ՀՀ սահմանադարական դատարանը գործը ընդունել է վարույթ
00:00, September 13, 2008 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքՀՀ Սահմանադրական դատարանի որոշմամբ քննության է ընդունվել Մատաղիսի գործով մեղադրյալ Ա. Զալյանի դիմումը:
Ա. Զալյանը վիճարկում է ՀՀ դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի հակասահմանադրականության հարցը:
Ա. Զալյանի նկատմամբ քրեական գործի դատաքննությունն իրականացվում է Հյուսիսային քրեական դատարանի Գյումրիի նստավայրում:
ՀՀ դատական օրենսգրքի համաձայն՝ դատաքննությունը պետք է իրականացվի Հյուսիսային քրեական դատարանի դատավորների մասնակցությամբ: Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ գործի դատաքննության համար ՀՀ հյուսիսային քրեական դատարան են գործուղել ուրիշ դատավորներ: Այս հանգամանքը համարելով Եվրոպական Կոնվեցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտում՝ Ա. Զալյանը բացարկ է ներկայացրել դատավորներին:
Բացարկի հիմքում ընկած է այն հիմնավորումը, որ նման կազմով դատարանը չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված:
Նրա բացարկը դատարանը մերժել է: Փաստորեն բացարկի մերժմամբ և ՀՀ հյուսիսային քրեական դատարանի դատավորներ չհանդիսացող դատավորների մասնակցությամբ գործի քննությունը հակադրվում է ավելի բարձր իրավական ուժ ունեցող իրավական ակտերին՝ ՀՀ սահմանադրությանը, Եվրոպական Կոնվենցիային:
Ա. Զալյանը ՀՀ սահմանադրական դատարանից խնդրում է հակասահմանադրական ճանաչել ՀՀ դատական օրենսգրքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը, որի հիման վրա ՀՀ հյուսիսային քրեական դատարանը տվյալ գործով ձևավորվել է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի կողմից կամայականորեն: Այսինքն՝ օրենքը թույլ է տվել, որպեսզի վճռաբեկ դատարանի նախագահը որոշում կայացնի առանց պատճառաբանելու, թե ինչու է գործուղում այդ 2 դատավորներին և ինչու հենց այս քրեական գործը քննելու համար:
Կամայականության սկզբունքով դատարան ձևավորելու և այդ դատարանի կազմով գործի քննության արդյունքում խախտվում է ՀՀ սահմանադրությամբ և Եվրոպական Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված Ա. Զալյանի արդար դատաքննության իրավունքը:
ՀՀ սահմանադարական դատարանը գործը ընդունել է վարույթ և քննությունը նշանակել է 2008թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 11:00-ին, ՀՀ սահմանադրական դատարանի նիստերի դահլիճում: