Բաց նամակ` ուղղված ՀՀ պաշտպանության նախարարությանը
00:00, January 8, 2009 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ
2009թ. հունվարի 8-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բաց նամակ է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն` զինծառայող Արմեն Ներսիսյանի իրավունքների պաշտպանության նպատակով` հետևյալ բովանդակությամբ:
Բաց նամակ
Հարգելի պարոն նախարար,
2008 թ. բազմիցս մեր կազմակերպություն է դիմել զինծառայող Արմեն Ներսիսյանի մայրը՝ իր որդու իրավունքների պաշտպանության հարցով:
2008 թ-ի դեկտեմբերի 16-ին մեր կազմակերպությունը դիմել էր Ձեզ՝ հայտնելով, որ զորակոչիկ Արմեն Ներսիսյանը տառապում է սուր գլխացավով, ունենում է քթի հաճախակի արյունահոսություն, ոտքերի շուտ հոգնելու հետևանքով չի կարողանում երկար քայլել, ունի նաև մեջքի և պարանոցի շրջանում ցավեր: Նա ստացել է «Դիսկոգեն ռադիկալապատիա, մշտական ցավային սինդրոմով» ախտորոշումը թաղային բժշկի կողմից, որը հետագայում հաստատվել է հանրապետական բուժզննության ժամանակ: Նա ունի սուր ողնաշարային ցավեր, որոնք նշված չեն ախտորոշման մեջ, հաշվի չեն առնվել տեղական բուժզննման ժամանակ, սակայն հաստատվել է անկախ բժիշկ-փորձագետի կողմից, և զորակոչիկը կարիք ունի բուժման: Մենք խնդրել էինք Արմեն Ներսիսյանի համար նշանակել նոր բուժզննություն կամ հետաձգել նրա բանակ զորակոչվելը վեց ամիս ժամանակով` բուժման նպատակով:
2008 թ-ի դեկտեմբերի 19-ին զորակոչիկ Արմեն Ներսիսյանը ներկայացել է բուժզննության, որտեղ որոշվել է, որ զորակոչիկը պիտանի է ծառայության, և նրա բողոքները իր առողջության վերաբերյալ հաշվի չէին առնվել: Նրան նույնիսկ չի տրամադրվել բուժզննության արդյունքները:
2008 թ-ի դեկտեմբերի 22-ին մենք վերստին դիմել էինք Ձեզ՝ խնդրելով աջակցել Արմեն ներսիսյանի իրավունքների պաշտպանության հարցում և տրամադրել տարկետում՝ բուժման նպատակով:
Այնուամենայնիվ, մենք պատասխան չստացանք մեր որևէ նամակին, որը կասկածի տակ է դնում այն հանգամանքը, թե արդյոք նամակները հասնում են ՀՀ պաշտպանության նախարարին:
2009 թ-ի հունվարի 8-ին քաղաքացի Թամարա Մարտիրոսյանը կրկին մեզ է դիմել, որի որդին՝ Արմեն Ներսիսյանը, այժմ ծառայում է Սիսիանի 60913 զորամասում: Նա զորակոչվել է ՀՀ զինված ուժերում զինծառայության 2008 թ-ի դեկտեմբերի 22-ին՝ չնայած նրա բազմաթիվ առողջական խնդիրներին:
Նույնիսկ զորակոչի օրը՝ դեկտեմբերի 22-ին, Արմեն Ներսիսյանը ողնաշարային սուր ցավեր և ջերմություն է ունեցել: Հասնելով Սիսիանի 60913 զորամաս՝ նրա առողջական խնդիրները ավելի են վատթարացել /ոտքերի նյարդերը ձգվել են, քայլել չի կարողացել, իսկ ջերմությունը բարձրացել է մինչև 39 և ավելին/: Նա դիմել է բուժկետ և այնտեղ պառկել 2 օր: Նույն վիճակով դուրս է գրվել այն պատճառաբանությամբ, որ ավելին իրավունք չեն ունեցել պահել: Մինչ օրս Արմեն Ներսիսյանը գտնվում է նույն վիճակում, չի կարողանում քայլել, սակայն ամեն օր ստիպված է մասնակցել շարային վարժություններին:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ կրկին դիմում եմ Ձեզ հրապարակավ՝ աջակցելու Արմեն Ներսիսյանի իրավունքների պաշտպանության հարցում, այլապես նրա վիճակի հետագա վատթարացման ողջ պատասխանատվությունը կընկնի ՀՀ պաշտպանության նախարարության վրա:
կազմակերպության նախագահ` Ա. Սաքունց