ԴԱՏԱՎՈՐՆ ՕԳՏԱԳՈՐԾԵՑ ՆՈՒՅՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
00:00, January 13, 2009 | Նորություններ | Քաղբանտարկյալներ«Մարտի 1-ի» մայր գործից անջատված մասով` «7-ի գործով» դատավարությունը չսկսվեց նաեւ այսօր:
Հենց սկզբում գործով տուժող ներկայացածները դատավոր Մնացական Մարտիրոսյանից պահանջեցին վերջապես սկսել դատավորությունը: Հիշեցնենք, որ «7-ի գործին» է միացվել նաեւ մարտի 1-ի 10 զոհերի սպանությունների դեպքերը:
Մարտի 1-ին զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը` Ջեմմա Վարդումյանը, դատավորից պահանջեց իր շահերի պաշտպան ճանաչել իրավապաշտպան Արթուր Սաքունցին` նշելով, որ դատավարությունը չսկսվելու պատճառով մինչ օրս նա չունի իր ներկայացուցիչը դատարանում:
Տուժող ներկայացած Մարտին Երեմյանը դատավորից նույնպես պահանջեց սկսել դատավարությունը: Տուժողների պահանջին միացան նաեւ գործով անցնող մեղադրյալ քաղբանտարկյալները:
Դատավարությունը վերջապես սկսելու տուժողների եւ քաղբանտարկյալների պահանջին հաջորդեց մեղադրող Կորյուն Փիլոյանի հայտարարությունը, որով նա դատավարություն ձգձգելու մեջ մեղադրեց քաղբանտարկյալներին:
Իսկ գործով մեղադրվող պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը նկատեց. «Այդ դուք եք ձգձգում դատավարությունը, որպեսզի իրականությունն այստեղ չբացահայտվի: Դուք ձեր պահվածքով խայտառակում եք մեր ժողովրդին, մեր երկիրը»:
Այսօր քաղբանտարկյալներին կրկին արտահայտվելու հնարավորություն չտալով` դատավոր Մարտիրոսյանը հետաձգեց նիստը մինչեւ հունվարի 16-ը` նույն պատճառաբանությամբ` մեղադրվողները ոտքի չկանգնելով անհարգալից վերաբերմունք են դրսեւորում դատարանի նկատմամբ:
Դատավարությունը կրկին հետաձգելու առիթով իրենց բողոքը արտահայտեցին քաղբանտարկյալները, սակայն նրանց ձայնը այսօր էլ լսելի չէր:
Թեեւ դատարանում լրագրողներին անընդհատ ասում են, որ քաղբանտարկյալների ձայները չեն լսվում, քանի որ նրանք միաժամանակ են խոսում, սակայն փաստն այն է, որ երբ նրանց հետ միաժամանակ խոսում է դատավորը կամ մեղադրողները, նրանց խոսքը շատ հստակ է:
Այսինքն` տեխնիկական անսարքությունը վերաբերում է միայն քաղբանտարկյալների բարձրախոսներին:
Ի դեպ, նախորդ դատավարության ընթացքում մեղադրվող պատգամավոր Հակոբ Հակոբյանը անբարարոյական էր անվանել բոլոր այն պատգամավորներին, որոնք աչք են փակում այս դատավարության եւ երկրում տիրող իրավիճակի վրա:
Նրա այս հայտարարությունից հետո այսօր դատարանում միանգամից մի քանի իշխանամետ պատգամավորներ էին հայտնվել: Հատկապես ԲՀԿ-ական Նաիրա Զուրաբյանի ներկայությունն էլ ավելի սրեց մթնոլորտը: Քաղբանտարկյալները նրան խորհուրդ տվեցին այլեւս չներկայանալ դատարան: Այսօր դատարանից հիասթափված հեռացան նաեւ մարտի 1-ին զոհերի հարազատները:
«Ես ոչ ժամանակ ունեմ եւ ոչ էլ տրամադրություն, որպեսզի ամեն անգամ գամ եւ այս թատրոնին ներկա գտնվեմ»,- «Ա1+»-ին ասաց զոհված Համլետ Հարությունյանի հայրը` Ռոբերտ Հարությունյանը:
Իսկ մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մոր` Ալլա Հովհանիսյանի համար ընդհանրապես անհասկանալի եւ անտրամաբանական է, թե ինչու են սպանությունները միացրել «7-ի գործին»:
«Փաստ է, որ իմ որդին զոհվել է հատուկ միջոցներից եւ այդ հատուկ միջոցները գտնվել են զինվորականների ձեռքին: Կոնկրետ իմ որդու սպանության եւ «7-ի գործի» միջեւ որեւէ կապ չկա: Ինձ զայրացնում է այն, որ իմ որդին զոհվել է զինվորականի ձեռքով, իսկ մեզ ընդգրկել են այս գործում»,-ասաց նա:
Այսօր ամողջ դատավարության ընթացքում դատարանի բակում Համաժողովրդական շարժման անդամները վանկարկում էին «Ազատություն»: