտարկյալների կանայք առաջարկել են կոնֆերանսի շրջանակներում ցուցադրել Տիգրան Պասկևիչյանի քաղբանտարկյալների մասին նկարահանած “Ընտրություն” ֆիլմը, այն ևս մերժվել է: Ավելին, մեզ առաջարկվեց առանձին մի տեղում կազմակերպել այդ ֆիլմի ցուցադրությունը և հրավիրել կոնֆերանսի այն մասնակիցներին, ովքեր կցանկանան դիտել ֆիլմը:
Առանձնահատուկ ուզում եմ ընդգծել, որ կոնֆերանսի նախապատրաստումն ու օրակարգի ձևավորումը տեղի է ունեցել այնպիսի գաղտնապահության մթնոլորտում, որտեղ մեր մասնակցությունը զրոյական էր: Չմոռանանք, որ նման համաժողովի անցկացումը նախաձեռնել է միջազգային իրավապաշտպան կազմակերպություն և այն նվիրված է Հայաստանում մարդու իրավունքների վիճակին: Եթե գաղտնապահությամբ էին առաջնորդվում, թող ասեին մեր կոնֆերանսն է` մենք այսպես ենք անցկացնում, բայց երբ մենք ընդվզեցինք, նրանք փորձեցին մեզ հետ եզրեր փնտրել, թե ինչպես կարելի է արդյունավետ օգտագործել այս հնարավորությունը, որպեսզի Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ լրջագույն ինֆորմացիան ներկայացնենք: Ավելացնեմ նաև, որ այս փուլում մեզ հստակ ասվեց, որ օրակարգը հնարավոր չէ փոխել, և որ այն Փարիզում է հաստատվել: Նաև այն, որ մասնակցության հնարավորությունը խիստ սահմանափակ է, սակայն, այդուհանդերձ փոփոխություններ եղան օրակարգում:
Բացման խոսքով հանդես եկող Սերժ Սարգսյանին փոխարինեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ինչը նույնպես անընդունելի է: Մարդ, ով հայտարարված արտակարգ դրության ժամանակ ընտրակեղծիքների վիճարկման վերաբերյալ որոշում կայացրեց:
Նշված փոփոխությունները տեղի ունեցան շատ կարճ ժամանակահատվածում, մեր դժգոհություններից ու ընդվզումից հետո: Ավելացվեց նաև արդար դատաքննության վերաբերյալ Արման Դանիելյանի զեկույցը, ինչը տրամաբանական կարող էր լինել, եթե նման զեկույցի հնարավորությունը տրվեր մեկ ուրիշ կազմակերպության և ոչ թե նրան, ով կազմակերպում է համաժողովը: Ստացվում է, որ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը ինքը ելույթ է ունենում իր կոնֆերանսում:
Սա կամ պետք է գնահատել որպես անվստահություն մյուս իրավապաշտպան կազմակերպությունների նկատմամբ կամ էլ գործում է նույն գաղտնապահության սկզբունքը և համաժողովի կազմակերպման տրամաբանությունը թույլ չի տալիս բազմազանության ապահովումը, ինչն էլ թույլ չի տալիս այլ կազմակերպությունների լիարժեք ներգրավումը այդ ֆորմատում: Սա շատ զարմանալի էր: Նույնքան զարմանալի էր այդ նույն կազմակերպության խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանի հայտարարությունն այն մասին, որ որևէ փաստաթղթի հրապարակում այլևս չի նախատեսվում և հանկարծ հայտնվում է արդեն ձեզ հայտնի աղմուկ հանած արդար դատաքննության վերաբերյալ հայտարարությունը, որին ես անմիջապես արձագանքեցի:
Ինձ համար տարօրինակ էր նաև այն, որ նրանց արձագանքը լրատվական միջոցներով իմ հնչեցրած տեսակետին, տարբեր էին: Մեկ ասում են, թե իբր ես ասել եմ, ինչ տեքստ էլ լինի` կստորագրեմ, մյուս դեպքում` թե Փարիզի հետ է պետք համաձայնեցնել: Մեկնաբանությունների նման հակասությունը ինձ համար խիստ տարօրինակ է: Իմ տեսակետը, ես ասել եմ հստակ և հիմա էլ պնդում եմ, որ դեմ եմ եղել գնահատականին, թե 10 զոհված քաղաքացիներն ու 200 վիրավորները եղել են բախման արդյունքում: Սա իրականությունն է և իմ սկզբունքային մոտեցումը: Տեսակետը, թե նրանք զոհվել են բախումների արդյունքում, առնվազն անբարոյականություն է:
Սակայն հենց այդ հարցի առնչությամբ FIDH-ն իր հայտարարության մեջ անդրադարձ էր կատարել:
Ձևակերպումները փոխվում են, բայց ֆորմատը մնում է նույնը: Պետք է արձանագրել, որ մեր դժգոհությունների արդյունքում համաժողովը կոսմետիկ փոփոխությունների է ենթարկվում, բայց մասնակցության առումով այն փոփոխության չի ենթարկվում, կարծես արգելք կա դրված: Մեր որևէ առաջարկ միևնույնն է չընդգրկվեց օրակարգում: Ցավոք, այնպիսի
տպավորություն է, թե պայքարում ես իշխանական մի կառույցի դեմ, որպեսզի փոփոխության հասնես ի նպաստ մարդու իրավունքների:
Ըստ ձեզ, ինչպիսի հանգամանքների դեպքում կարող էին նման ձևով` գաղտնապահության սկզբունքով առաջնորդվել: Ինչ հետևության է սա ձեզ բերել:
Հիշենք, որ մեր դժգոհություններից հետո FIDH-ի նախագահը
հանդես եկավ նոր հայտարությամբ, որտեղ ընդգրկվեց քաղբանտարկյալների ու սպանությունների քննության վերաբերյալ խնդիրը: Ստացվում է, որ մենք ստիպում ենք ասել այն, ինչը պետք է ասվեր: Պլենար նիստերում փոփոխությունների անհնարինությունը մի հարց է ձևակերպում.որո՞նք են այն ինստիտուտները, որոնք պատասխանատու են այդ օրակարգի մշակման համար: Եթե դա FIDH-ն է ու Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, ապա ինձ համար բացարձակապես անհասկանալի է, թե ինչպես է որ միջազգային իրավապաշտպան ու ոչ կառավարական կազմակերպությունները անընկալունակ են մեր կողմից առաջարկվող փոփոխություններին:
Շատ կարևոր մի բան ևս. բազմիցս ասվում է, որ համաժողովը զուտ հայաստանյան թեմաներով չէ, քանի որ տարբեր երկրներ են ներկայացվելու: Եթե դա այդպես է, ապա Վճռաբեկ դատարանի նախագահը Հայաստանի մասին է խոսելու, թ՞ե Կոնգոյի: Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի մասին է խոսելու, թե Նիկարագուայի: Արդարադատության նախարարը Հայաստանի թեմայով չի՞ խոսելու: Իսկ այս ելույթները հետաքրքի՞ր է մնացած երկրների մասնակիցների համար: Եթե Հայաստանի թեման այստեղ զուտ խորհրդանշական է ներկայացվելու, ապա ի՞նչ տրամաբանությամբ է իշխանության ներկայացուցիչներին այդպիսի մեծ տեղ տրվում:
Սա մարդու իրավունքների կոնֆերանս է, որը փակ է իրավապաշտպանների համար: Եվ սրա համար պատասխանատուն են Քաղաքացիական հասարակության ինստիըուտն ու Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան: Միջազգային այս կազմակերպությունը Հայաստանում իր դեմքը փրկելու հնարավորություն ունի մինչև ապրիլի 6-ը, և ոչ միայն Հայաստանում: Ակնհայտ է, որ FIDH-ի նախագահը հայտնվել է ցայտնոտային իրավիճակում` իր կողմից նախապես չծրագրավորված քայլեր անելով, ինչպիսին վերջին հայտարարությունն էր:
Ուզում եք ասել, որ Մարդու իրավունքների միջազգային համաժողովը անցկացվելու է իշխանությունների կողմից ձևավորած մթնոլորտում: Այդ դեպքում ում էր պետք նման կոնֆերանսի անցկացումը…
Իշխանություններն ուզում են ցույց տալ, որ իրավիճակը վերահսկելի է և այն կարելի է փոխել կոնկրետ քայլերով ու գործողություններով, ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:Այս համաժողովը ձևական, պրոտոկոլային բնույթ է կրելու: Սա իշխանությունների կողմից անցկացվող հերթական մի միջոցառում է լինելու:
Որքան ինձ է հայտնի, այն կազմակերպությունները, որոնք դեռևս հստակ չեն հայտնել իրենց դիրքորոշումը համաժողովին մասնակցելու առումով, դիմել են FIDH-ին` օրակարգում փոփոխություններ մտցնելու ակնկալիքով:
Նորից եմ կրկնում, այս կոնեֆրանսի հիմքում դրված է գաղտնապահության սկզբունքը: Նրանք լուրջ խնդրի առջև կկանգնեն, եթե պրոցեսի ընթացքում փոխեն այդ գաղտնապահության մոդելի սկզբունքը:
Այնուամենայնիվ, որքանով է հավանական օրակարգի փոփոխությունը, շատ քիչ ժամանակ է մնացել համաժողովի մեկնարկին:
Դա, իհարկե, անհավանական է, որովհետև FIDH-ի նախագահը անցյալ շաբաթ “Հայկական ժամանակին” տված հայրցազրույցում ասում է, որ իշխանությունները բավականին մեծ մասնակցություն են ունեցել լոգիստիկայի առումով: Ուշադրություն դարձրեք լոգիստիկան` նկատի ունի համաժողովի տրամաբանությունը և կազմակերպական այլ հարցերը: Այսինքն իշխանությունն ի սկզբանե այնքան մեծ դեր է ունեցել այս կոնֆերանսի կայացման հարցում, որ միջազգային կազմակերպության նախագահը ուղղակի ամրագրում է, որ այդ լոգիստիկան հնարավոր չէ փոխել: Նշեմ, որ արված կոսմետիկ փոփոխություննրը ամենևին բովանդակային նշանակություն չունեն:
Հարցազրույցում FIDH-ի նախագահը բոլոր այդ հարցերին շատ դիվանագիտորեն էր պատասխանել…
Ես օգտագործեցի նրա գործած լոգիստիկա բառը, որպեսզի ցույց տամ, որ իրոք լոգիստիկան չի կարող փոխվել: Տեսեք, թե որքան մեծ է գաղտնապահության սինդրոմը, նույնիսկ այդ կազմակերպության նախագահն իր հարցազրուցում ասում է, որ չգիտի, թե ինչ պատճառով է Սերժ Սարգսյանը հրաժարվել բացման արարողությանը մասնակցելուց: Ինչպես կարող է նման բան լինել: Քո նախաձեռնած կոնֆերանսի օրակարգում կարևոր փոփոխություն է տեղի ունենում և դու չգիտե՞ս պատճառը: Եթե հնարավոր էր օրակարգում փոփոխություն անել, այդ դեպքում, ինչո՞ւ չեք ընդունում մեր առաջարկած փոփոխությունը: Ես համոզված եմ, որ մինչև համաժողովի մեկնարկը դեռ շատ բան է բացվելու և նոր զարգացումներ են տեղի ունենալու:
Ի վերջո ովքեր են մասնակցելու կոնֆերանսին, կարծես թե հրաժարվողների թիվը մեծանում է: Մամուլում արդեն եղել են հրապարակումներ այդ մասին:
Ես չգիտեմ: Ասում էին, որ շուրջ 40 կազմակերպություններ են մասնակցելու, սակայն հիմա այդ թվի մասին` էլ չեն խոսում: Հիմա նշվում է, թե
համաժողովը բաց է… արձանագրենք ևս մի փոփոխություն: Անընդհատ նույն միտքն է ինձ տանջում, թե ինչպես կարելի է մարդու իրավունքների կոնֆերանսում ինչ որ բան փոխել պայքարի արդյունքում: Ակամայից զուգահեռներ ես տանում իշխանության և կոնֆերանսի կազմակերպիչների միջև:
Տեսակետներ կան, որ համաժողովի կազմակերպումը աջակցություն է Սերժ Սարգսյանին` հայ թուրքական հարաբերությունների համատեքստում, հատկապես, որ կոնֆերանսը հիմնականում նվիրված է լինելու ցեղասպանության հարցին:
Շատ տարօրինակ է, որ ցեղասպանության հարցը դրվում է արդար դատաքննությանը նվիրված կոնֆերանսում: Ցեղասպանության հարցը ավելի շատ քաղաքական նշանակություն ունեցող հարց է և այդ հարցի նախաձեռնողը ֆուտբոլոյին դիվանագիտության հայր Սերժ Սարգսյանինն է: Այդ հարցի տեղավորումը համաժողովում ուղղակիորեն իրականանում է: Կամ FIDH-ն է գործիք կամ ինքը կամավոր է գնում գործիք դառնալուն այն խնդրի համատեքստում, որն այս պահին Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ է տեղի ունենում:
Արդյոք այսօր տեղի չի ունենում մի գործընթաց, ինչը տեղի ունեցավ 2008-ի նախագահական ընտրություններից հետո, երբ քաղաքական կուսակցությունների տեղն ու դերը հանրության համար հստակեցվեց: Կարելի է ասել, որ հիմա նույնը տեղի է ունենում իրավապաշտպան կազմակերպությունների դեպքում:
Ինչպես նշում է միջազգային այդ կազմակերպության նախագահը Հայաստանի տիպի երկրներում նման միջոցառումներ անցկացնելիս անխուսափելի է իշխանությունների դերը: Թե իշխանության որ թևի մասին է խոսքը, դա արդեն պետք է ենթադրել. արտգործնախարարություն, թ՞ե նախագահի աշխատակազմ: Եթե քաղաքական պրոցեսների ընթացքում տարանջատում կամ հստակեցում է լինում, դա նշանակում է, որ այն պայմանավորված է իշխանությունների վարքագծով: Տհաս, անմարդկային և անգրագետ այդ վարքագիծը այնքան պարզունակ է, որ լողալու տեղ չի թողնում:
Ինչո՞ւ այդ երևույթը տեղափոխվեց քաղաքացիական հասարակության դաշտ: Ինչո՞ւ է այդ պրոցեսը այժմ ընթանում այդքան հստակ: Մի կողմից սա բացահայտում է այն, ինչ որ այս կամ այն ձևով շղարշված էր, իսկ մյուս կողմից այդ հստակեցումը շատ կարևոր է մեր հետագայի, մեր գոյության ու զարգացումների տեսանկյունից, որովհետև կան ակնհայտ իշխանական իրավապաշտպան կազմակերպություններ և քաղաքականացված իրավապաշտպան կազմակերպություններ:
Մարտի 1-ից հետո մի խայտառակ բան տեղի ունեցավ: Երբ քաղաքական հետապնդումների արդյունքում առաջացավ մի քաղբանտարկյալների մի ստավար զանգված, մարդու իրավունքներով զբաղվելը կապվեց քաղաքականության հետ: Հարցն այսպես էր դրվում. եթե տվյալ քաղաքական դեմքը ինձ համար ընդունելի մարդ է, ուրեմն ես նրա իրավունքների պաշտպանությամբ կզբաղվեմ, եթե անընդունելի է, ուրեմն ես նրա իրավունքների պաշտպանությամբ չեմ զբաղվի: Այսինքն, մենք ունենք քաղաքականացված իրավապաշտպանություն, որը բացահայտվեց նաև այս համաժողովի շրջանակներում: Իրավապաշտպանությունը իրավունքն չունի քաղաքական նպատակահարմարությունից ելնելով գնահատական տալ:
Այս ընթացքում նաև մամուլը փորձեց հավասարության նշան դնել իրավապաշտպանների միջև` թացն ու չորը խառնելով իրար, ինչն իր մեջ, կարծես, իրավապաշտպաններին վարկաբեկելու միտումներ ուներ:
Խնդիրները, որոնք առաջացել են այս համաժողովի հետ կապված, այնքան անակնկալ են շատերի համար և իրենց բովանդակությամբ նոր, որ շատ լրագրողների դեպքում կամ տեղեկատվության պակաս կա կամ պրոֆեսիոնալիզմի խնդիր է: Ի վերջո, դա ինձ չի հետաքրքրում: Դա ավելի շատ խոսում է լրագրողի աշխատանքի բնույթի մասին և լրագրողը չէ, որ պիտի որակի ով է իրավապաշտպան և ով` ոչ: Կարևոր հարցն այն է, թե իրականում նրանք տեսնում են ընթացող պրոցեսի առանձնահատկությունները, թ՞ե` ոչ:
Եթե Քաղաքացիական հասարակության ինստիտուտը չի ընկալվում որպես իրավապաշտպան կազմակերպություն, դա չի նշանակում, թե Միքայել Դանիելյանը իրավապաշտպան չէ: Հարցադրումը, թե ով է իրական իրավապաշտպանը, ընդհանրապես վարկաբեկող մոտեցում է: Խնդիրը շատ հստակ է. Հայաստանում կազմակերպվում է մարդու իրավունքներին նվիրված միջազգային կոնֆերանս, որտեղ իշխանությունները նույն Հայաստանի վիճակը ներկայացնելու համար ունեն մեծ հնարավորություններ, ինչից զրկված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և ՀՀ քաղաքացիներն ընդհանրապես: Կոնեֆերանսին նվիրված աշխատանքները տեղի են ունեցել գաղտնիության սկզբունքով և շարունակվում են նույն ոգով:
Սա նշանակում է ապակողմնորոշել, սքողել իրական հանգամանքները: Վտանգավորը ոչ թե սուտն է, այլ կիսատ ճշմարտությունը, երբ ճշմարտությունը ասվում է կեղծիքի հետ զուգահեռ` խառնաշփոթ ստեղծելու համար:
Ու՞մ է դա պետք:
Միանշանակ է, որ իշխանւթյուններին և նրանց օգնող, սատարող քաղաքացիական հասարակության կառույցներին: Մարտի 1-ից հետո քաղաքացիական հասարակության ինստիտուտի նկատմամբ անվստահություն կար: Նրանք իրենց գործելակերպով այսօր փարատեցին բոլոր այդ կասկածները և ամրապնդեցին իրենց նկատմամբ անվստահությունը:
Քանի որ մարդու իրավունքներին նվիրված այս համաժողովի անցկացման մասին հայտարարվեց նախորդ հանրահավաքում և լայն զանգվածները տեղյակ են դրա մասին, հնարավոր համարո՞ւմ եք կոնֆերանսի ձախողումը:
Այն, որ բացման արարողությունը սկզբում նախատեսված էր օպերայի և բալետի թատրոնում, իսկ հետագայում, մեր դժգոհությունների արդյունքում փոխվեց, ակնհայտ դարձրեց, որ իշխանությունները խուսափեցին Ազատության հրապարակում ակցիաների հնարավոր վերսկսումից:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.lragir.am/armsrc/interview-lrahos33482.html