Հրամանատարը զորամասում գայլերի ոհմակ է պահել
00:00, August 27, 2008 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքԵրեկ Հյուսիսային քրեական դատարանում բավականին լարված մթնոլորտում շարունակվեց «Մատաղիսի գործի» քննությունը:
Հիշեցնենք, որ 23-ամյա գյումրեցիներ Ռազմիկ Սարգսյանին, Մուսա Սերոբյանին եւ վանաձորցի Արայիկ Զալյանին դեռ մեղադրում են զինծառայողներ Ռոման Եղիազարյանի եւ Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ: Եվ չնայած բոլորին հայտնի է, որ իրական մեղավորը հրամանատար Իվան Գրիգորյանն է, սակայն մեղքը համառորեն փորձում են բարդել երիտասարդների վրա:
Դատական նիստի սկսվելուն պես՝ պաշտպան Ստեփան Ոսկանյանը միջնորդեց դատը հետաձգել. «Ինչպես գիտեք, վճռաբեկ դատարանի նախագահի որոշմամբ, այս գործը քննելու համար Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից երկու դատավոր՝ Մարտին Սարոյանն ու Արմեն Խաչատրյանը գործուղվել էին Հյուսիսային քրեական դատարան, ուստիեւ ես նախորդ դատական նիստին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրի, բայց այն մերժվեց, չնայած պաշտպանական կողմը նշել էր, որ վճռաբեկ դատարանի նախագահի որոշումը հակասահմանադրական է: Մենք էլ ստիպված դիմել ենք Սահմանադրական դատարան: Քանի դեռ չկա Սահմանադրական դատարանի որոշումը, պաշտպանության կողմը գտնում է, որ դատական նիստերը անպայման պետք է հետաձգել»: Սակայն դատարանը մերժեց միջնորդությունը՝ մեկ օրով հետաձգելով դատը:
«Առավոտը» Ռազմիկ Սարգսյանի մորից՝ տիկին Ջուլիետայից հետաքրքրվեց, թե շարունակո՞ւմ են անանուն հեռախոսազանգերով ահաբեկել իր որդուն: Ջուլիետա Սարգսյանն ասաց, որ թեեւ իր վերջին հեռուստաելույթից հետո հեռախոսազանգերը դադարել են, սակայն որդին սթրես է ապրում դատական պրոցեսից առաջ, ոտքերն ու ձեռքերը «քաշվում» են, շարժվել չի կարողանում. «Հարյուր տոկոսանոց առողջ տղայիս բանակ ուղարկեցի՝ ծեծելով-ջարդելով, գլխին գործ սարքելով կիսամարդ սարքեցին, հիմա ի՞նչ են ուզում, տղաս անգամ կլինիկական մահ է տարել, ողնաշարը ծռված է, գլխի վրա ուռուցք կա, երիկամները չեն գործում, քննիչի սենյակում էնքան էին ծեծել, որ արյունը թափվել է ու ստիպել էին բերանով մաքրել այն: Մեռան տղայիս վրա զենք պահել ու ահ տալ՝ համարձակվես ցուցմունքդ փոխել՝ մյուս եղբորդ էլ կմորթենք: Սա երկիր կոչվելու իրավունք ունի՞»: Մուսա Սերոբյանի մայրն էլ մանրամասներ հաղորդեց հրամանատար Իվան Գրիգորյանի մասին: Այն զինծառայողը, ով համարձակվել է ծխախոտ օգտագործել, նույն վայրկյանին նրան դաժանաբար ծեծելով տարել ու փոսի մեջ «սաղ-սաղ» թաղել է: «Մեկին կիսամեռ վիճակում գերեզմանափոսից հանել ու տարել են վերակենդանացման բաժին, նույնիսկ հուղարկավորություններ է կազմակերպել, զինվորներին նասիլկեքի վրա է դրել՝ իբրեւ թե մեռել են, մյուսներին էլ ստիպել է լացել: Եթե Ազգային հերոս է՝ ուրեմն իրավունք ունի՞ մարդ սպանելու, ո՞վ է լսել չաստում գայլեր պահեն, վարժեցրել է, զինվորների վրա է բաց թողել: Զինծառայողների գլուխը երբեմն մտցրել է զուգարանի չաշքի մեջ, որ խեղդի: Ի՞նչ է, կրա՞կն ենք ընկել, որ հանցագործ Իվան Գրիգորյանը Սերժ Սարգսյանի մարտական ընկերն է եղել, եթե անգամ չեք ուզում սրան պատժել, ապա մեր անմեղ էրեխեքին հագիստ թողեք»,- հուզվում է Մարինե Սերոբյանը:
ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://new.aravot.am/am/articles/education/46277/view