Իսկ ծեծողներին կպատժե՞ն
00:00, February 17, 2010 | Հայտարարություններ | Արդար դատաքննության իրավունքՄի շարք իրավապաշտպան կազմակերպություններ այսօր ողջունել են իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի արդարացման դատավճիռը:
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացույցների բացակայության պատճառաբանությամբ արդարացման դատավճիռ է կայացրել Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի անդամ և կազմակերպության պաշտոնական կայքէջի լուսանկարիչ պարոն Արշալույս Հակոբյանի նկատմամբ։ Վերջինս մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ:
«Մեր կազմակերպությունները, այնուամենայնիվ, իրենց խորը մտահոգությունն են հայտնում Արշալույս Հակոբյանի նկատմամբ` ձերբակալության ժամանակ դաժան վերաբերմունք գործադրելու համար։ Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին երաշխավորել անհապաղ, լիարժեք, արդյունավետ և անկախ քննություն, հրապարակել դրա արդյունքները եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին՝ կանգնեցնելով նրանց անկախ և անաչառ դատարանի առաջ և պատժելով օրենքով սահմանված կարգով՝ ՄԱԿ-ի իրավապաշտպանների մասին հռչակագրի և Հայաստանի կողմից վավերացված տարածաշրջանային և միջազգային պայմանագրերի համաձայն»,-ասված է հայտարարության մեջ:
Այն ստորագրել են իրավապաշտպանների պաշտպանության օբսերվատորիան՝ Ընդդեմ խոշտանգումների համաշխարհային կազմակերպության (OMCT) և Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) համատեղ ծրագիրը, Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոնը, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը և Ընդդեմ իրավական կամայականության հիմնադրամը: