Արդար դատաքննության իրավունքի մոնիթորինգ
00:00, March 16, 2010 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունք | Թմրամիջոցներ գործածողներ2010թ-ի մարտի 12-13-ը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի և Երևանի հասարակական կազմակերպությունների իրավաբանների համար Վանաձորում կազմակերպվել էր երկօրյա դասընթաց:
Դասընթացի նպատակն էր նշված մարզերի հասարակական կազմակերպությունների իրավաբաններին ուսուցանել արդար դատաքննության իրավունքը և դատական նիստերի մոնիթորինգի անցկացման տեխնիկան:
Դասընթացին մասնակցում էին Երևանից 4, Վանաձոր և Գյումրի քաղաքներից` 2-ական, Դիլիջան և Իջևան քաղաքներից` 1-ական իրավաբաններ:
Դասընթացը վարում էր Երևանի պետական համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արման Թաթոյանը:
Դասընթացի առաջին օրը մասնակիցներին ներկայացվեցին արդար դատաքննության իրավունքի մեկնաբանության ընդհանուր սկզբունքներն` ըստ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի: Մասնավորապես ներկայացվեց մրցակցության և կողմերի հավասարության, հրապարականության սկզբունքների, անմեղության կանխավարկածի էությունը ` որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրեր:
Քննարկվեցին դատավարության ընթացքում գործի քննության ողջամիտ ժամկետի, ինչպես նաև ապացույցների թույլատրելիության ապահովման հարցերը:
Դասընթացի երկրորդ օրը մասնակիցներին ներկայացվեց քրեական գործերի դատական քննության կարգն` ըստ ՀՀ քրեադատավարական օրենսդրության, ինչպես նաև կասկածյալի և մեղադրյալի պաշտպանության իրավունքն ու դրա ապահովումը արդար դատաքննության իրավունքի համատեքստում:
Դասընթացի ավարտին իրավաբանների հետ ձեռքբերվեց պայմանավորվածություն` թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերի դատաքննության մոնիթորինգ իրականացնելու հարցում:
Մոնիթորինգն իրականացվելու է Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի, ինչպես նաև Երևանի Շենգավիթ, Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարաններում:
Արդար դատաքննության իրավունքի մոնիթորինգն իրականացվելու է 2010 թվականի ապրիլի 1-ից վեց ամիս տևողությամբ` ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մշակված դիտարկման քարտի:
Դասընթացը կազմակերպվել էր Բաց Հասարակության ինստիտուտի Օժանդակության հիմնադրամի Հայաստանի մասնաճյուղի ֆինանսավորմամբ իրականացվող “Իրավական աջակցություն Լոռու, Շիրակի, Տավուշի մարզերի եւ Երևանի թմրամիջոց գործածողներին” ծրագրի շրջանակներում: