Լավ տղերքը չե՞ն մարսի
00:00, January 11, 2010 | Մամլո հաղորդագրություններ | Ընտրական իրավունքԻրավապաշտպան Արթուր Սաքունցը թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական կարգով ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրությունները որակեց այսպես.
«Պատկերացրեք մի ռինգում թեւերը կապած մարդ է, մի բաքսյորի հետ: Նա ռինգ է մտել, ժողովուրդն էլ մի կողմից ու մի քանի տեղամասերում գլխով ուդար է տալիս: Ու դրանից հետո ծափահարում են եւ ասում, որ հաղթեց ազատության մեջ գտնվող թեկնածուն: Բարոյականության անկման է՞լ ինչ աստիճան է պետք: Սա ես ձեզ ասում եմ որպես զուտ մարդկային գնահատական: Ո՞նց են մարսելու, ես սա հասցեագրում եմ նաեւ այդ լավ տղերքին»:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հետեւել է ընտրություններին եւ արձանագրել բազմաթիվ խախտումներ:
«Եթե ընտրությունները իրավական տեսակետից նայենք կեղծված ընտրություններ են, իսկ եթե մարդկային տեսակետից նայենք, դրանք ստոր ընտրություններ են: Սա ոչ թե ավազակապետություն է, այլ սա արդեն խուլիգանություն է»,-ասաց Արթուր Սաքունցը:
Կազմակերպությունը պահանջում է անվավեր ճանաչել թիվ 10/12, 10/15,10/19 ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ծառայողական քննություն իրականացնել նշված ընտրական տեղամասերում իրենց ծառայությունը անբարեխիղճ կերպով իրականացրած ոստիկանների նկատմամբ, պատասխանատվության ենթարկել «Ազատ հասարակության ինստիտուտ»-ի դիտորդներ Արմեն Սահակյանին եւ Դավիթ Սիմոնյանին եւ ընտրական խախտումներ իրականացրած այլ անձանց:
Արթուր Սաքունցը ասում է, որ հեռուստաընկերություններից եւ ոչ մեկը չի հետեւել ընտրություններին, քանի որ իշխանությունները վախեցել են թափանցիկությունից: Գրասենյակի ղեկավարին հիասթափեցրել է ընտրողների պասիվությունը: Քանի որ շատ քչերն էին մասնակցել ընտրություններին եւ մարդիկ վախեցել են իրենց կարծիքն արտահայտելուց:
Ընտրություններին որպես դիտորդ մասնակցող Սոնա Այվազյանն էլ ասում է, որ թիվ 10/19 տեղամասում մի տղա անընդհատ ելումուտ էր անում, իսկ հանձնաժողովի նախագահը ուշադրություն չէր դարձնում եւ երբ դիտորդները խնդրել են ոստիկանության միջամտությունը, ոստիկանները ասել են, որ պետք է նախագահը կարգադրի: «Սակայն նախագահը շահագրգռված չէր եւ հետեւում էր, թե ինչ էր անում «Ազատ հասարակության ինստիտուտ»-ի դիտորդը, իսկ դիտորդ Դավիթ Սիմոնյանը ասում էր, որ սա իրենց գյուղն է, ինչ կուզեն կանեն»,- ասաց Սոնա Այվազյանը:
ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.a1plus.am/am/politics/2010/01/11/arthur-sakunts