Կփոխվի՞ Փաշինյանի կարգավիճակը
00:00, November 4, 2009 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք2009 թ. նոյեմբերի 3-ին տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի դատավարությունն անցավ բավականին զավեշտալի մթնոլորտում։
Դատարանում ցուցմունքներ տվող վկաները նկարագրում էին դեպքեր ու իրադարձություններ, որոնք ամբողջ ցանկության դեպքում դժվար էր կապել Փաշինյանին առաջադրված մեղադրանքի քննվող դրվագի հետ (ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Զուտ մարդկայնորեն, այս վկաները կարեկցանք էին առաջացնում, բայց մյուս կողմից նրանց անտեղյակությունն այնքան աբսուրդային էր, որ դահլիճում գտնվողները չէի կարողանում զսպել իրենց ծիծաղը։ Վկայության սկզբում նրանք մի քանի նախադասություն դեպքի հետ կապված կարողանում էին արտաբերել, սակայն պաշտպանական կողմի հարցերին պատասխանելիս ամեն ինչ շուռ էր գալիս գլխիվայր։
Երեկ դատարանում հարցաքննված 3 կին վկաներից և ոչ մեկը ”Հայկական ժամանակի” խմբագրին չէր ճանաչում, երբևէ նրան չէր տեսել և ”կոնկրետ նրա մասին ոչինչ չեն կարող պատմել”։ Նրանցից երկուսը վաճառողուհիներ էին, որոնք միջադեպի պահին աշխատելիս են եղել Կորյուն-Աբովյան խաչմերուկում տեղակայված խանութներում, իսկ մեկն աշխատում է տաքսի ծառայությունում։
Վկա Արմինե Հարությունյանի հետ կապված Նիկոլ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը դատարանում հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ ”առնվազն տարօրինակ է”, որ վկայի գրավոր ցուցմունքը հայտնվել է մեղադրական եզրակացության մեջ, երբ նրա վերաբերյալ որևէ անձնական տեղեկություններ չկան՝ բնակության վայրի, անձնագրային տվյալների և այլնի մասին։ Ինչ վերաբերում է վկաներ Ժաննա Միքայելյանին ու Սաթենիկ Մնացականյանին, նրանք իրենց ցուցմունքներում ներկայացնում ու պատմում էին մի բան, իսկ հետո իրենք էլ հակասում էին իրենց պատմածին։
Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանը համոզված է, որ այս վկաներին նախապես նախապատրաստել էին։
”Վկաները տարբեր բաների մասին են խոսում, այլ բան են նկարագրում և այլ քանակի մարդկանց մասին են խոսում։ Ակնհայտ է, որ նրանք իրականությունը չեն նկարագրում։ Հնարավոր չէ, որ տասը մարդ նույն բանը տարբեր կերպ տեսնի։ Այս վկաները խոսում էին նախորդ դատական նիստերին հնչած մեր հարցերի շուրջ, ինչը նշանակում է, որ նրանց նախօրոք նախապատրաստել էին։ Նրանք տալիս էին պատասխաններ, երբ դեռ հարցը չէր հնչել”։
Փաստաբանը դատարանին միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու և նրան դատարանի դահլիճից անհապաղ ազատ արձակելու մասին։ Միջնորդությունը վերաբերում էր իր պաշտպանյալի կալանքի տակ պահելու ժամկետներին։ Նոյեմբերի 1-ին լրացել է Նիկոլ Փաշինյանին կալանքի տակ պահելու ժամկետը և դատարանը նոր ժամկետ չի սահմանել։ Լուսինե Սահակյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպերից համանման մի օրինակի՝ հղումներ անելով նաև Մարդու իրավունքների հռչակագրին և այլն։
Մեղադրող Հարություն Հարությունյանը իր առարկությունը ներկայացրեց՝ ընթերցելով նախապես պատրաստած գրավոր մի տեքստ, որը բացարձակապես կապ չուներ փաստաբանների ներկայացրած միջնորդության բովանդակությանը։
”Շատ տարօրինակ էր, որ նրանք գրավոր տեքստ ունեին իրենց ձեռքի տակ, որն ընթերցելով փորձում էին կարծիք արտահայտել և առարկություն ներկայացնել մեր միջնորդության շուրջ՝ նախապես տեղյակ չլինելով, թե մենք ինչ միջնորդություն էինք անելու։ Ամեն դեպքում իրենց կարծիքը հայտնելիս նրանք բոլորովին այլ բանի մասին էին խոսում։ Մեղադրող կողմը խոսում էր հիմքերից, ինչին մենք առհասարակ չենք անդրադարձել։ Իմ տպավորությամբ մեղադրող կողմն ուզում է ինչ որ բան ասել, բայց, թե ի՞նչ, դա նրանց համար էական չէ”, ասաց փաստաբան Սահակյանը։
”Տվյալ վարույթը տեղի է ունենում, քանի որ ես ցանկացել եմ, որ այն տեղի ունենա: Այս վարույթի քավորը ես եմ”,- երեկվա դատական նիստի ավարտին դատավարության մասնակիցներին հիշեցրեց ”Հայկական ժամանակ” օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ եթե ինքը ընդհատակից դուրս չգար, վարույթը տեղի չէր ունենա:
”Որտեղ են կայացվում խափանման միջոցի վերաբերյալ որոշումները։ Բաղրամյան 26 հասցեու՞մ”, նաև այսպիսի հարց հնչեցրեց ”Հայկական ժամանակի” խմբագիրը՝ դատարանից ակնկալելով ինքնուրույն որոշում կայացնել։ Սակայն խորհրդակցական սենյակից վերադառնալով դատավոր Մնացական Մարտիրոսյանը մերժեց փաստաբաններ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։
Հայտնի է, որ առաջադրվելով պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի կարգավիճակը փոխվում է։ Իրավական առումով ի՞նչ կարող է փոխվել այս կարգավիճակի պարագայում, ի՞նչ խոչնդոտներ կարող են առաջանալ։
”Իմ պաշտպանյալի նոր կարգավիճակի հետ կապված, անշուշտ, օրենսդրական լուրջ խնդիրներ են ծագում, հատկապես որ, թեկնածությունը գրանցելու դեպքում նրան քրեական պատասխանատվության ենթարկելու իրավունք չունենե, պարզաբանեց Լուսինե Սահակյանը։
Ինչ վերաբերում է առհասարակ դատական գործընթացին, ապա փաստաբանն ասում է, որ նրա իրավունքները խիստ սահմանափակ են, հատկապես, քարոզարշավ իրականացնելու առումով, ինչը կարող է անել միայն վստահված անձանց միջոցով։ ”Պարզ է, որ դա նույն բանը չէ”, ասում է Լուսինե Սահակյանը,- օրենքով սահմանված կարգով գործառույթներն իրականացնելու դեպքում նրանք պարտավոր են գրանցել իր պաշտպանյալին։
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.hra.am/am/events/2009/11/04/journalist
Ժաննա Ալեքսանյան