Իրավախորհրդատվության հուլիս ամսվա արդյունքները Վանաձորում
00:00, August 8, 20092009 թ. հուլիսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 12 քաղաքացիներ:
Այսպես, Վանաձորի քաղաքացիները դիմել են հետևյալ խնդիրներով և տեղեկատվության հարցումներով:
Խնդիրներ
Սեփականության իրավունք
1. ՀՀ տարածքում գտնվող վրացական պետահամարանիշներով ավտոմեքենան տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության տուգանային հրապարակ և այնտեղ պահվել 1ամիս 20 օր: Մինչդեռ մեքենայի պետհամարանիշներն օրինականացնելու համար օրենքով նախատեսվում է, որ մեքենան 1 ամսյա ժամկետը լրանալուց հետո պետք է հատի Բագրատաշենի մաքսային կետը և նոր ամսաթվով գրանցվի ՀՀ տարածքում: Փաստորեն, 1 ամիս 20 օր տուգանային հրապարակում ավտոմեքենան պահելու հետևանքով քաղաքացին հնարավորություն չի ունեցել մեքենան տեղափոխել Բագրատաշենի մաքսային կետ, որի մասին հայտնել է մաքսատուն: Սակայն մաքսակետը հաշվի չի առել մեքենայի տուգանային հրապարակում գտնվելու հանգամանքը և նրա դեմ վարչական դատարան տուգանքի վճարման պահանջ է ներկայացրել մեքենայի արժեքի 10 տոկոսի չափով:
Քաղաքացու համար պատրաստվել է վարչական դատարանին ուղղված հակընդդեմ հայցադիմում, որը դեռևս դատարանի կողմից չի ընդունվել:
2. Առուվաճառքի պայմանագրով քաղաքացին ձեռք է բերել անշարժ գույք, որն իր որակական հատկանիշներով տարբերվել է նախնական պայմանավորվածությամբ վաճառողի կողմից ներկայացված գույքից: Այդ պատճառով էլ խաբեության հիմքով քաղաքացին հաղորդում է ներկայացրել դատախազություն: Ներկայացված հաղորդման կապակցությամբ բացատրություններ տալու համար իրավապահ մարմինները քաղաքացուն հրավիրել են ոստիկանություն, այնտեղ պահել 7 ժամ, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցները նրան ճնշումների, սպառնալիքների են ենթարկել, որպեսզի ետ վերցնի ներկայացված բողոքը:
Քաղաքացու համար պատրաստվել է հաղորդում, որի արդյունքում քաղաքացուն նորից հրավիրել են հարցաքննության, սակայն առանց որևէ սպառնալիքի, ճնշումների:
Դաժան, անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունք
3. Զորակոչիկին առողջական խնդիրներով զորակոչել են բանակ: Զինծառայության ընթացքում առողջության հետ կապված խնդիրները բարդացել են, զինծառայությունը դարձել է փաստացի անհնար, սակայն բանակի անձնակազմի կողմից համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել, միևնույն ժամանակ զորակոչիկին զինծառայությունից չեն ազատել:
Կազմակերպության կողմից պատրաստվել է բաց նամակ` ուղղված ՀՀ պաշտպանության նախարարությանը, որի արդյունքում զորակոչիկին տեղափոխել են ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վնասվածքաբանական բաժանմունք հետազոտման համար, որտեղ էլ նա 2009 թ. հուլիսի 15-ից մինչ օրս` 7 օգոստոսի, հետազոտվում է:
Տեղեկատվության հարցումներ
Սպառողների իրավունք
4. ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ն հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ բաժանորդի` 236.483 դրամ գումարի պահանջի մասին, մինչդեռ քաղաքացին հեռախոսային խոսակցության ծառայությունից չի օգտվել, նրա անձնագրային տվյալներով հետվճարային հեռախոսի քարտ են գրանցել և ինքը չի իմացել այդ մասին:
Քաղաքացու համար կազմակերպության կողմից պատրաստվել է հաղորդում, սակայն քաղաքացին այն չի ներկայացրել, քանի որ խաբեություն թույլ տված անձը ներկայացել է և կատարել վճարումները:
5. Բնակարանի համասեփականատեր հանդիսացող քաղաքացին բացակայում է հանրապետությունից, սակայն քաղաքապետարանից պահանջում են կատարել գույքահարկի համար նախատեսված վճարումները:
Քաղաքացու համար պատրաստվել է քաղաքապետարանին ուղղված դիմում` գույքահարկի չափի վերահաշվարկի խնդրանքով, որը բավարավել է:
Քաղաքացիական իրավունք
6. Քաղաքացու որդին մահացել է Ռուսաստանի Դաշնությունում զինծառայելու ժամանակ, սակայն ՀՀ ՔԿԱԳ-ում չի գրանցվել: Քաղաքացին ինչպե՞ս կարող է գրանցել որդու մահվան փաստը:
Քաղաքացուն բացատրվել է մահվան փաստի գրանցման իրավական հնարավորությունները:
Աշխատանքային իրավունք
7. Քաղաքացին աշխատանքից ազատվելու դիմում է գրել, սակայն ազատման հրամանում հղում է արվել աշխատանքային օրենսգրքի այլ հոդվածի: Քաղաքացին ցանկանում է իմանալ` արդյո՞ք այս հանգամանքը ազդեցություն կունենա իր կենսաթոշակի չափի վրա:
Քաղաքացուն բացատրվել է, որ նշված հանգամանքը կենսաթոշակի չափի վրա որևէ ազդեցություն չի ունենա, միաժամանակ նրան տեղեկացվել է, որ պաշտոնական անփութության հիմքով կարող է հաղորդում ներկայացնել գործատուի դեմ, սակայն քաղաքացին հրաժարվել է:
8. Սնանկության համար դատարանին դիմում ներկայացնող հիմնարկությունը աշխատողների նկատմամբ ունեցած պարտքի գնահատման համար կազմել է համաձայնագիր, որի համաձայն` առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման պարտքը պետք է վճարվի միանվագ: Քաղաքացին ցանկանում է իմանալ` արդյո՞ք սա իրավաչափ է:
Քաղաքացուն բացատրվել է, որ պարտքի գնահատման և դրա միանվագ վճարման հանգամանքը համապատասխանում է ՀՀ օրենքով սահմանված կարգին, բացի այդ, կա ՀՀ կառավարության որոշում, որով առողջությանը պատճառված վնասի չափը նվազագույն աշխատավարձի չափի փոփոխմանը զուգահեռ ենթարկվում է փոփոխության և կարող է ավելացվել:
9. Քաղաքացուն չեն վճարել 4 ամսվա իր աշխատանքի դիմաց վճարվող աշխատավարձը, քաղաքացին ի՞նչ միջոցներ կարող է ձեռնարկել:
Քաղաքացուն բացատրվել է, որ աշխատավարձը կարող է ստանալ դատական կարգով, որի համար պետք է ներկայացնել հայցադիմում, սակայն քաղաքացին առայժմ հրաժարվում է դատարան հայցադիմում ներկայացնել:
Սեփականության իրավունք
10. Վանաձորի քաղաքապետարանը կայացրել է հողամասի վերահատկացման մասին որոշում, որով թույլատրել է բնակելի տան և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը վերահատկացնել քաղաքացուն: Նշված որոշմամբ, սակայն, 37.54 քմ մակերեսով հողամասի իրավական կարգավիճակը չի որոշվել: Հաշվի առնելով այս հանգամանքը` ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Վանաձորի տարածքային ստորաբաժանումը մերժել է գրանցել նշված հասցեի տան նկատմամբ քաղաքացիների համատեղ սեփականությունը և փաստացի բնակարանի սեփականաշնորհում չի իրականացվել:
Քաղաքացու համար պատրաստվել է դիմում` ուղղված համայնքի ղեկավարին` բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման թույլտվություն տրամադրելու կամ վերահատկացված հողամասին իրավական կարգավիճակ տալու խնդրանքի մասին:
11. Քաղաքացու հարևանը շինարարական աշխատանքներ է իրականացնում, ինչի արդյունքում նվազել է իր տուն լույսի ներթափանցման հնարավորությունը, պատը խոնավացել է: Քաղաքացին ցանկանում է իմանալ ինչ կարող է անել վնասը կանխելու համար:
Քաղաքացուն բացատրվել, որ նախ պետք է դիմել համայնքի ղեկավարին` շինարարության իրականացման օրինականությունը պարզելու համար, այնուհետև շինարարության թույլտվության առկայության դեպքում պետք է պահանջել փորձաքննություն` ճարտարապետաշինարարական նորմերին համապատասխանելիությունը ճշտելու համար:
Սոցիալական իրավունք
12. Քաղաքացին աշխատել է արտակարգ իրավիճակների վարչությունում, անցել է կենսաթոշակի, սակայն իրեն վճարվող կենսթաշակի չափը չի համապատասխանում իր զինվորական կոչմանը և աշխատանքային ստաժին:
Քաղաքացու համար պատրաստվել է տեղեկատվության հարցում` կենսաթոշակի նշանակման և դրա չափի հաշվարկման իրավական հիմքերը տրամադրելու պահանջով, որին դեռևս պատասխան չի ստացվել: