Ուղիղ հեռուստաեթեր և քննարկում Ալավերդի քաղաքում
00:00, July 31, 2009 | Քննարկումներ | Ոստիկանություն2009 թ. հուլիսի 30-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում կայացավ հասարակական քննարկում և ուղիղ հեռուստաեթեր ”Իրավապահ մարմինների հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության մեխանիզմները” թեմայով:
Քննարկմանը և ուղիղ հեռուստաեթերին որպես փորձագետ հանդես եկավ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Քննարկմանը մասնակցում էին քաղաքացիներ, այդ թվում մանկավարժներ:
Ալավերդիում կայացած քննարկման ընթացքում Արթուր Սաքունցի կողմից ներկայացվեց քրեական դատավարությանը վերաբերող ազգային օրենսդրության ընդհանուր դրույթները: Նաև հնչեցվեց ՀՀ ոստիկանության տարածքային բաժին բերման ենթարկելու և պահելու օրինական հիմքերը, անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը հարուցված քրեական գործի շրջանակներում, խոսվեց անձի անձեռնմխելիության իրավունքի վերաբերյալ:
Քննարկման ընթացքում Ա. Սաքունցը նշեց, որ իրավապահ մարմինների հետ հարաբերություններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության հարցում մեծ դեր ունի փաստաբանական ինստիտուտը, մասնավորապես` հանրային պաշտպանի ինստիտուտը: Նա ներկայացրեց, որ 2006 թ-ին կազմակերպությունը իրականացրել է Լոռու մարզում իրավական կարողությունների գնահատում, որի արդյունքում բացահայտվել են Լոռու մարզի 5 քաղաքներում իրավական աջակցության համար գործող հնարավորությունները, որի արդյունքում տպագրվել է զեկույց: Կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ Լոռու մարզում կան քիչ թվով փաստաբաններ: Եվ բացակայում է քաղաքացիների պաշտպանության այլընտրանքային տարբերակը:
Արթուր Սաքունցը նշում է, որ եթե քաղաքացիները գումար չունեն փաստաբանին վճարելու համար, կարող են դիմել հանրային պաշտպանին:
Ա. Սաքունցը ներկայացրեց առաջին մի քանի կարևոր դրույթները քաղաքացուն ոստիկանական բաժանմունք հրավիրելու դեպքում, որոնք են.
1. վկայություն չտալ իր կամ իր մերձավոր հարազատների դեմ
2. պահանջել փաստաբանի ներկայությունը
3. մինչև փաստաբանի ժամանումը հրաժարվել ցուցմունք տալ
4. օգտվել զանգելու հնարավորությունից /եթե կասկածյալ է, զանգերը անսահմանափակ են, եթե մեղադրյալ, ունի 1 զանգի հնարավորություն/
5. չստորագրել որևէ փաստաթուղթ առանց ուշադիր ուսումնասիրելու
Ա. Սաքունցը ներկայացրեց նաև քաղաքացիներին ոստիկանություն հրավիրելու կամ բերման ենթարկելու կարգը:
Եթե քաղաքացին կասկածյալ չէ, պետք է նրան ծանուցագիր ուղարկվի, որտեղ նշված լինի ներկայանալու կոնկրետ տեղը, ժամը և պատճառը: Պետք է գրանցվի, թե քաղաքացին, որ պահին է բերվել ոստիկանության բաժանմունք: Ոստիկանական բաժանմունքում քաղաքացուն իրավունք չունեն 72 ժամից ավելի պահել, իսկ եթե պահեն, պետք է նրան տան կարգավիճակ:
Արթուր Սաքունցը խորհուրդ տվեց բոլոր քաղաքացիներին իրենց իրավունքների խախտման դեպքում անպայման դիմել փաստաբանների, իրավապահ մարմինների, իրավապաշտպան կազմակերպությունների և չհաշտվել իրավունքի խախտման հետ:
Քննարկման և հեռուստաեթերի ընթացքում Արթուր Սաքունցը անդրադարձավ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին և տվեց դրանց սպառիչ պատասխաններ:
Նմանատիպ քննարկումները և ուղիղ եթերները շարունակական բնույթ ունեն: Դեռևս
նախատեսվում է առանձին իրավունքների վերաբերյալ քննարկումներ իրականացնել Լոռու մարզի 4 քաղաքներում: Ի դեպ, թեմաները ընտրվում են` քաղաքացիների հետաքրքրություններից ելնելով:
Հիշեցնենք, որ հասարակական քննարկումները և ուղիղ եթերները իրականացվում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող ՙՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների զարգացումը և գործունեության արդյունավետության բարձրացումը՚ ծրագրի շրջանակներում:
ՙՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը՚ ծրագիրն իրականացվում է ՙԲաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի՚ հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: