Նիստն ընթացել է դռնփակ
00:00, October 7, 2009 | Մամլո հաղորդագրություններ | Արդար դատաքննության իրավունքՄատաղիսի գործով դատավարության հերթական նիստը հոկտեմբերի 6-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է դռնփակ:
Դատարանն արդեն ավարտել է, այսպես կոչված, ”մեղադրանքի ապացույցներ” – ի հետազոտումը եւ անցել ամբաստանյալների հարցաքննմանը: Դռնփակ նիստի ժամանակ շարունակել է ցուցմունքներ տալ Ռազմիկ Սարգսյանը:
Նախորդ նիստի կեսից, երբ ամբաստանյալ Ռազմիկ Սարգսյանը ներկայացնում էր, թե ինչպես էին ուժային տարբեր կառույցների աշխատակիցներն իրեն պարտադրում հանձն առնել ու պատմել կատարված հանցագործության մանրամասները, ամբաստանյալների պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց նիստը շարունակել դռնփակ:
Հոկտեմբերի 6-ի նիստը եւս անցկացվեց փակ դռների հետեւում:
Արդեն ավարտվել է մեղադրող կողմի միջնորդությամբ ընդգրկված վկաների հարցաքննությունը եւ դատարանն այժմ անցել է ամբաստանյալների հարցաքննման փուլին: Դրանից հետո հրապարակվելու են գործի հետ կապված այն նյութերը, որոնց վրա հիմնվում է մեղադրող կողմը:
Դառնալով ձեռք բերած արդյունքներին` պարոն Ալումյանը նշում է, որ իրավաբանության մեջ գոյություն ունի ”մեղադրանքի ապացույցներ” արտահայտություն եւ մեկ տարի հետազոտելով այդ ապացույցները՝ չի գտնվել մի ապացույց, որով հաստատվեր իր պաշտպանյալների մեղքը:
Հայկ Ալումյանի կարծիքով գործի ամբողջական հետազոտման համար անհրաժեշտ էր մնացած չորս – հինգ վկայի հարցաքննությունը եւս: Նրանցից առավել կարեւորը կլինեին Մատաղիսի զորամասի սպա Իվան Գրիգորյանի պատասխանները, ում անունը բազմիցս հիշատակվել է նիստերի ժամանակ: Սակայն հնարավոր չեղավ ապահովել նրա ներկայությունը, քանի որ բացակայում է հանրապետությունից եւ հայտնի չէ գտնվելու վայրը:
”Ես իմ փորձից գիտեմ, որ ընդհանրապես մարդիկ մեծ սիրով չէ, որ գալիս են դատարան՝ վկայություն տալու, – նշում է փաստաբանը, – երբ խուսափելու հնարավորություն ունեն, մեծ մասամբ խուսափում են: Հիմա Իվան Գրիգորյանը սովորական հիմքերով է խուսափում, թե այլ հիմքեր ունի, ես չեմ կարող գնահատական տալ: Բայց շատ կարեւոր հարցեր կային, որ մնացին օդում՝ Իվան Գրիգորյանի չգալու պատճառով”:
Ամբաստանյալների հարցաքննությունից եւ մեղադրող կողմի համար հիմք հանդիսացող նյութերի հրապարակումից հետո սկսվելու են ամբաստանյալների ու նրանց պաշտպանի միջնորդություններն ու ապացույցների հրապարակումը:
Գյումրիի ”Ցայգ” ՀԸ
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.a1plus.am/am/regions/2009/10/6/mataghis