Մարդու իրավունքների մոնիթորինգ խնամքի կենտրոններում
00:00, September 26, 2008 | Նորություններ | Երեխաների իրավունքներ2008թ. սեպտեմբերի 23-25-ը Վանաձորում կայացավ խնամքի կենտրոններում մոնիթորինգի իրականացման մեխանիզմների ուսուցման դասընթացը: Այն կազմակերպվել էր Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից:
Դասընթացին մասնակցում էին կազմակերպության 11 կամավորներ՝ Լոռու մարզի 4 քաղաքներից: Դասընթացը ներառում էր խնամքի կենտրոններում երեխայի իրավունքների վիճակի մոնիթորինգի անցկացման վերաբերյալ տեսական գիտելիքներ և դրանց կիրառմանն ուղղված գործնական առաջադրանքներ:
Մասնակիցներին ներկայացվեցին երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների գործունեությունը կարգավորող ազգային օրենսդրությունը, միջազգային ստանդարտները: Տրվեցին գիտելիքներ մարդու իրավունքների մոնիթորինգի և իրականացման մեխանիզմների վերաբերյալ:
Եռօրյա դասընթացի ընթացքում մշակվեցին խնամքի կենտրոններում մոնիթորինգի իրականացման հայեցակարգը, ընտրվեցին տեղեկատվության հավաքման մեթոդները, որոնց համար մշակվեցին համապատասխան գործիքներ: Մասնակիցները կազմեցին նաև առաջիկայում խնամքի կենտրոններում իրականացվելիք մոնիթորինգի գործողությունների պլանը:
Այն իր մեջ ներառում է.
• խնամքի կենտրոնների պայմանների դիտարկում
• անհատական հարցազրույցներ խնամքի կենտրոնների տնօրենների և աշխատակիցների հետ
• անհատական հարցազրույցներ խնամքի կենտրոններում գտնվող երեխաների հետ
• հարցումներ երեխաների շրջանում:
Դասընթացի արդյունքում մասնակիցները բաժանվեցին երկու խմբի՝ Վանաձորի թիվ 2 սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնում և Սպիտակի սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնում մոնիթորինգ իրականացնելու համար:
Խնամքի կենտրոններում երեխաների իրավունքների մոնիթորինգ իրականացնելու համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն: Նախատեսվում է մոնիթորինգներն իրականացնել 2008թ. հոկտեմբերի 6-19-ը:
Իրականացված ուսումնասիրությունների հիման վրա կմշակվեն երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների պայմանների բարելավմանն ուղղված առաջարկություններ:
Մոնիթորինգներն իրականացվելու են «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի շջանակներում: