Իրավապաշտպանը հայտնվել է կալանքի տակ
00:00, June 15, 2009 | Նորություններ | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքՈստիկանության բաժանմունքում խոշտանգել են Արշալույս Հակոբյանին
Հունիսի 5-ին՝ Երևանի քաղաքապետի ընտրություններից հինգ օր հետո, Կենտրոն համայնքի ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել Հելսինկյան Ասոցիացիայի անդամ Արշալույս Հակոբյանը, ով որպես դիտորդ ներգրավված է եղել ընտրական գործընթացում:
Բերման ենթարկելիս ոստիկանները Արշալույս Հակոբյանին նախ ծեծի են ենթարկել ոստիկանության բաժանմունք տանելու ճանապարհին՝ մեքենայում, ապա Կենտրոն համայնքի ոստիկանապետի և փոխոստիկանապետի գործուն մասնակցությամբ բռնությունները շարունակվում է տեղ հասցնելուց հետո:
Հունիսի 6-ին Արշալույս Հակոբյանի նկատմամբ հարուցվում է քրեական գործ՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով: Կենտրոն և Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը նույն օրը հնազանդորեն հիմք է ընդունում ոստիկանության ներկայացրած հիմնավորումները և իրավապաշտպանը հայտնվում է կալանքի տակ:
«Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալվել է իրավապաշտպան», հայտարարում է Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը,- «Իշխանությունները մոռացել են դիտորդի անձեռնմխելիության մասին և այսօր դիտորդը հայտնվել է կալանքի տակ»:
Երեկ Արշալույս Հակոբյանին այցելել են Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը, ովքեր և հաստատել են Կենտրոնի ոստիկանության բաժանմունքում իրավապաշտպանին խոշտանգնան ենթարկելու փաստը: Այցելության պահին նրա մարմնի տարբեր մասերում առկա են եղել բռնության հետքերը: Խմբի անդամ, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի հավաստմամբ Արշալույս Հակոբյանը ենթարկվել է դաժան և արժանապատվությունը նվաստացնող անմարդկային վերաբերմունքի: Իրավապաշտպանը համոզված է, որ այս անգամ ոստիկանության թիրախը իրավապաշտպան գործունեությունն է:
«Արշալույսին ծեծելիս ոստիկանապետն անձամբ է թքել նրա վրա՝ հայհոյելով կազմակերպության ղեկավարին ու նրանց ծավալած գործունեությունը: Սա առանձնակի դաժանության դրսևորում է իրավապաշտպանության ու իրավապաշտպանի նկատմամբ: Ոստիկանությունը հատուկ նպատակ է ունեցել նվաստացնել իրավապաշտպանին», հայտարարում է Սաքունցը:
Արշաալույս Հակոբյանի շահերի ներկայացուցիչ Գայանե Խաչատրյանը իր պաշտպանյալի հետ հանդիպման օրը՝ հունիսի 6-ին, Կենտրոնի քննչական բաժնում նրան տեսել է բռնության ակնհայտ հետքերով. «Մարմնի տարբեր մասերում, այդ թվում և դեմքի վրա կապտուկներ կային: Գլխի վրա արյան հետքերով ծակված վերքեր կային»:
Արշալույս Հակոբյանի ձերբակալությունը անմիջականորեն կապված է ընտրությունների օրը Մալաթիա-Սեբաստիա համայնքի տեղամասերից մեկում տեղի ունեցած մի միջադեպի հետ, ինչի կապակցությամբ նա հանցագործության մասին հայտարարությամբ դիմել է Հատուկ քննչական ծառայությանը: Նույն՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/23 տեղամասում է գտնվել նաև Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, ով Արշալույս Հակոբյանի հետ միասին հետևել է ընտրական գործընթացին: Դանիելյանի վկայությամբ այս տեղամասում մթնոլորտը լարված է եղել, սպառնալիքներ են հնչել Հայ Ազգային Կոնգրեսի վստահված անձանց հասցեին: Արշալույս Հակոբյանը, ով մասնագիտությամբ լուսանկարիչ է, փորձել է լուսանկարել տեղի ունեցածը, սակայն հանձնաժողովի նախագահը և ուրիշներ նախ թույլ չեն տվել լուսանկարել, ապա սպառնալով պահանջել են հեռանալ տեղամասից: «Իրավիճակը չսրելու համար որոշեցինք լքել տեղամասը», պատմում է Միքայել Դանիելյանը:
Մայիսի 5-ին ոստիականության Կենտրոնի բաժնից զանգահարում են Արշալույս Հակոբյանին և հրավիրում հարցաքննության, սակայն վերջինս խոստանում է ներկայանալ միայն ծանուցագիր ստանալուց հետո: Նույն օրը ծանուցագրով նրանց բնակարան են այցելում երկու ոստիկաններ և ծանուցագիրը հանձնելու ընթացքում վեճի բռնվում Արշալույս Հակոբյանի հետ: 37 ամյա Արշալույս Հակոբյանի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության պահին ներկա են գտնվել նրա ընտանիքի անդամները՝ կինն ու ծնողները: Երբ ոստիկանները իբրև օգնություն օժանդակ ուժ են կանչել, ևս մեկ ոստիկանի, ամենևին հաշվի չեն առել երկու մանկահասակ երեխաների (2 տարեկան և 36 օրեկան) ներկայությունը:
Միջադեպի կապակցությամբ Ոստիկանությունն իր կայքէջում տեղադրվել սեփական հաղորդագրությունը՝ յուրովի մեկնաբանելով տեղի ունեցածը: «Արշալույս Հ.-ն, գտնվելով ոչ սթափ վիճակում, իր բնակարանում ծանուցագիրը ստանալու կտրոնի վրա ստորագրել է ոչ համապատասխան տեղում, ինչի համար ոստիկանության ծառայողները նրան դիտողություն են արել, սակայն վերջինս հայհոյանքներ է տվել ոստիկանության ծառայողների հասցեին, ծխախոտի այրվող գլանակը նետել ոստիկանի վրա, ստեղծել քաշքշուկ և շարունակելով հայհոյանքները՝ բռունցքով հարվածել նրան և ապտակել մյուս ոստիկանին»: Սակայն իրականությունը բոլորովին այլ է: Ոստիկանների այցելության պահին Արշալույս Հակոբյանը քնած է եղել( Նախորդ օրը նշել էին որդու ծննդյան օրը և ուրեմն քիչ գինովցած է եղել): Ոստիկանները ներխուժել են ննջասենյակ և փորձել են տեղում ֆիքսել Արշալույս Հակոբյանի հարբած լինելու հանգամանքը: Արշալույս Հակոբյանը նրանց դուրս է հրավիրել ննջասենյակից: Իսկ ծանուցագրի վրա սխալ տեղում ստորագրելու պատճառ է դարձել իրավապաշտպանի վատ տեսողությունը (այդ պահին առանց լինզաների է եղել): Ահա և ողջ պատմությունը:
«Ես լավ ծանոթ եմ ոստիկանների աշխատելաոճին: Իմ պաշտպանյալն ընդամենը պահանջել է, որ իր հետ դու-ով չխոսեն և հարգալից վերաբերմունք ցուցաբերեն: Այս հանգամանքն ակնհայտորեն հունից հանել է ոստիկաններին: Նրանք չեն սիրում,երբ իրենց ասում են ինչ անեն կամ ինչպես իրենց պահեն»,- արձանագրում է փաստաբան Գայանե Խաչատրյանը:
Դժվար է պատկերացնել, որ այսօր Հայաստանում կգտնվի մեկը, ով ոստիկանության տարածած հաղորդագրությունը հալած յուղի տեղ կընդունի, թե իբր Հակոբյանն է բռնության հեղինակը, հատկապես 2008-ի մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ ընդդիմության համակիրներին զանգվածային բռնությունների ենթարկելուց հետո, սույն մեղադրանքով հարուցում էին քրեական գործեր հենց ծեծվածների նկատմամբ: Կարճ ժամանակ անց դատարաններում ի հայտ եկան կատարվող խայտառակությունները՝ կեղծիքն ու սուտը հասու դարձան բոլորին և այսօր ոստիկանության նկատմամբ անվստահությունը հասարակության մեջ խորանում է ու խորանում:
Արշալույս Հակոբյանի շահերի պաշտպանը հերքում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ տեղ գտած իր պաշտպանյալին վերագրվող մեղադրանքները:
Գայանե Խաչատրյանը պատրաստվում է վերաքննիչ դատարանում բողոքարկել Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը իրավապաշտպանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:
Հ.Գ. ՀՀ Ոստիականապետ Ալիկ Սարգսյանը պարբերաբար հայտարարություններ է անում, թե հանիրավի նսեմացվում է ոստիկանի կերպարն ու դերը և Ոստիկանությունն ամեն ինչ անում է բարձրացնելու ոստիկանի բարոյական կերպարը: Վերը շարադրվածը այդ ուղղությամբ տարվող «աշխատանքներից» մեկն է:
Չենք զլանա ևս մեկ անգամ կոչով դիմել հարգարժան ոստիկանապետին: «Մի խոշտանգեք սեփական քաղաքացիներին»:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.hra.am/am/events/2009/06/12/arshluys