Իրավախորհրդատվության հուլիս ամսվա արդյունքները Վանաձորում
August 5, 2008 Զեկույց, Սեփական2008թ. հուլիսին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 16 քաղաքացիներ:
Քաղաքացիների կողմից ներկայացված տեղեկատվության հարցումները վերաբերվել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմերին:
Սպառողի իրավունք
1. «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն բաժանորդին պարտքի վճարման պահանջ է ներկայացրել այն դեպքում, երբ հաշվարկված պարտքի տարիներին բաժանորդը տվյալ հասցեում փաստացի չի բնակվել, ջուր չի օգտագործել:
Մատակարար ընկերության և սպառողի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ սպառողը վճարում է միայն իրեն մատուցված ջրահեռացման և իր կողմից փաստացի օգտագործված ջրի դիմաց: Եթե ջրի օգտագործման փաստական հանգամանքը բացակայում է, ապա բաժանորդը դրա դիմաց վճարելու պարտավորություն չի կրում:
Կազմակերպության կողմից բաժանորդի համար պարտքի վերահաշվարկի պահանջի մասին դիմում է պատրաստվել՝ կից ներկայացնելով տեղեկանք բնակության վայրից, որ նշված տարիներին բաժանորդը տվյալ հասցեում չի բնակվել:
2. «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից ներկայացվել է 430.577 դրամ պարտքը վճարելու պահանջ: Ներկայացված պարտքը առաջացել է ապօրինի միացված ջրագծի համար որպես տուգանք, այնուհետև այդ տուգանքի նկատմամբ տոկոս է հաշվարկվել մոտ 10 տարի: Այդ ընթացքում բաժանորդը ջրաչափ է տեղադրել: Կազմվել է համապատասխան ջրաչափի ընդունման ակտ, ջրաչափի ցուցմունքին համապատասխան յուրաքանչյուր ամիս բաժանորդը կատարել է վճարումներ: Ջրամատակարար ընկերությունը, սակայն, այդ ընթացքում ապօրինի ջրագծի միացման համար որևէ նախազգուշացում կամ տուգանք չի ներկայացրել:
Մատակարար ընկերությունը պարտավորվում է նախապես նախազգուշացնել բաժանորդին վերջինիս անօրինական գործողությունների, դրանց հետևանքների վերացման համար, կազմել համապատասխան ակտ: Նման նախազգուշացում կամ ակտ այդ տարիների ընթացքում բաժանորդին ջրամատակարար ընկերությունը, սակայն, չի ներկայացրել: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կազմակերպությունն օգնել է բաժանորդին դիմում ներկայացնել «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին՝ պարտքը վերահաշվարկելու խնդրանքով: Անհամաձայնության դեպքում այն կբողոքարկվի դատական կարգով:
Սեփականության իրավունք
3. Փաստացի ամուսնացած է եղել, սակայն նրանց ամուսնությունը ՔԿԱ-ում գրանցված չի եղել: Ամուսնուն պատկանող տունը վերանորոգվել է բանկից վերցրած վարկով: Ամուսնու մահից հետո ի՞նչ իրավունքներ ունի տան նկատմամբ:
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձինք ամուսնության ընթացքում ձեռք բերած գույքի նկատմամբ համասեփականության իրավունք չունեն և չեն կարող ձեռք բերել:
4. Առանց առուծախի պայմանագրի 2000 դոլարով գնել է բնակարան: Գնված բնակարանի նկատմամբ իր սեփականության իրավունքը չի գրանցվել, բնակարանը մնացել է նախկին սեփականատիրոջ անունով: Վերջինս հանցագործություն է կատարել, որի համար բնակարանի նկատմամբ բռնագանձում է տարածվել: Ինչպե՞ս կարող է փաստացի գնած բնակարանի նկատմամբ գրանցել իր սեփականության իրավունքը: Առկա է միայն նախկին սեփականատիրոջ կողմից տրված բնակարանը վաճառելու լիազորագիրը, գումարի ստացականը:
Բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու խնդրանքով անհրաժեշտ է հայցադիմում ներկայացնել դատարան: Միաժամանակ անհրաժեշտ է ներկայացնել բնակարանի վաճառքի համար հատկացված լիազորագիրը, գումարի ստացականը:
5. Մայրը եղբորը կտակել է տուն, որը քաղաքացու պնդմամբ պատկանում է իրեն, սակայն սեփականության վկայական չունի: Կարո՞ղ է այդ տան նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերել:
Տվյալ տան նկատմամբ քաղաքացին սեփականության իր իրավունքը հաստատող որեւէ ապուցույց չունի, ուստի սեփականության իրավունքի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ծագման հիմքերից որեւէ մեկի առկայությունը չի կարող ապացուցել:
6. Ամուսնալուծությունից հետո ամուսինը մահացել է, եւ աղջիկը ժառանգել է համասեփականության հոր բաժինը: Արդյո՞ք իրավունք ունի պահանջելու իր բաժնի առանձնացումը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ համասեփականատերերից յուրաքանչյուրը իրավունք ունի պահանջել իր բաժնի առանձնացումը: Եթե կողմերի միջև համաձայնությունը բաժնի առանձնացման վերաբերյալ բացակայում է, դա իրականացվում է դատական կարգով:
7. Հայրական տունը հոր մահից հետո տիրապետում, օգտագործում է, վճարում բոլոր հարկերը, սակայն տունը օրենքով սահմանված կարգով սեփականաշնորհված չէ: Ի՞նչ իրավական հետևանքներ կառաջացնի տան սեփականության իրավունքը չգրանցելը:
Սեփականատիրոջ լիազորությունները լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ է գրանցել սեփականության իրավունքը:
Ժառանգության իրավունք
8. Պապը ցանկանում է ժառանգությունը թողնել թոռնուհուն, սակայն չգիտի, թե իրավական ինչ ձեւակերպմամբ է անհրաժեշտ ժառանգություն կազմել:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ կա ժառանգման երկու հիմք՝ ըստ օրենքի եւ ըստ կտակի: Եթե թոռնուհին միակ ժառանգն է, օրենքի ուժով պապի մահից հետո առանց որեւ իրավական ձեւակերպման ժառանգական գույքը կանցնի թոռնուհուն: Վերջինս պարտավորվում է պապի մահից հետո 6 ամսվա ընթացքում դիմել նոտարական գրասենյակ և ընդունել ժառանգությունը: Եթե կան այլ հնարավոր ժառանգներ, իսկ պապը ցանկանում է իր ժառանգ տեսնել միայն թոռնուհուն, ապա պետք է կազմվի կտակ՝ նոտարական վավերացմամբ:
Սոցիալական իրավունք
9. 1983-2006թթ. «Լուսատեխնիկ» ՓԲԸ-ից ստացել է առողջությանը պատճառած վնասի փոխհատուցում, որը 2007թ. դադարեցվել է: «Լուսատեխնիկ» ՓԲԸ-ն լուծարման գործընթացում է և այլևս առողջությանը պատճառած վնասի փոխհատուցման պարտավորություն չի կրում:
Նախկինում ՀՀ կառավարությունը ստանձնում էր հիմնարկությունների սնանկությունից հետո նրանց փոխարեն առողջությանը պատճառված վնասի փոխհատուցման պարտականությունը: 2004թ. նոյեմբերից, սակայն, կառավարության որոշմամբ պետությունն այլևս պարտավորություն չի կրում վնասների փոխհատուցման համար: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ կառավարությանը, նշված հարցի ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար: Ներկայումս կառավարությունը մշակել է «Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որը դեռևս ուժի մեջ չի մտել:
Քաղաքացիական իրավունք
10. 2006թ. ՌԴ քաղաքացին ձեռք է բերել ՀՀ քաղաքացիություն, ՀՀ անձնագիր, սակայն երկքաղաքացիության մասին չի տեղեկացրել ՀՀ լիազոր մարմնին, որի համար տուգանք է նշանակվել նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի
չափով: Արդյո՞ք օրինական է սահմանված տուգանքը:
Ըստ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքի՝ քաղաքացու կողմից իր երկքաղաքացիության մասին չտեղեկացնելու դեպքում սահմանվում է տուգանք նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:
11.1993թ. դուրս է եկել ՀՀ գրանցումից եւ զինվորական հաշվառումից: Ցանկանում է ձեռք բերել ՌԴ քաղաքացիություն, սակայն Անձնագրերի եւ վիզաների վարչության տարածքային բաժինը անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն չի տրամադրում՝ պատճառաբանելով, որ պետք է պետական պաշտոնական հարցում արվի: Արդյո՞ք այս պատճառաբանությունը իրավական առումով հիմնավոր է:
ՀՀ կառավարության «Անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու կարգը սահմանելու մասին» որոշման համաձայն՝ անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկություն ստանալու իրավասություն ունի նաև հենց ինքը՝ քաղաքացին: Ուստի անհրաժեշտ է համապատասխան գրավոր դիմում ներակայացնել անձնագրի և վիզաների վարչություն:
12. Վավե՞ր է արդյոք քաղաքապետի դիմումն առանց նոտարական վավերացման:
Օրենսդրությամբ քաղաքապետի դիմումը վավեր է, եթե առկա է քաղաքապետարանի կնիքը եւ այն ստորագրված է դիմումը կազմողի կողմից: Դիմումի նոտարական վավերացում անհրաժեշտ չէ:
Աշխատանքային իրավունք
13. Ունի 35 տարի 11 ամիս 4 օրվա աշխատանքային ստաժ, բայց կենսաթոշակային հիմնադրամը հաշվարկում է 32 տարվա ստաժ, քանի որ շինարարական հիմնարկի կողմից տրված տեղեկանքի համաձայն, ոչ բոլոր ամիսներին է աշխատավարձ ստացել: Ինչպե՞ս կարող է աշխատանքային ստաժի վերահաշվարկ իրականացնել:
Անհրաժեշտ է դիմել կենսաթոշակային հիմնադրամ վերահաշվարկի խնդրանքով:
14. Աշխատել է նախկին ԽՍՀՄ գյուղական տնտեսությունում, աշխատանքային գրքույկում համապատասխան նշումներ չի իրականացվել: Արդյունքում աշխատանքի 8 տարվա ստաժը չի գրանցվել կենսաթոշակային հիմնադրամում, իսկ գյուղի արխիվը վառվել է: Որտեղի՞ց կարելի է ձեռք բերել այդ տեղեկությունը եւ ի՞նչ կարգով է հնարավոր գրանցել աշխատանքային ստաժը:
Աշխատանքային ստաժի վերոհիշյալ տարիները կարելի է հաստատել և վերականգնել դատական կարգով: Անհրաժեշտ է համապատասխան հայցադիմումով դիմել դատարան՝ ներկայացնելով գյուղապետարանից պաշտոնական տեղեկանք արխիվի այրման փաստի վերաբերյալ, նաև ներգրավել վկաների:
Ընտանեկան իրավունք
15. Դատարանի որոշմամբ սահմանվել է ալիմենտ կայուն գումարի տեսքով, որը մոտ 10 տարի չի վճարվել: Հնարավո՞ր է արդյոք ստանալ չվճարված ալիմենտի գումարը:
Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջը կամավոր չկատարելու դեպքում այն իրականացվում է ԴԱՀԿ-ի կողմից, որի համար անհրաժեշտ է դիմել դատարան, վերցնել համապատասխան կատարողական վարույթ և այն ներկայացնել ԴԱՀԿ-ին: Եթե քաղաքացին արդեն ստացել է կատարողական վարույթը, դիմել ԴԱՀԿ-ին, բայց ալիմենտը չի վճարվել, անհրաժեշտ է նոր հայցադիմումով դիմել դատարան՝ պահանջելով չվճարված տարիների ալիմենտը: Որպես փաստական ապացույց անհրաժեշտ է ներկայացնել դատարանի նախկին վճիռը, կատարողական վարույթը:
16. Կնոջ հետ գտնվել է փաստական ամուսնության մեջ, այսինքն ամուսնությունն օրենքով սահմանված կարգով չի գրանցվել: Երեխաներ չեն ունեցել: Տունը սեփականության իրավունքով գրանցված է եղել կնոջ անունով, որը մահացել է, կտակ չի թողել: Կարո՞ղ է ինքը ժառանգել կնոջ սեփականությունը:
Տվյալ գույքի նկատմամբ սեփականության իր իրավունքը ճանաչելու համար անհրաժեշտ է դիմել դատարան՝ հիմք ընդունելով տվյալ գույքի տիրապետման վաղեմության ժամկետները:
Related events
-
Զորակոչիկների և զինծառայողների իրավունքներին վերաբերող դասընթացները մարզերում կազմակերպելու համար անհրաժեշտ են կոնտակտային անձինք Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում
September 10, 2018Դասընթացները կազմակերպելու, մասնակիցներին ներգրավելու համար Կազմակերպությունը հավաքագրում է կոնտակտային անձանց Լոռու, Շիրակի, Արարատի, Կոտայքի և Տավուշի մարզերում:
Հետաքրքրվածության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել ինքնակենսագրական (CV) asadikyan@hcav.am էլ. փոստի հասցեով մինչև 2018թ.-ի սեպտեմբերի 18-ը: -
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018 թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացնելու է դասընթացներ ՀՀ-ում զինվորական հաշվառման ենթակա անձանց, զորակոչիկների, զինծառայողների եւ նրանց հարազատների համար
September 10, 2018Դասընթացներին մասնակցելու համար կարող եք գրանցվել asadikyan@hcav.am էլեկտրոնային փոստին նամակ գրելու կամ /0322/ 4 22 68, 094 042268 հեռախոսահամարներով զանգահարելու միջոցով:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակելու գործով վճիռը չհրապարակվեց
September 7, 2018Դատարանը հայտարարել է դատաքննությունը վերսկսելու մասին: Քանի որ անհրաժեշտ է պահանջագիր ներկայացնել Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն՝ ամբաստանյալների՝ դատվածության վերաբերյալ տվյալները ճշտելու համար:
-
Վերաքննիչը հաստատեց. Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարելու համար քրեական գործ կհարուցվի
September 7, 2018ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. սեպտեմբերի 4-ին մերժեց ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Ա. Շահբազյանի բողոքն ու անփոփոխ թողեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Դրանով դատարանը պարտավորեցրել էր ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը քրեական գործ հարուցել Երևանի քաղաքապետարանի դեմ կայացված դատական ակտը չկատարած ԴԱՀԿ աշխատակիցների նկատմամբ:
-
Շանթ Հարությունյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա. Արթուր Սաքունց
September 7, 2018«Իրավիճակը փոխվել է, Հայաստանում թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել: Նրան անազատության մեջ պահելու անհրաժեշտություն չկա: Նրա ազատազրկման խնդիրը քաղաքական իշխանության կողմից կարևոր է»,- ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
-
Խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքն այլևս չի լինի
September 7, 2018Սաքունցի խոսքով՝ պատժի խստացումը նախ և առաջ ունի կանխարգելիչ նշանակություն: «Մենք չենք հավակնում, որ ընտրությունների հետ կապված կաշառք հասկացությունը կվերանա, բայց խստացումն անպայման կունենա կանխարգելիչ նշանակություն: Եվ այն խայտառակ զանգվածային բնույթի ընտրակաշառքը, որն արձանագրվում էր նախկին ընտրությունների ժամանակ, այլևս չի լինի»,- հավելեց նա:
-
Դատարանը վաղը կվճռի՝ Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրվող բժիշկների նկատմամբ լրացուցիչ պատիժ կնշանակվի, թե՝ ոչ
September 6, 2018Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տ․ Սիրադեղյանը օգտվեց ռեպլիկի իր իրավունքից և նշեց, որ պաշտպանական կողմի ներկայացրած փաստաթղթերը՝ սեմինարների, դասընթացների մասնակցության վերաբերյալ, չեն նվազեցնում ամբաստանյալների արարքի հանրային վտանգավորության աստիճանը, ուստի՝ բավարար հիմքեր կան լրացուցիչ պատիժ նշանակելու համար:
-
Ելփին գյուղի ուսուցիչները պնդում են, որ իրենց դեմ բողոքի ակցիաները հրահրել է դպրոցի տնօրենը, և ահազանգում են չարաշահումների մասին
September 6, 2018Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի երեք ուսուցիչներ դիմել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակ և հայտնել, որ նրանց նկատմամբ հետապնդումներ ու ճնշումներ են սկսվել:
-
Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժշկի պաշտպաններն այսօր դատարանում հանդես կգան ամփոփիչ ճառով
September 6, 2018Տեղեկացնում ենք, որ այսօր՝ 2018 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Արաբկիր ԲԿ-ում 2013 թ. հունվարին մահացած 2 տարեկան, 3 ամսական Լիա Միսակյանի մահվան մեջ մեղադրված բժիշկ Զ. Այվազյանի պաշտպանները հանդես կգան ամփոփիչ ճառով:
-
Մահացած ծննդկանի մայրը կասկածում է, որ բժիշկները դստեր մահվան փաստն իրենցից ժամեր շարունակ թաքցրել են
September 6, 2018Ի հաստատումն իր այդ պնդման՝ ասաց, որ երբ դեռ իրենց չէին հայտնել մահվան մասին, ընդունարանի բուժքույրը իրեն ու Հռիփսիմեի սկեսրոջը կանչել է սենյակ, չափել ճնշումը ու ինչ-որ դեղ տվել, ապա հյուրասիրել իրենց իսկ բերած շոկոլադից՝ ասելով. «Կերեք, որ դիմանաք»:
-
Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ. Սաքունց
September 5, 2018«Մենք չենք սպասելու, գործելու ենք, սա միայն իշխանության անելիքը չէ, հասարակությունը, քաղհասարակությունը, փորձագիտական շրջանակները, հակված լինելով այդ փոփոխությունների, պետք է աշխատեն այդ ուղղությամբ»,-եզրափակեց Արթուր Սաքունցը, հավելելով որ իշխանությունը միայնակ չի կարող կատարել այդ փոփոխությունները օբյեկտիվ պատճառներով, որոնցից առաջինը խորհրդարանաում ձայների 7 տոկոսին տիրապետելն է:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է մրցույթ գրասենյակի Երևանի ներկայացուցչությունում իրավաբանի թափուր հաստիքի համար
September 5, 2018Դիմել՝ ուղարկելով հայերեն լեզվով ինքնակենսագրական (PDF ֆորմատով) ssukiasyan@hcav.am էլ. փոստի հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով «Իրավաբանի թափուր հաստիք»:
Դիմելու վերջնաժամկետ՝ 2018 թ.-ի սեպտեմբերի 15: