Զորակոչը որպես զինված ուժերի նախնական փուլ
00:00, December 9, 2008 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ«Եկեք չլինենք անտարբեր, մենք շահագրգռված ենք, որ մեր զինված ուժերում ծառայեն առողջ տղաներ, հետեւաբար բանակը կլինի կայուն ու ամուր:Մենք պատրաստ ենք համագործակցելու»,- ասաց Արթուր Սաքունցը Տաշիրի «Տաշիրք» հեռուստաընկերությամբ 2008 թ. դեկտեմբերի 8-ին կայացած ուղիղ եթերի ընթացքում, որը նվիրված էր աշնանային զորակոչի գործընթացի եւ դրա ընթացքում զորակոչիկների ու նրանց հարազատների խնդիրներին:
Հեռուստաեթերին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրեց 2008թ-ի ապրիլի 1-ից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի նկատմամբ» ծրագիրը, որի նպատակն է հասարակական վերահսկողության մեխանիզմների ձեւավորումը զինված ուժերի նկատմամբ: Ներկայացվեցին զորակոչի գործընթացը կարգավորող օրենսդրական դրույթները, որոնք նպատակ ունեն իրազեկել զորակոչիկներին եւ նրանց հարազատներին իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին: Նա անդրադարձավ նաև գարնանային զորակոչի ընթացքում իրականացված մոնիտորինգի արդյունքներին` նշելով բացահայտված մի շարք խնդիրներ, որոնցից են զորակոչիկների իրազեկման ցածր մակարդակը, բժշկական հետազոտությունների արդյունքների մատչելիությունը, զինկոմիսարիատ կամ բժշկական հանձնաժողով ներկայանալու համար պահանջվող տրանսպորտային խնդիրը, բժշկական զննության անցկացման կարգի եւ հիվանդությունների ցանկի վերաբերյալ տեղեկատվության անմատչելիությունը, որի պատճառով զորակոչիկը ի վիճակի չի լինում բողոքարկել: Եթերի ընթացքում խոսվեց նաեւ այլընտրանքային ծառայության մասին:
Ուղիղ հեռուստաեթերի ընթացքում քաղաքացիները հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց հուզող հարցերը: Հարցերի ընդհանուր թիվը 5-ն էր, որոնք հիմնականում առնչվում էին զորակոչի գործընթացի ընթացքում առաջացող քաշքշուքներին, զորակոչիկների առողջական խնդիրներին, տարկետման իրավունքին, Հայաստանից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների զինծառայությանը:
«Զորակոչի գործընթացը պետք է լինի հստակ և թափանցիկ: Անմատչելիության հետեւանքով առաջացած դժգոհությունը կարող է վնաս բերել զինված ուժերին: Հստակությունը, կանխատեսելիությունը պետք է գերիշխի. սրանք են մեր պահանջները»,- ընդգծեց Արթուր Սաքունցը:
Այն հեռուստադիտողներին, որոնց խնդիրները պահանջում էին հետագա ուսումնասիրություն խորհուրդ տրվեց այցելել կամ զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ:
Ա. Սաքունցը տեղեկացրեց, որ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներգրավել է անկախ բժիշկ-փորձագետ եւ իրավաբան: Զորակոչի ընթացքում զորակոչիկների մոտ առկա առողջական խնդիրների եւ բժշկական հանձնաժողովների կողմից եզրակացության հետ անհամաձայնության դեպքում, ինչպես նաեւ իրավաբանական խորհրդատվության համար քաղաքացիները հնարավորություն ունեն հանդիպել նրանց հետ:
Ներկայումս իրականացվող աշխատանքների ուսումնասիրությունների ընդհանուր արդյունքները կներկայացվեն ՀՀ Պաշտպանության Նախարարություն, ստացված առաջարկությունների, մեկնաբանությունների և ընդհանուր արդյունքների հիման վրա կկազմվի ամբողջական զեկույց, որը կներկայացվի հանրային քննարկման:
Հարկ է նշել, որ հեռուստաեթերն իրականացվում էր «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի գործընթացի նկատմամբ» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամ- Հայաստանի գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ: