Հաղորդում
00:00, September 20, 2008 | Նորություններ | Ընտրական իրավունք2008թ. սեպտեմբերի 19-ին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
Հաղորդում՝ պաշտոնական լիազորություններն անցնելու մասին
2008թ. սեպտեմբերի 4-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն
Գ. Հակոբյանը հարցազրույց է տվել «Արմենպրես» լրատվական գործակալությանը:
Հարցազրույցում Գ. Հակոբյանն անդրադարձել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին, նրա և նրա թիմակիցների կողմից իրականացվող նախընտրական քարոզչության ընթացքին:
Իր խոսքում Գ. Հակոբյանը նշել է, որ դատարանը բավարարել է Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսը գաղտնալսելու մասին որոշումը, քանի որ ամբողջ նախընտրական արշավի ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանի, նրա և նրա թիմակիցների կողմից կազմակերպվող հանրահավաքների և երթերի ընթացքում հնչեցնում էին քաղաքացիական անհնազանդությանը պատրաստ լինելու կոչեր՝ անկախ ընտրությունների վերջնարդյունքից:
Գ. Հակոբյանը իր հարցազրույցում, փաստորեն, արձանագրում է հետևյալ փաստը՝
«Նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները ամբողջ նախընտրական արշավի ընթացքում կազմակերպվող հանրահավաքների և երթերի ընթացքում դրսևորել են քաղաքացիական անհնազանդություն»: ՀՀ օրենսդրությունը քաղաքացիական անհնազանդությունը չի որակում որպես քրեորեն պատժելի արարք:
Ավելին, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված ՄԱԿ-ի «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» նախաբանի 3-րդ պարբերությամբ այն ճանաչվում է որպես քաղաքացիների իրավունք:
Գ. Հակոբյանի որակմամբ Լևոն Տեր-Պետրոսյանի, նրա կողմնակիցների կողմից իրականացված միջոցառումները չեն կարող համարվել քրեորեն պատժելի:
Մինչդեռ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նկատմամբ ձեռնարկվել են այնպիսի միջոցառումներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված արգելված գործողությունների դեպքում:
Փաստորեն, Ազգային անվտանգության ծառայությունը գործել է պաշտոնական լիազորությունների սահմանազանցմամբ, իրականացրել այնպիսի գործողություններ, որոնք չեն համապատասխանում «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքով սահմանված նրանց լիազորություններին:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը, ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածը՝ դիմում եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդման հարուցման հարցով:
Հարգանքներով՝ կազմակերպության նախագահ Արթուր Սաքունց
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին հասցեագրված Ձեր 19.09.2008թ. հաղորդման կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանադրական կարգի պահպանման և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետը, պահպանելով ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրեսգրքի 14-րդ, 56-րդ, 278-րդ, 281-րդ և 285-րդ հոդվածների, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ, 14-րդ, 21-րդ, 22-րդ, 25-րդ և 34-րդ հոդվածների պահանջները, 19.02.2008թ. միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ Ալեքսանդր Արզումանյանի հեռախոսային խոսակցությունների վերահսկում, նամակագրություն, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վերահսկում, արտաքին և ներքին դիտումների իրականացման համար թույլտվություն ստանալու մասին, պատճառաբանելով, որ համապատասխան տվյալներ են ստացվել, որ Ա. Արզումանյանը իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ:
Քննարկելով միջնորդությունը դատարանը 19.02.2008թ. որոշմամբ այն բավարարել է:
Նշված որոշումը Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանի կողմից 26.08.2008թ. բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին, որն էլ պատշաճ իրավական ընթացակարգով քննության առնելով վերաքննիչ բողոքը, այն է՝ դատական ստուգման ենթարկելով Երևան քաղաքի Կենտրոնի և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության 19.02.2008թ. որոշման օրինականությունն և հիմնավորվածությունը, 17.09.2008թ. որոշմամբ մերժել է բողոքը:
Ձեր՝ հանցագործության մասին 19.09.2008թ. հաղորդումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն հանդիսանում է միայն քրեկան գործ հարուցելու առիթ, մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրեսգրքի 175-րդ հոդվածի պահանջի համաձայն քրեական գործը հարուցվում է քրեական օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում, իսկ Ձեր հաղորդումը, ինչպես նաև ՀՀ ԿԱ ԱԱԾ տնօրենի «Արմենպրես» լրատվական գործակալությանը 04.09.2008թ. տված հարցազրույցը չի պարունակում օրենքով սահմանված որևէ հիմք:
ՀՀ ազգային անվտանգության մարմիններում
քննվող գործերով վարչության պետի տեղակալ՝ Հ. Սարգսյան