Լևոն Գուլյանի գործում առաջընթաց չկա
00:00, October 18, 2008 | Հայտարարություններ | Ոստիկանություն, Քաղաքացիական վերահսկողությունԼևոն Գուլյանը 2007 թվականի մայիսի 12-ին կանչվել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, հետո տեղափոխվել ՀՀ ոստիկանության շենք:
Ըստ ոստիկանության վարկածի, Լևոն Գուլյանը փախուստի փորձ կատարելիս ընկել է երկրորդ հարկից ու մահացել:
Գուլյանի հարազատների պնդմամբ, Լևոնի մահը ոստիկանների կիրառած խոշտանգումների հետևանք է: Այս գործում շոշափվում են մի շարք բարձրաստիճան ոստիկանների անուններ: Լևոն Գուլյանի մահվան առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ձգձգվել է և տևել շուրջ մեկ տարի: Գործը ստացել է հասարակական լայն հնչեղություն: Լևոն Գուլյանի գործը նախ քննել է դատախազությունը, հետո` հատուկ քննչական ծառայությունը և 2008 թվականի մարտի 12-ին կարճել` հանցակազմի բացակայության պատճառով:
Դատախազությունը 2008 թվականի մարտի 26-ին մերժել էր Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչների միջնորդությունը` վերսկսել գործի քննությունը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Գագիկ Ավետիսյան) 2008 թվականի հունիսի 6-ին բավարարեց գործի քննությունը վերսկսելու Լևոն Գուլյանի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը:
2008 թվականի հուլիսի 21–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (դատավոր՝ Մանուշակ Պետրոսյան), անփոփոխ թողեց Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, մերժելով դատախազության վերաքննիչ բողոքը: Լևոն Գուլjանի մահվան փաստի առթիվ քննվող քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը ճանաչվել էր չհիմնավորված և անօրինական: Նշված քրեական գործով նախաքննությունը վերսկսվել է 2008 թվականի օգոստոսի 16-ին:
Դատարաններն իրենց որոշումներում նշել էին, որ նախաքննությունը չի եղել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ, դրա ընթացքում թույլ են տրվել օրենքի բազմաթիվ խախտումներ, չեն ձեռնարկվել քրեական գործով ճշմարտության բացահայտման համար անհրաժեշտ միջոցառումներ, չի ապահովվել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների մասնակցությունը քննչական գործողությունների կատարմանը, ինչպես նաև պատշաճ իրավական գնահատական չի տրվել ոստիկանության մի շարք աշխատակիցների անօրինական գործողություններին:
Թեև նախաքննության վերսկսման օրից անցել է երկու ամիս, սակայն որևէ դրական տեղաշարժ չկա. շարունակվում են անտեսվել Լևոն Գուլյանի մահվան այլ վարկածները, բացի ոստիկանության երկու աշխատակիցներից, այլ անձինք չեն հարցաքննվել, չի կատարվել մանիկենի օգտագործմամբ քննչական փորձարարություն, որևէ մեկը քրեական գործով չի ներգրավվել որպես կասկածյալ կամ մեղադրյալ, որևէ մեկին չի ներկայացվել որևէ մեղադրանք: Վերջին մեկ ամսվա ընթացքում ընդհանրապես որևէ քննչական կամ այլ դատավարական գործողություն չի կատարվել, համենայնդեպս, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները դրանց մասին չեն տեղեկացվել:
Այսպիսով կարելի է եզրակացնել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը չի կատարում դատարանի որոշումը:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ՝ – Միքայել Արամյան
«Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն» ՀԿ՝ – Միքայել Բաղդասարյան
«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ՝ – Ավետիք Իշխանյան
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ՝ – Արթուր Սաքունց
«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ՝ – Արտակ Կիրակոսյան