Թեժ գիծ. Վանաձորում նոր կենտրոնն սպասում է կոռուպցիայի դեպքերի մասին քաղաքացիների ահազանգերին
00:00, January 12, 2009 | Նորություններ | Կոռուպցիայի կանխարգելումՎանաձորում բացվել է Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոն, ուր քաղաքացիները թեժ գծի միջոցով կարող են անանուն բողոքներ ներկայացնել իրենց իրավունքները խախտած պաշտոնյաների հասցեին:
Թեժ գիծն (0 8000 1112) սկսել է գործել անցյալ ամսից: Այն բացվել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ «Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոններ Վանաձոր, Գյումրի և Երևան քաղաքներում» ծրագրի շրջանակներում:
Լոռու մարզի բնակիչներին կաջակցեն Վանաձորում` Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, Շիրակի մարզի կոռուպցիայից տուժածներին` Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբում, իսկ երևանցիներին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ում:
Այս երեք կազմակերպությունները կազմել են կոալիցիա, որոնց հակակոռուպցիոն գործողություններն առաջիկա 4 տարում ֆինանսավորելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման» ծրագիր իրականացնող «Կասալս ընդ ասոշիեյթս» Ինք. ընկերությունը:
Կենտրոնները քաղաքացիներին կտրամադրեն անվճար իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կենտրոնների մասնագետների աջակցությամբ կվերականգնվեն քաղաքացիների խախտված իրավունքները դատական ատյաններում:
Բնակիչներից շատերը դեռ չգիտեն կենտրոնի մասին:
«Եթե ինչ-որ խախտում նկատեմ, անպայման կզանգեմ»,- ասում է 53-ամյա Ռաֆայել Մովսիսյանը: Նա ևս չգիտեր նորաբաց կենտրոնի մասին, քանի դեռ չէր տեղեկացվել:
Կառավարության հակակոռուպցիոն գործողությունները և վերջին շրջանում ակտիվ աշխատանքը Մովսիսյանը խաղ է որակում` առկա լարվածությունը թուլացնելու նպատակով «ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ են դնում»:
Նա կարծում է, որ եթե կոռուպցիոն վարքագծի համար պատժվեն ոչ թե միջին օղակի պաշտոնյաները, որոնք քավության նոխազ են դառնում, այլ` բարձր պաշտոններ զբաղեցնողները, ապա այդ դեպքում կհավատա կառավարությանը:
«Կոռուպցիայի ողնաշարը պետք է կոտրել»,- կոռուպցիայի դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու համար կարծում է Մովսիսյանը:
Վանաձորի հակակոռուպցիոն կենտրոնի աշխատակիցները, չսպասելով թեժ գծի հեռախոսազանգերին, ձեռնամուխ են եղել Վանաձորի և Տաշիրի քաղաքապետարանների գործունեության քննությանը, մասնավորապես, այն դեպքերին, երբ Վանաձորի քաղաքապետն անվարձահատույց տարածք է հանձնել անհատի, իսկ Տաշիրի քաղաքապետը կենտրոնի մտահոգությունն է հարուցել համայնքային բյուջեի հատկացումներով:
«Որոշումների վերլուծության հիման վրա քայլեր կձեռնարկենք, որպեսզի պաշտոնյաները ենթարկվեն վարչական պատասխանատվության՞»,- ասում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, ով Վանաձորի կենտրոնի ղեկավարն է:
Կենտրոնն իր մասնաճյուղերն ունի մարզի մյուս քաղաքներում ևս` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տարածքային ներկայացուցչություններում:
Սաքունցն ասում է, որ հակակոռուպցիոն կենտրոնն առաջին հերթին կառնչվի կոռուպցիայի հետևանքներին, հետո միայն` պատճառներին:
Ըստ Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարի` կոռուպցիայի դեմ պայքարում առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել քաղաքացիների իրազեկության մակարդակը:
«Երբեմն իրենց իրավունքներին անտեղյակ քաղաքացիների մտքով էլ չի անցնում, որ իրենց նկատմամբ կատարվածը հենց կոռուպցիա է, քանի որ կոռուպցիա ասելով` հաճախ հասկանում են կաշառք տալն ու վերցնելը»,- ասում է Սաքունցը:
Նրա խոսքով` հաճախ պաշտոնյաները քաղաքացու անգիտությունն օգտագործում են նրանից կաշառք վերցնելու համար: Եթե այս դեպքը համարվում է կոռուպցիայի փոքր դրսևորումներից, ապա պաշտոնեական դիրքի չարաշահումը հանուն որոշ խմբերի շահերի առավել վտանգավոր է, երբ խտրական մոտեցում է ցուցաբերվում մեկ այլ խմբի` հիմնականում` անապահովների նկատմամբ:
«Այստեղ չկա փող, բայց կա պաշտոնեական դիրքի օգտագործում` խտրական վերաբերմունքի դրսևորմամբ»:
Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնի իրավաբան Հայկուհի Հարությունյանի գնահատմամբ` այդ որոշումները ազդեցություն կունենան նաև օրենսդրության վրա:
«Շատ հաճախ հանդիպող կոռուպցիոն երևույթները հենց օրենսդրական բացերի հետևանք են: Քրեական, քաղաքացիական և վարչական օրենսգրքերով կոռուպցիայի դեպքերի բնութագրման և դրանց համար կիրառվող պատասխանատվությունների միջև լուրջ հակասություններ կան, ավելին` դրանց կիրառման պրակտիկան ավելի է դժվարացնում աշխատանքը»,- ասում է Հարությունյանը: Այս պատճառով էլ կենտրոններն իրենց գործունեությամբ խիստ կարևորում են օրենսդրական փոփոխությունները, որոնց նախաձեռնությամբ հանդես են գալու հետագայում:
Լոռու մարզի հակակոռուպցիոն կենտրոնն առաջիկա երկու տարիներին պրոֆեսիոնալ փաստաբանների հետ մտադիր է 16 գործով դիմել դատարան` հիմնականում նախադեպային նշանակություն ունեցող որոշումներով, որոնք կկիրառվեն նաև այլ դեպքերում:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման» ծրագիրն իրականացնող «Կասալս ընդ ասոշիեյթս» Ինք. ընկերությունը հակակոռուպցիոն կենտրոններ է բացելու նաև հանրապետության մյուս մարզերում:
ԱՂԲՅՈՒՐԸ` http://www.armenianow.com/?action=viewArticle&AID=3493&CID=3352&IID=1217&lng=arm#comments