Ֆիլմն ընդդեմ հիշողության. Վանաձորի «Արցախ» պուրակը վաճառվում է կինոթատրոնային ընկերությանը
00:00, June 10, 2008 | Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունՎանաձորցիների համար «Արցախ» զբոսայգին եղել է Արցախի ազատության և անկախության խորհրդանշանը: Շուտով այն կվերածվի ժամանցի վայրի` մեծ կինոթատրոնով:
2005թ. քաղաքային իշխանությունները այն գնելու առաջարկ ստացան «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ից: Վանաձորի կենտրոնում գտնվող 5.000 քառակուսի մետր մակերեսով պուրակի կեսը 2006 թ. վաճառվեց «Պարադիզ» ընկերությանը պատկանող «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ին:
Լսելով վաճառքի մասին` բնակիչներից շատերը հարցնում էին. «Ինչո՞ւ հատկապես պուրակը»: Նրանք մինչև հիմա չեն մոռացել պուրակի նշանակության մասին: «Արցախ» պուրակը ընդգրկված է ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում: 1980-ականներից այն համարվում է տեղական նշանակության հուշարձան:
«Այստեղ տեղի են ունեցել Արցախյան ազատամարտին և Հայաստանի անկախությանը սատարող հանրահավաքներ»,- նշված է պետական ցուցակի «Ծանոթություն» բաժնում:
«Արցախի» բեմահարթակից են Խորհրդային Հայաստանի քաղաքացիները հնչեցրել անկախության և Լեռնային Ղարաբաղի՝ մայր հայրենիքին վերամիավորվելու կոչերը: Պուրակից են հուղարկավորվել Արցախի ազատության համար զոհված 7 վանաձորցիները («Արցախում» հանրահավաքները շարունակվել են նաև անցած տարիներին՝ հանդիսանալով քաղաքական գործիչների, հիմնականում` ընդդիմության, բեմահարթակը):
Արցախյան հերոսամարտը խորհրդանշող պուրակի պահպանմանն ուղղված վանաձորցիների պահանջներին քաղաքապետ Սամվել Դարբինյանը ականջալուր չեղավ: 2006թ. մեկ միլիոն 441 հազար դրամով (այն ժամանակ մոտ $40.000) աճուրդով այն վաճառվեց:
Աճուրդի միակ մասնակիցը «Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ-ն էր: Վանաձորցիներից շատերի, այդ թվում նաև` հուշարձանների պահպանության ոլորտի մասնագետների համար պուրակի վաճառքը գաղտնի էր մնացել:
Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության գիտաշխատող Հրաչիկ Մարուքյանը ասում է. «Պուրակն ունի Արցախյան շարժման պատմություն, որը [պատմական] արժեք է, իսկ կինոթատրոն կառուցելով` կունենանք կինոյի պատմություն՝ հերքելով ոգեշնչված շարժումը»:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը կարծում է, որ հուշարձանը վաճառելով խախտվել են ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ հողային օրենսգիրքն ու «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքը:
Պուրակը վաճառվել է քաղաքապետի որոշմամբ՝ առանց ավագանու համաձայնության: ՀՀ Սահմանադրության «Տեղական ինքնակառավարում» գլուխը ամրագրում է տեղական ինքնակառավարման մարմնի լիազորությունները, որոնք միաժամանակ պատկանում են համայնքի ղեկավարին և ավագանուն:
«Այս դեպքում՝ առանց ավագանու իմացության ու համաձայնության քաղաքապետի կայացրած որոշումը հակասահմանադրական է»,- Դարբինյանի որոշումն է գնահատում փաստաբանը:
Մյուս կողմից` նա օտարման ենթակա չի համարում Հողային օրենսգրքի 60 հոդվածով համայնքի սեփականություն համարվող պատմական և մշակութային արժեքների օբյեկտները:
Բացի այդ, «Արցախ» պուրակը որպես տեղական հուշարձան վաճառելուց հետո այդ տարածքում կինոթատրոնի կառուցումը Թումանյանը որակում է որպես հուշարձանի նպատակային նշանակության փոփոխում: Եթե նույնիսկ օրենքը թույլ է տալիս օգտագործել հուշարձանն իր տարածքով, ապա միմիայն դրա բնույթն ու նշանակությունը պահպանելու պայմանով:
«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 38 հոդվածն ասում է. «Հուշարձանների օգտագործումը տնտեսական և այլ նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը համապատասխանում է հուշարձանի բնույթին, չի վնասում հուշարձանի անվտանգությունը, չի նսեմացնում կամ աղճատում դրա պատմական, գիտական և գեղարվեստական արժեքը»:
Պատմական միջավայրի պահպանության Լոռու մարզային ծառայության պետ Արմեն Գերյանը պուրակի վաճառքը անօրինական չի գնահատում: Գերյանն ասում է, որ «Արցախի» պարագայում առկա է կառավարության թույլտվությունը:
Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ Տիգրան Պապանյանը այս դեպքը համարում է եզակի, երբ ապահովվել է «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքով սահմանված հանրային իրազեկման դրույթի իրականացումը:
Տեղական հուշարձանը մասնավոր անձի սեփականությանը հանձնելը Պապանյանը բացատրում է ժամանակակից կինոթատրոնի անհրաժեշտությամբ:
Վանաձորում կինոթատրոն չկա: Խորհրդային ժամանակների «Երևան» կինոթատրոնը տարիներ առաջ դադարել է որպես այդպիսին գործելուց: Վանաձորի կինոսիրող հասարակության մշակութային պահանջները բավարարում է միայն մշակույթի պալատը, որն ունի կինոսրահներ:
«Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ փոխտնօրեն Նորայր Ազատյանը, իրենց փորձից ելնելով, ավելի ապահով է համարում տարածքի ձեռքբերման` ոչ թե վարձակալության, այլ գնելու տարբերակը: Ապագա կինոթատրոնի նախագիծը արդեն պատրաստ է: Այն վանաձորցի հանդիսատեսին է ներկայանալու մեծ և փոքր դահլիճներով: 250 տեղանոց մեծ և 50 տեղանոց դահլիճներով կինոթատրոնը ապահովված է լինելու գերժամանակակից թվային սարքավորումներով:
«Արցախ» պուրակը՝ որպես հուշարձան լինելու փաստը Ազատյանը համարում է ասեկոսեներ ու հավատացնում, որ իրենք տարածքը գնել են օրենքի սահմաններում:
«Արցախ» պուրակի կենտրոնում կառուցվող 8 մետր բարձրությամբ կինոթատրոնի շենքը գրավելու է պուրակի 800 քառակուսի մետր տարածքը: Մնացած մասը ներդրողը բարեկարգելու է:
Ազատյանը վստահեցնում է, որ Վանաձորի կինոթատրոնը ոչնչով չի զիջի «Մոսկվա» կինոթատրոնին, իսկ վանաձորցի կինոդիտողը հնարավորություն կունենա Հայաստան ներմուծված ֆիլմերի պրեմիերաները դիտել Վանաձորում:
ԱՂԲՅՈՒՐԸ՝
www.armenianow.com
Նաիրա Բուլղադարյան
«ԱրմենիաՆաուի» Վանաձորի թղթակից