Չեն հասկանում, որ փողով չեն կարող գնել ֆինանսավորման վերականգնումը
00:00, October 17, 2009 | Մամլո հաղորդագրություններԱՆԻՄԱՍՏ
Երեկ կառավարության նիստի ընթացքում որոշում է կայացվել բյուջեի պակասուրդը ավելացնելու հաշվին, կայունացման հիմնադրամից, որը ձեւավորվել է բացառապես ռուսական վարկի հաշվին, 1, 7 միլիարդ դրամ հատկացնել 12 համայնքային ճանապարհների վերականգնումը մինչեւ տարեվերջ իրականացնելու համար:
Խոսքը ԱՄՆ կառավարության կողմից «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրով Հայաստանի գյուղական ճանապարհների վերանորոգման դադարեցված ենթածրագիրն ավարտին հասցնելուն: Իսկ այդ ենթածրագիրը` մոտ 68 միլիոն դոլարի չափով, ԱՄՆ կառավարությունը դեռեւս նախորդ տարի դադարեցրել էր մարտի 1-ի դեպքերից հետո:
Առաջին հայացքից կարող է թվալ, թե ոչ մի արտառոց բան չկա, որ կառավարությունը ցանկանում է ֆինանսավորել այն ծրագրերի իրականացումը, որոնց ֆինանսավորումը ԱՄՆ կառավարությունը դադարեցրել է, սակայն բնական հարց է առաջանում, թե ինչո՞ւ է կառավարությունը որոշել ոչ թե սեփական ծրագրերն իրականացնել, այլ ֆինանսավորել ԱՄՆ կառավարության ծրագրերը: Շատ հավանական է, որ այսկերպ ՀՀ իշխանությունները ցանկանում են ցույց տալ, որ այդ ծրագրերը դեռ ուժի մեջ են, ավարտված չեն եւ գուցե մտքում էլ հույս են փայփայում, որ մի գեղեցիկ օր ԱՄՆ կառավարությունը կարող է փոխել իր որոշումն ու վերականգնել ֆինանսավորումը: Այս խնդրի առնչությամբ, մենք զրուցեցինք «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շահառուների խորհրդի նախկին անդամ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ: Հարցին, թե ձեր կարծիքով ինչո՞ւ է կառավարությունը կյանքի կոչում ոչ թե սեփական ծրագրերը, այլ «Հազարամյակի մարտահրավերներ»-ով նախատեսված եւ չֆինանսավորված ծրագրերը, նա պատասխանեց. «Կառավարության քայլերում որեւիցե տրամաբանություն գտնելն իմաստ չունի: Գուցե կառավարությունը մտածել է, որ սեփական ծրագրերի պարագայում պետք էր հիմնավոր ինչ-որ ծրագրեր ներկայացնել, որոնք պետք է որոշակի փորձաքննություն անցնեին, իսկ այս դեպքում գործ ունեն հիմնավոր, ճշգրտված ծրագրերի հետ»: Մյուս պատճառն, ըստ Սաքունցի, այն է, որ կառավարությունը փորձում է ցույց տալ, որ ունի կամք ու կարող է իրականացնել այն ծրագրերը, որոնց ֆինանսավորումը դադարեցվել է ԱՄՆ կառավարության կողմից: «Բայց խնդիրն այն է, որ սրանք էլի մոռանում են, որ ֆինանսավորման դադարեցումը ոչ թե ֆինանսների պակասով է պայմանավորված, որ կառավարությունն էլ ցույց տա, թե տեսեք, եթե դուք ֆինանս չունեք, մենք մեր ներքին ռեսուրսները կներդնենք, այլ խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները չեն ուզում հասկանալ, որ չափորոշիչները, որոնք վերաբերում են երկրում ազատությունների աստիճանին, տնտեսական դաշտում տիրող վիճակին ու օրենսդրությանը, դրանք պետք է նորմալացնել, որից հետո միայն կարելի է հուսալ, որ կվերականգնվի ֆինանսավորումը: Բովանդակությունը թողած` էլի ընկել են ձեւի հետեւից», – ընդգծեց նա:
Այնուամենայնիվ, Ձեր պատկերացմամբ, իրենք հույս ունեն, որ կկարողանա՞ն այդ դադարեցված ենթածրագիրը վերականգնել եւ դրա համա՞ր են ցույց տալիս, որ այդ ծրագիրը շարունակվում է, հարցին էլ արձագանքեց. «Գուցե եւ հույս ունեն, բայց չեն հասկանում, որ փողով չեն կարող գնել ֆինանսավորման վերականգնումը: Գուցե հույս ունեն, որ հայ-թուրքական զարգացումներից հետո, երբ մի քիչ երեսներին ժպտացին, Օբաման զանգեց Սերժիկին, կարող է մեղմացնեն իրենց դիրքորոշումը ֆինանսավորման հարցում: Բայց դրա հետ հույսեր կապելն անիմաստ է, որովհետեւ, այնուամենայնիվ, դա խիստ ժամանակավոր եւ խիստ տեղային նշանակություն ուներ: Համոզված եմ, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով ֆինանսավորումը կարող է վերականգնվել միայն ու միայն ժողովրդավարության, մարտի 1-ի դեպքերի, քաղբանտարկյալների խնդիրների հետ կապված հարցերին լուծում տալուց հետո»:
ԱՂԲՅՈՒՐԸ`