Քաղաքացիների և իրավապահ մարմինների հարաբերությունները
00:00, September 12, 2009 | Մամլո հաղորդագրություններ2009 թ. սեպտեմբերի 9-ին ”Լոռի” հեռուստառադիոընկերությունով հեռարձակվեց ուղիղ եթեր ”Իրավապահ մարմինների հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեխանիզմները” թեմայով:
Ուղիղ հեռուստաեթերին որպես փորձագետ հանդես եկավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Ա. Սաքունցը գտնում է, որ ոստիկանության աշխատակիցները ավելի օպերատիվ, հետևողական, արդյունավետ աշխատում են այն դեպքերում, երբ քաղաքացին մեղադրվում կամ կասկածվում է քրեական գործով: Իսկ երբ քաղաքացիները իրենց խախտված իրավունքները վերականգնելու նպատակով են դիմում ոստիկանություն, սովորաբար այդ դիմումները չեն արժանանում այն ուշադրությանը, որին արժանանում են զանցանք թույլ տված քաղաքացիների գործերը:
Ա. Սաքունցը նշում է, որ ոստիկանության աշխատակիցները հետևողական չեն լինում, անուշադրության են մատնում այն դեպքերը, երբ քաղաքացիների նկատմամբ զանցանքներ են կատարում հենց իրենց աշխատակիցները:
Ա. Սաքունցը հեռուստաեթերի ընթացքում ներկայացրեց նաև ”Լոռու մարզում արձանագրված ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունների, խոշտանգումների փաստերի վերաբերյալ” զեկույցը: Այն պատրաստվել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից քաղաքացիների դիմումների հիման վրա: Զեկույցում ներկայացված է ինը քրեական գործ, որոնցից ոչ մեկում որևիցէ փաստի վերաբերյալ, որը վերաբերվում է ոստիկանության աշխատակիցների կողմից ոստիկանական բաժանմունքում քաղաքացիների նկատմամբ կիրառված ոտնձգութուններին, հատուկ քննչական ծառայությունը քրեական գործեր չի հարուցել: Հիմնականում այդ գործերը ապացույցներ չլինելու կամ վերացական ձևակերպումներով կարճվել են, ծառայողական քննության նշանակման դեպքում էլ, սովորաբար այն գնահատվում է որպես ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կիրառում, առաջարկվում է նկատողություն, որը չի կիրառվում:
Լինում են նաև դեպքեր, երբ քաղաքացիները դիմում են կազմակերպությանը ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությունների կիրառման փաստով, սակայն հետագայում խնդիրներից խուսափելու համար հրաժարվում են գործին ընթացք տալ:
Ոստիկանության աշխատակիցների նման գործելակերպը, ըստ իրավապաշտպանի, բացառում է նրանց նկատմամբ քաղաքացիների կողմից վստահության ձևավորմանը:
Հիշեցնենք, որ հասարակական քննարկումները և ուղիղ եթերները իրականացվում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող ”ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների զարգացումը և գործունեության արդյունավետության բարձրացումը” ծրագրի շրջանակներում:
”ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը” ծրագիրն իրականացվում է ”Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամ” հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: