Առաջարկություններ` ուղղված Վանաձորի մանկատանը երեխաների իրավունքների բարելավմանը
00:00, December 10, 2008 | Նորություններ | Երեխաների իրավունքներ2008թ. դեկտեմբերի 8-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում կայացավ Վանաձորի մանկատանն իրականացված մարդու իրավունքների մոնիտորինգի երկրորդ քննարկումը:
Քննարկումը նպատակ ուներ մշակել Վանաձորի մանկատանը բացահայտած խնդիրների լուծման համապատասխան առաջարկություններ` ուղղված ՀՀ կառավարությանը:
Քննարկմանը մասնակցում էին Վանաձորի մանկատան իրավաբանը, Լոռու մարզի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակիցները: Մանկատանն իրականացված մարդու իրավունքների մոնիտորինգի արդյունքների շուրջ կայացած առաջին հանդիպման ժամանակ մասնակիցները համատեղ դասակարգեցին բացահայտված խնդիրները ըստ համակարգային և Վանաձորի մանկատան հատուկ խնդիրների:
Համակարգային խնդիրներից առանձնացվեցին հետևյալները.
• մանկատանն ապրող երեխաներին առանց ծնողական իրավունքի երեխայի իրավական կարգավիճակի սահմանման խոչընդոտը.
Խնդիրը կայանում է նրանում, որ մանկատանն ապրող երեխաների համար առանց ծնողական իրավունքի մնացած երեխայի իրավական կարգավիճակ սահմանելիս Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմինը խոչընդոտներ է ստեղծում:
Համապատասխան իրավական կարգավիճակի բացակայության դեպքում մանկատանն ապրող երեխաները չեն օգտվում պետության կողմից տրվող սոցիալական աջակցությունից` անվճար բուհական կրթություն, բուժսպասարկում և այլն: Թեև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի համաձայն` մանկատանը տեղավորվում են այն երեխաները, որոնց ծնողները կամ միակ ծնողը մահացել է/են, զրկված են ծնողական իրավունքներից, ինքնակամ հրաժարվել են ծնողական պարտականությունների կատարումից, անհայտ են, դատարանի կողմից ճանաչվել են անգործունակ, սահմանափակ գործունակ և այլն: Այսինքն` մանկատանն ապրող երեխաներն արդեն համապատասխանում են այն պայմաններին, որի դեպքում նրանց կարելի է տալ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ: Վանաձորի մանկատան իրավաբանը բազմիցս դիմել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, սակայն խնդիրն այդպես էլ չի կարգավորվել:
Այս կապակցությամբ մասնակիցները որոշեցին առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարությանը` «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության թիվ 381-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու համար: Մասնավորապես` անհրաժեշտ է կա’մ մանկատանն ապրող երեխաներին միանգամից տալ առանց ծնողական իրավունքի մնացած երեխայի կարգավիճակ, կա’մ մանկատան բոլոր սաներին տրամադրել պետության կողմից տրվող սոցիալական աջակցությունը:
• 18 տարին լրանալուց և մանկատնից դուրս գալուց հետո երեխաների բնակարանային խնդրի լուծման հնարավորության բացակայությունը.
Այս առումով ևս անհրաժեշտ է օրենսդրական փոփոխություն իրականացնել, մասնավորապես` պետական հովանավորության տակ վերցնել այն երեխաների բնակարանային սեփականությունը, որոնք մինչև մանկատուն տեղափոխվելը բնակարան են ունեցել: Իսկ մանկատնից դուրս եկող երեխաների համար անհրաժեշտ է ձևավորել համայնքի ենթակայության բնակարանային ֆոնդ, որտեղ կբնակեցվեն բնակարան չունեցող մանկատան սաները:
• Մանկատան սաներին տեղում ինքնուրույն կյանքի նախապատրաստելու ծրագրերի բացակայությունը.
ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են մանկատանն ապրող երեխաների կենսապայմանների նվազագույն չափորոշիչները: Դրանք հիմնականում վերաբերում են մանկատան երեխաների սննդին, հագուստին, կրթությանը և այլն: Այս կապակցությամբ մասնակիցները որոշեցին առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարությանը` մանկատներում երեխաների ինքնուրույն կյանքի նախապատրաստելու ծրագիր կազմելու և իրականացնելու կապակցությամբ: Մասնավորապես` աղջիկների համար տնայնագործություն, իսկ տղաներին որոշակի արհեստների պրակտիկ պարտադիր ուսուցանում:
• Մանկատան երեխաների դաստիարակության և կրթության ցածր որակ.
Այս խնդիրը պայմանավորված է այն հանգամանքով, որ մանկատանը երեխաների դասապատրաստումն իրականացվում է միաժամանակ` մոտ 8-9 երեխայի մասնակցությամբ: Մեկ դաստիարակը միաժամանակ օգնում է տարբեր ուսումնական առարկաներ պատրաստող երեխաներին նույն սենյակում: Մանկատանը դաստիարակ ընդունվելու համար պարտադիր է բարձրագույն կրթությունը, սակայն ոչ մասնագիտացումը: Այս խնդրի լուծման համար մասնակիցները որոշեցին ՀՀ կառավարությանը ներկայացնել հետևյալ առաջարկությունները.
• մանկատանն ունենալ ժամավճարով աշխատող համապատասխան մանկավարժներ կամ հավելավճարով դպրոցում դպրոցի ուսուցիչների մասնակցությամբ կազմակերպել մանկատան սաների դասապատրաստումը
• մանկատան դաստիարակների հաստիքները բաշխել ըստ մանկավարժական համապատասխան մասնագիտացման և հոգեբանության մասնագիտացմամբ:
• Վանաձորի մանկատանը հատուկ խնդիրների շարքում առանձնացվեց երեխաների նկատմամբ աշխատակազմի վերաբերմունքի հարցը.
Մասնավորապես` մանկատանը սահմանված չեն երեխաների հետ վարվեցողության ընդհանուր կանոնները, երեխաների կողմից առաջարկություններ, բողոքներ ներկայացնելու սահմանված կարգը չի գործում:
Այս կապակցությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակն առաջարկել է ձևավորել երեխաներից կազմված խորհուրդ, որի լիազորությունների շրջանակի մեջ կմտնի նաև միջանձնային հարաբերությունների կարգավորմանը մասնակցելը: Քննարկման արդյունքերի հիմնա վրա մշակված առաջարկությունները պետք է ներկայացնել ՀՀ կառավարություն: