Պարգևներ ստանում են միայն «լավ տղաները»
00:00, July 9, 2009 | Նորություններ | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողությունՎերջին շրջանում Լոռու մարզի ոստիկանությունն ու դատախազությունն արժանանում են ոստիկանապետի և երկրի նախագահի պարգևներին ու բարձր գնահատանքին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի կարծիքով` այդ պարգևներն այս կամ այն անձին հանձնելը որոշվում է «պալատական շրջանակներում», ընդ որում` այդ պալատն այնքան փակ է, որ որևէ կապ չունի պարգևատրվողների գործողությունների ազդեցության հետ:
Հիշենք, որ մի քանի ամիս առաջ Վանաձորում էր Ալիկ Սարգսյանը, որը հանդիսավոր պայմաններում պարգևատրեց մարզի ոստիկանության մի խումբ աշխատակիցների, որոնց թվում էր Ոստիկանության Լոռու մարզային պետ Անուբախ Համբարյանը: Բոլորովին վերջերս` հունիսի 29-ին, Սերժ Սարգյանի կողմից դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ «Մխիթար Գոշ» մեդալի արժանացավ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, որին վերևներից խստիվ արգելվեց այդ առիթով զրուցել մեզ հետ:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Հայկուհի Հարությունյանը նշում է, որ գրասենյակը բազմիցս դիմել է մարզի դատախազություն` մի շարք գործերի վերաբերյալ ներկայացնելով հաղորդումներ, սակայն դատախազությունը դրանց պատշաճ ուշադրություն չի դարձրել:
Այսպես, օրինակ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բացահայտել է Ստեփանավանի քաղաքապետի տարիներ առաջ կատարած ապօրինի գործողությունները, որոնց արդյունքում ձևական փաստաթղթեր են կազմվել, և մի ընտանիքի բնակարանի սեփականաշնորհման վկայական է տրվել, որն այնուհետ վաճառվել է:
Քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, սակայն որոշ ժամանակ անց նրա նկատմամբ համաներում է կիրառվել, և այսօր էլ նա մնում է Ստեփանավանի քաղաքապետի «պոստին»: Հայկուհի Հարությունյանը նշում է, որ գրասենյակն արձանագրել է ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ ճնշման մի շարք դեպքեր. «Քաղաքացիներին բերման են ենթարկել առանց իրավական կարգավիճակի, առանց համապատասխան ծանուցման»: Իրավաբանն ասում է, որ Վանաձորի քաղաքապետարանի դեմ ուղղված մի գործ է ներկայացվել դատախազություն, բայց արդյունքում դատախազությունն անհեթեթ ձևով է լուծել հարցը. «Քաղաքապետարանը մի որոշում է ներկայացրել, բայց տվյալ փաստաթղթի մեջ եղել է ոչ թե տվյալ անձի, այլ կեղծված ստորագրություն: Իրենք քրեական գործ են հարուցել ոչ թե քաղաքապետարանի, այլ տվյալ անձի դեմ, որ դիմում է ներկայացրել»:
Ա. Սաքունցի կարծիքով` ոստիկանության մարզային բաժանմունքներում մեղադրյալների կամ կասկածյալների նկատմամբ հոգեբանական ճնշումների, ծեծի, բռնության միջոցով ցուցմունքներ կորզելու վերաբերյալ որևէ հաղորդում չի արժանանում ուշադրության, և չեն հարուցվում քրեական գործեր. «Հիմնականում բավարարվում են ծառայողական քննության անցկացմամբ, որոնց արդյունքներով գալիս են այն եզրահանգման, որ դեպք չի եղել և իբր այդ ծեծի ենթարկվածը ստում է»: Իրավապահ մարմինների նկատմամբ մարդկանց վստահությունն այնքան է նվազել, որ մեծ մասն անգամ անհրաժեշտության դեպքում չի դիմում նրանց. «Սա ինչի՞ մասին է խոսում… որ գլխավոր դատախազությունը և նրա կառույցները, որոնք պետք է վերահսկեն պաշտոնատար անձանց և պետական կառույցների կողմից օրենքների սկզբունքների կատարումը, ավելի հովանավորում են պետական կառույցների ցանկացած գործողություն` թե օրինակական, թե անօրինական»:
– Պարոն Սաքու’նց, մարզի քննչական վարչության պետը մեզ տված հարցազրույցում նշել էր, թե բարձրացել է հանցագործությունների բացահայտման մակարդակը, որ ոստիկանները լավ են աշխատում: Վերջերս էլ Ալիկ Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը պարգևներ հանձնեցին մարզի իրավապահներին: Դուք է՞լ եք կիսում այն տեսակետը, թե մարզային ոստիկանները լավ են աշխատում և արժանի են պարգևատրման:
– Մեր մարզում, որտեղ դատախազին սպանում են, և էդ գործը չի բացահայտվում… Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանն այն ժամանակ, երբ սպանեցին մարզի դատախազին, Վանաձորի ոստիկանապետն էր: Նրան քաղաքի ոստիկանության պետի պաշտոնից տեղափոխեցին վարչության պետ` էն դեպքում, երբ Լոռու մարզի դատախազի սպանությունը չի բացահայտվել: Դա սովորական հանցագործություն չէր, մարզի դատախազի սպանություն էր: Եվ նման չբացահայտված գործեր էլի շատ կան: Նման պայմաններում, երբ մարզի դատախազին ու ոստիկանության պետին շնորհավորում են կամ, չգիտեմ, ինչ-որ խրախուսում են, նվերներ կամ շքանշաններ են տալիս, մի քիչ անտրամաբանական է:
– Գուցե այդ նվերներն ու շքանշաննեը նպատակ ունեն հասարակության աչքին բարձրացնելու՞ ոստիկանության աշխատակիցների վարկանիշը:
– Շքանշանների տրամադրումը, նվերների հանձնումը բարձրագույն ղեկավարության գործելակերպն է, որը որևիցե կապ չունի մեր հասարակական պրոցեսների հետ: Սա ինքնաբավ համակարգ է: Իրենք իրենց մեջ ինչ-ինչ չափանիշներից ելնելով, գնահատում են կամ չեն գնահատում: Իրենք իրենց մեջ են որոշում` լավ տղա ա, վատ տղա ա, լավ ծառայող ա, վատ ծառայող ա:
ԱՂԲՅՈՒՐԸ` «Հրապարակ» օրաթերթ