Ի պաշտպանություն Նիկոլի
00:00, February 3, 2010 | Հայտարարություններ | Արդար դատաքննության իրավունքՀարավկովկասյան իրավապաշտպանների ցանցն այսօր դատապարտել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրին 7 տարի ազատազրկելու դատավճիռը:
«Փաշինյանը, ինչպես և ընդդիմության մնացած կողմնակիցները, դատապարտվել է միայն իր քաղաքական հայացքների համար: Ցանցի անդամները անթույլատրելի են համարում Հայաստանի իշխանությունների կողմից շարունակական հաշվեհարդարը քաղաքական հակառակորդների նկատմամբ»,-ասված է հայտարարության մեջ:
Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը «Հայաստանի իշխանություններից պահանջում է անվերապահորեն կատարել մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց կողմից ստանձնած բոլոր պարտականությունները, անհապաղ ազատել բոլոր քաղաքական բանտարկյալներին, պատժել 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած արյունալի իրադարձությունները իրականացրած մեղավորներին` ինչպես հրաման արձակողներին, այնպես էլ կատարողներին»:
Ինչպես նաեւ` Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցը դիմում է միջազգային հանրությանը Հայաստանի իշխանությունների ստանձնած պարտականությունների մոնիտորինգը շարունակելու և ճնշում գործադրելու խնդրանքով, պահանջելով վերջիններից վերացնել հաշվեհարդարները ժողովրդավարական բարեփոխումներ պահանջող քաղաքացիների նկատմամբ:
Նշենք, որ Հարավկովկասյան Իրավապաշտպանների ցանցը միավորում է 30 իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների Հայաստանից, Ադրբեջանից և Վրաստանից: Ցանցի նպատակն է նպաստել Հարավային Կովկասի իրավապաշտպանների գործունեության
անվտանգ պայմանների ստեղծմանը, և նրանց ձայնը առավել լսելի դարձնել տարածաշրջանում և միջազգային ապսարեզում: