ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
00:00, September 10, 2009 | Մամլո հաղորդագրություններ2009 թ. սեպտեմբերի 9-ին Լոռու մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնում /ՀՔԱ Վանաձորի գրասենյակ/ տեղի ունեցավ մամլո ասուլիս:
Մամլո ասուլիսի ժամանակ People in Need կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գալուստ Նանյանը և Լոռու մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Արայիկ Զալյանը լրագրողներին ներկայացրեցին ՙԼոռու մարզի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի կողմից կատարված և առաջիկայում կատարվելիք աշխատանքները՚:
Ա. Զալյանը լրագրողներին տեղեկացրեց, որ 2009 թ. ապրիլից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում միգրացիոն տեղեկատվական կենտրոն են դիմել թվով 32 քաղաքացիներ, որոնցից 13-ը հավանական միգրանտներ են, 14-ը` վերադարձածներ, իսկ 5 քաղաքացի դիմել է բիզնես դասընթացներին մասնակցելու համար:
Կենտրոնում գործում է նաև թեժ հեռախոսագիծ 0800 11 12 հեռախոսահամարով, որից օգտվել է միայն մեկ քաղաքացի:
Քաղաքացիները Լոռու մարզի միգրացիոն կենտրոն հիմնականում դիմել են իրավաբանական և սոցիալական խորհրդատվություն ստանալու նպատակով: Կենտրոն դիմած բոլոր քաղաքացիներին տրվել է համապատասխան խորհրդատվություն: Հատկապես մեծ է պահանջարկը բիզնես կազմակերպման, բիզնես պլանի կազմման վերաբերյալ դասընթացների նկատմամբ:
Ներկայացվեց, որ 3 տարվա ընթացքում ընտրվելու են 25 լավագույն բիզնես ծրագրերը: Մրցույթին կարող են մասնակցել Ռուսաստանի Դաշնությունում կամ Եվրոպայում առնվազը 2 տարի բնակված անձինք:
Ծրագրի շրջանակներում 2009 թ. օգոստոսի 1-ից մինչ սեպտեմբերի 15-ը 3 քաղաքացիների համար ՙԻնֆորմացիոն կենտրոն՚ ՀԿ-ում կազմակերպվել և այսօր էլ ընթացքի մեջ է հայոց լեզվի դասընթացը: Մարզային զբաղվածության կենտրոնների և գործարարների միջև համագործակցության օղակի ստեղծման շրջանակներում 2009 թ. հուլիսի 21-ին Վանաձորում կազմակերպվել է աշխատանքային քննարկում Լոռու մարզի 4 գործատուների, զբաղվածության կենտրոնի մեկ ներկայացուցչի և գործատուների միության նախագահի մասնակցությամբ: Քննակման արդյունքում որոշվել է Լոռու մարզի գործատուների կողմից տրված տեղեկատվության հիման վրա ձևավորել թափուր աշխատատեղերի բազա:
Հիշեցնենք, որ ծրագիրը իրականացվում է Երևան քաղաքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության չորս մարզերում` Գեղարքունիքում, Շիրակում, Կոտայքում և Լոռիում:
Ծրագիրն իրականացվում է PEOPLE IN NEED (PIN) չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից ՙՄիգրացիայի և ապաստանի ոլորտում երրորդ երկրների համագործակցություն՚ թեմատիկ ծրագրի ՙՀայաստանում միգրացիոն հոսքերի կառավարման հզորացում՚ նախագծի շրջանակում: