Լուսաբանվեց ընտանեկան օրենսդրությունը Տաշիրում և Ալավերդիում
00:00, May 21, 2009 | Քննարկումներ | Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք2009թ. մայիսի 19-ին և 20-ին Լոռու մարզի Տաշիր և Ալավերդի քաղաքում կայացան ուղիղ հեռուստաեթերներ և հանրային քննարկումներ «Ընտանեկան հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը» թեմայով, որը կազմակերպել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:
Քննարկմանը և ուղիղ հեռուստաեթերին որպես փորձագետներ ընդգրկված էին ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Էդմոն Մարուքյանը և Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան Արայիկ Զալյանը:
Քննարկումների և ուղիղ եթերների ընթացքում փորձագետների կողմից ներկայացվեցին ընտանեկան իրավունքին վերաբերող ազգային օրենսդրության ընդհանուր դրույթները, ամուսնություն կնքելու, դադարելու պայմաններն ու կարգը, ամուսինների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև ծնողների, երեխաների իրավունքներն ու պարտականությունները, ալիմենտային պարտավորությունները:
Ուղիղ հեռուստաեթերների և քննարկումների ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց հուզող հարցերը և ստանալ սպառիչ իրավախորհրդատվություն:
Քննարկումների ընթացքում քաղաքացիները իրավաբաններին ուղղել են թվով 37, իսկ ուղիղ եթերների ընթացքում՝ 20 հարց:
Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին.
• ամուսնալուծություններին
• ալիմենտի վճարմանը
• ծնողական իրավունքների զրկմանը և վերականգմանը
• ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության բաժանմանը
• հայրության ճանաչման փաստին
• երեխայի որդեգրման կարգին, ծնողազուրկ երեխաների իրավունքներին և այլն:
Փաստաբանների կողմից բոլոր քաղաքացիները ստացան սպառիչ պատասխան:
Նմանատիպ քննարկումները և ուղիղ եթերները շարունակական բնույթ ունեն: Դեռևս
երեքական քննարկումներ առանձին իրավունքներով նախատեսվում է իրականացնել Լոռու մարզի 4 քաղաքներում: Ի դեպ թեմաները ընտրվում են քաղաքացիների հետաքրքրություններից ելնելով:
Տեղեկացնենք, որ քննարկումները և ուղիղ եթերները իրականացվում են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների զարգացումը և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի շրջանակներում:
«ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագիրն իրականացվում է «Բաց հասարակության ինստիտուտի աջակցության հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի և Նիդերլանդների կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: