Անվճար իրավախորհրդատվություն Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքներում
00:00, June 30, 20082008թ. ապրիլին Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավական խորհրդատվության Ստեփանավանի, Ալավերդու, Տաշիրի և Սպիտակի կենտրոններ անվճար իրավախորհրդատվություն ստանալու համար դիմել են 24 քաղաքացիներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբանները քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին պատասխաններ են տվել տեղերում՝ նրանց համար իրավախորհրդատվություն իրականացնելով:
Նշենք, որ նախօրոք մշակված ձևի համաձայն կենտրոններ դիմած քաղաքացիների խնդիրները գրանցվել են հատուկ գրանցամատյաններում:
Այսպես, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Լոռու մարզի Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր և Սպիտակ քաղաքների կենտրոններ քաղաքացիները դիմել են հետևյալ հարցերով.
Ալավերդի
Ալավերդի քաղաքում քաղաքացիների կողմից բարձրացված 1 խնդիրը վերաբերվել է խախտված աշխատանքային իրավունքին:
1. Քաղաքացի Ա.Մ.-ն և այլոք /մոտ 70 քաղաքացիներ/ 2007թ. գարնանը աշխատանքային պայմանագրով աշխատանքի են անցել «ՋԻ ԷՄ Մաղարո» ՓԲԸ-ում: Սակայն «ՋԻ ԷՄ Մաղարո» ՓԲԸ-ն Ա.Մ.-ի և մոտ 50 աշխատակիցների աշխատավարձերը չի վճարել, ավելին՝ աշխատանքի ընդունելուց մոտ 6 ամիս անց հավաքել է աշխատողների աշխատանքային պայմանագրերը դրանցում որոշակի փոփոխություններ իրականացնելու նպատակով, սակայն այդպես էլ չի վերադարձրել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ստանձնել է «ՋԻ ԷՄ Մաղարո» ՓԲԸ-ի նախկին աշխատակիցների իրավունքների պաշտպանության հարցը, որը դեռևս ընթացքի մեջ է: Կազմակերպությունը նախ պարզել է, թե ում է պատկանում «ՋԻ ԷՄ Մաղարո» ՓԲԸ-ն, այնուհետև պատրաստվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան միջոցառումները: Արդյունքների մասին տեղեկությունները կհրապարակվեն լրացուցիչ կարգով:
Քաղաքացիների կողմից ներկայացված տեղեկատվության հարցումները վերաբերվել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմներին:
Սոցիալական իրավունք
1. Կենսաթոշակի ավելացումը հի՞մք է արդյոք պետական նպաստներից ընտանիքին զրկելու:
2008թ. հունվարի 1-ին պետական կենսաթոշակների ավելացմանը զուգահեռ համապատասխան փոփոխություններ է իրականացվել «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում: Այդ փոփոխությունների համաձայն՝ փոփոխվել է ընտանիքի անապահովությունը գնահատող միավորի հաշվարկման կարգը և սահմանային միավորը: Սահմանային միավորի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվում ընտանիքի բոլոր դրամական մուտքերը և ծախսերը, այդ թվում և կենսաթոշակները: Ուստի կենսաթոշակի նույնիսկ հարյուր դրամ ավելացումը կարող է ընտանեկան նպաստի վճարումը դադարեցնելու հիմք հանդիսանալ:
2. Հաշմանդամության կարգ ունեցող, նպաստառու քաղաքացին օգտվու՞մ է արդյոք պետության կողմից սահմանված սոցիալական օգնություններից:
ՀՀ «Հաշմանդամների սոցիալական աջակցության մասին» օրենքի համաձայն՝ հաշմանդամության խումբ ունեցող քաղաքացիների համար նախատեսվում է սոցիալական աջակցություն՝ կենսաթոշակների տեսքով, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական կամ այլ միջոցների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ պրոթեզաօրթոպեդիկ պարագաների և վերականգնողական պարագաների տեսքով:
Ընտանեկան իրավունք
3. Ամուսնալուծությունից հետո ի՞նչ պարտավորություններ է կրում հայրը իր անչափահաս երեխայի նկատմամբ, երբ երեխայի խնամակալը օրենքով սահմանված կարգով հանդիսանում է տատիկը /մոր մայրը/:
Հայրը պարտավոր է օրենքով սահմանված կարգով երեխայի համար ապրուստի միջոց՝ ալիմենտ, վճարել նրա օրինական ներկայուցուցչին, այսինքն՝ խնամակալին: Խնամակալին վերապահված են օրենքով սահմանված կարգով ծնողին վերապահված բոլոր իրավունքները:
Տեղեկատվության իրավունք
4. Ինչպե՞ս կարող է քաղաքացին ճշտել՝ գործում է արդյոք արտադրական կոոպերատիվը:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների /ՍՊԸ/, նախկին կոոպերատիվների, բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը օրենքով սահմանված կարգով տնօրինում է ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրը:
Տվյալ դեպքում անհրաժեշտ է գրավոր տեղեկատվություն ստանալու հարցման ձևով դիմել ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի տվյալ տարածքային կենտրոն, որտեղ գործել է կոոպերատիվը և վճարել պետական տուրք 1000 դրամ:
Ստեփանավան
Ստեփանավան քաղաքում բարձրացված 1 խնդիրը վերաբերվել է սեփականության իրավունքի խախտման փաստին, մյուսը՝ աշխատանքային իրավունքին:
Սեփականության իրավունք
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից կայացված անօրինական որոշման արդյունքում խախտվել է Ստեփանավանի բնակիչ Է.Թ.-ի սեփականության իրավունքը: Է.Թ.-ին սեփականության իրավունքով պատկանող բնակարանի հասցեում առանց իր իմացության հաշվառվել են 5 անձինք: Այս փաստի հիման վրա Է.Թ.-ին քաղաքապետարանի որոշմամբ հատկացվել է 4 սենյականոց բնակարան՝ որպես 6 անձից բաղկացած ընտանիքի: Իրականում այդ ընտանիքի անդամ է հադիսացել միայն Է.Թ.-ն, որն էլ ստացել է բնակարանի սեփականության վկայականը: Սեփականության իրավունքով Է.Թ-ին հատկացված բնակարանն այնուհետև առանց նրա տեղեկացվածության վաճառվել է մեկ այլ անձի կողմից:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համապատասխան հաղորդում է ուղարկել Լոռու մարզի դատախազ Կ. Շահբազյանին: Լոռու մարզի դատախազ Կ.Շահբազյանը գրությամբ տեղեկացրել է կազմակերպությանը, որ գործը համապատասխան փաստաթղթերով ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՔՎ Լոռու մարզի քննչական բաժին՝ այն ընթացք տալու նպատակով:
Աշխատանքային իրավունք
2. Քաղաքացիները աշխատանքային պայմանագրով աշխատել են թաղամասային հիմնարկում, որը մի քանի ամիս չի վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը, հետագայում այն լուծարվել է և չունի իրավահաջորդ: Հնարավո՞ր է արդյոք ստանալ սնանկ ճանաչված կազմակերպությունից կուտակված ամիսների չստացված աշխատավարձերը:
ՀՀ օրենսդրությամբ աշխատանքային իրավահարաբերությունների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում աշխատանքի պետական տեսչությունը: Այսինքն՝ մինչև տվյալ ՍՊԸ-ի սնանկ ճանաչվելը աշխատանքի պետական տեսչությունը կարող էր կանխել աշխատանքային իրավունքի խախտումը: Այս դեպքում, սակայն, քաղաքացին ժամանակին չի դիմել աշխատանքի պետական տեսչությանը:
Սնանկ ճանաչվելուց հետո ՀՀ «Սնանկության մասին» օրենքի համաձայն՝ իրականացվում է տվյալ ՍՊԸ-ի գույքի գնահատում, վաճառք, այնուհետև ՍՊԸ-ի ունեցած պարտքերի մարում՝ ըստ հերթականության: Աշխատավարձի պարտքը գտնվում է չորրորդ հերթում: Եթե տվյալ ՍՊԸ-ի գույքից առաջացած գումարը բավարար չէ բոլոր հերթի պարտքերը մարելու համար, դրանք փաստացի մարման ենթակա չեն: Փաստորեն, այս առումով օրենքը որոշակի թերություններ է պարունակում, ինչի արդյունքում էլ քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնման որևէ իրավական մեխանիզմ չի գործում:
Քաղաքացիների կողմից ներկայացված տեղեկատվության հարցումները վերաբերվել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմներին:
Ընտանեկան իրավունք
1. Ի՞նչ կարող է անել քաղաքացին, երբ անձնագրի մեջ նշված անունը չի համապատասխանում այլ փաստաթղթերի մեջ գրված անվանը և բնականաբար չի կարողանում կնքել որևէ գործարք:
Քաղաքացին պետք է դիմի դատարան իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, այսինքն՝ փաստաթղթերում տարբեր անուններով հանդես եկող միևնույն անձի ինքնությունը՝ անունը, հաստատելու համար:
Անձնական անձեռնմխելիության իրավունք
2. Ի՞նչ կարող է անել քաղաքացին, երբ հարևանը անվաjել խոսքերով վիրավորում է իրեն:
Վիրավորանքը քրեորեն պատժելի արարք է, որի համար տուժողը պետք է գրավոր դիմի իր բնակության վայրի ոստիկանությանը:
3. Դատարանի որոշմամբ սահմանվել է ալիմենտ, բայց որոշումը չի կատարվում: Ինչպե՞ս կարելի է ստանալ ալիմենտը:
Ըստ քաղաքացիական դատավարության և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը պարտապանի կողմից կամովին չկատարելու դեպքում այն իրականացվում է դատական ակտերի հարկադիր կատարման մարմինների կողմից: Անհրաժեշտ է դատարանից վերցնել տվյալ վճռի կատարողական թերթը և ներկայացնել վճիռը կայացրած դատարանի գտնվելու վայրի դատական ակտերի հարկադիր կատարման մարմին:
Բնակարանի իրավունք
4. Աղետի հետևանքով բնակարանը կորցրած ընտանիքները ապահովվու՞մ են արդյոք բնակարանով:
2008թ. կառավարության ծրագրում ներառնված է աղետի հետևանքով բնակարանը կորցրած Ստեփանավանի 56 ընտանիքի բնակարանային խնդրի լուծումը: Անհրաժեշտ է գրավոր դիմել համայնքի ղեկավարին՝ իմանալու, թե արդյոք ընդգրկված է ինքը այդ հերթացուցակի մեջ և ո՞ր հերթում է:
Սոցիալական իրավունք
5. Օգտվու՞մ են արդյոք Հայրենական պատերազմի վետերանները հարկեր, տուրքեր և կոմունալ վճարումներ կատարելու արտոնություններից:
«Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ միայն հաշմանդամ վետերանները իրավունք ունեն բնակարանի, աղբահանության, հեռախոսի և ռադիոյի վճարները վճարել 50 տոկոս զեղչով: Այլ արտոնություններ սահմանված չեն:
Սպիտակ
Սպիտակ քաղաքում քաղաքացիների կողմից ներկայացված տեղեկատվության հարցումները վերաբերվել են թե° մարդու իրավունքներին, թե° տվյալ օրենքի կիրառումն ապահովող սահմանված օրենսդրական մեխանիզմներին:
Ընտանեկան իրավունք
1. Օրենքով սահմանված կարգով ամուսնությունը չի գրանցվել, սակայն երեխաների հայրությունը ճանաչվել է: Երեխաների հայրը 2-րդ խմբի հաշմանդամ է: Կարո՞ղ է արդյոք երեխաների համար ապրուստի միջոց՝ ալիմենտ, ստանալ:
ՔԿԱ մարմնում ամուսնության գրանցված չլինելու հանգամանքը չի ազատում ծնողին երեխաների նկատմամբ ունեցած իր պարտականություններից, ուստի այն ծնողը, ում խնամքին է հանձնվել երեխաների խնամակալությունը, կարող է մյուս ծնողից պահանջել ապրուստի միջոց՝ ալիմենտ: Եթե փոխադարձ համաձայնությամբ ալիմենտ չի վճարվում, անհրաժեշտ է դիմել դատարան: Եթե ալիմենտ վճարող ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, դատարանը կարող է օրենքով սահմանված կարգով պակասեցնել ալիմենտի չափը, բայց չի կարող ազատել նրան ալիմենտ վճարելու պարտականությունից:
2. Երեխայի հիվանդության հետ կապված լրացուցիչ ծախսերի նկատմամբ ի՞նչ պարտականություն է կրում այն ծնողը, ով արդեն ալիմենտ է վճարում:
Երեխայի հիվանդության հետ կապված լրացուցիչ ծախսերը կրելու ծնողների մասնակցության կարգը և չափը /կայուն գումարի տեսքով/ որոշվում է դատական կարգով:
Սոցիալական իրավունք
3. Նախատեսու՞մ է արդյոք պետությունը բնակարանի աջակցություն սոցիալապես անապահով ոչ աղետի հետևանքով մշտական բնակության վայր չունեցող ընտանիքների համար:
2008թ-ի կառավարության ծրագրով նման աջակցություն չի նախատեսվում:
Սեփականության իրավունք
4. Կարո՞ղ է արդյոք զավակը ծնողներից պահանջել սեփականության իրավունքով նրանց պատկանող անշարժ գույքը կամ նրա մի մասը նրանց կենդանության օրոք:
Սեփականության իրավունքով անձին պատկանող գույքի նկատմամբ այլ անձինք որևէ իրավասություն չունեն, անգամ եթե նրանք հանդիսանում են սեփականատիրոջ ծնողները, զավակները, քույր-եղբայրները: Ծնողների սեփականության նկատմամբ երեխաները կարող են իրավունքներ ձեռք բերել միայն ըստ օրենքի ժառանգության դեպքում նրանց մահից հետո: