Ավագանին չի հաստատում համայնքի բյուջեն
00:00, June 10, 2008 | Նորություններ | Տեղական ժողովրդավարություն, Քաղաքացիական նախաձեռնությունների աջակցությունԼոռու մարզի 370 բնակիչ ունեցող Քարկոփ համայնքը գտնվում է Ալավերդի քաղաքից 30 կմ հեռավորության վրա: Խորհրդային տարիներին բանվորական ավան Քարկոփը տարածաշրջանում հայտնի էր իր խճի գործարանով, որտեղ աշխատում էին ավանի հիմնական աշխատուժը կազմող շուրջ 100 բանվորներ:
Ներկայումս գործարանը սեփականաշնորհվել եւ կոչվում է «Այրումի լեռնագործ» ԲԲԸ: Ընկերության սեփականատեր վանաձորցի Սեյրան Առաքելյանը տեղեկացրեց. «Ընկերությունում աշխատում են 30 բանվորներ, որոնք Քարկոփ եւ Ճոճկան գյուղերի բնակիչներ են»: Արտադրության պետ Վաչագան Ավետիքյանն էլ հավելեց. «Ընկերությունը մեկ ամսում տալիս է 3 հազար տոննա արտադրանք, եթե ամբողջ տարին աշխատենք, տարեկան կարող ենք 36 հազար տոննա արտադրանք տալ, սակայն ձմեռը պահանջարկ չլինելու պատճառով չենք աշխատում: Մեր արտադրանքը գնում է երկաթուղին»:
Քարկոփ համայնքում աղքատությունն առաջին հայացքից աչքի է զարնում. կենտրոնական մայրուղուց մինչեւ Ճոճկան գյուղ բարձրացող, գյուղի կենտրոնով եւ խճի գործարանի հարեւանությամբ անցնող 1կմ երկարությամբ անբարեկարգ ճանապարհահատվածն անանցանելի է ոչ միայն ավտոմեքենաների, այլեւ մարդկանց համար: «Այրումի լեռնագործ» ԲԲԸ-ի արտադրած խճով, Քարկոփ եւ Ճոճկան համայնքների բյուջեների համատեղ ներդրումով հնարավոր է բարեկարգել ճանապարհահատվածը: Ճոճկանը նույնպես օգտվում է այդ ճանապարհից: Սա կարող էր լինել, եթե Քարկոփի համայնքապետը բնակչության հիմնախնդիրները լուծելու ցանկություն ունենար: Գյուղի բնակիչները վիրավորված ու վրդովված են տարիներ շարունակ Լոռու մարզպետարանի եւ կառավարության` իրենց նկատմամբ ցուցաբերած անտարբերությունից: Ինչպես պատմեցին գյուղացիները, արդեն 2-րդ տարին է` Քարկոփն ավագանու կողմից հաստատված բյուջե չունի: Այս կապակցությամբ Լոռու մարզպետարանի ֆինանսական բաժնի վարիչ Սեւակ Հովհաննիսյանը պարզաբանեց. «Այո, Քարկոփի ավագանին արդեն երկրորդ տարին է չի հաստատում համայնքապետ Կամո Ռամազյանի ներկայացրած բյուջեն: Լոռու մարզպետի կողմից նրա անվստահության հարցը ներկայացվել է կառավարություն, կառավարությունն այն չի հաստատել: Սակայն աշխարհը դրանով չի ավարտվում, նախկին հաստատված բյուջեի համամասնություններով է կատարվում համայնքապետարանի ֆինանսավորումը»: Ըստ պրն Հովհաննիսյանի` համայնքապետարանն այսօր ֆինանսավորվում է 2006 թ. ավագանու կողմից հաստատված բյուջեով, որի եկամուտները կազմում են 3,3մլն դրամ, դոտացիան` 2,3մլն դրամ, հողի հարկը` 482 հազար, գույքահարկը` 570 հազար դրամ: Թեեւ մեր այցելությունն աշխատանքային ժամին էր, այդուհանդերձ, գյուղապետարանի դուռն ամուր փակված էր: Ու մինչ այստեղ հավաքված կանայք որոշում էին, թե ուր գնացած կլինի գյուղապետ Կամո Ռամազյանը, պատմեցին իրենց հոգսերից:
«Շատ վատ ենք ապրում, ոչ ջուր ունենք խմելու, ոչ գազ, աշխատատեղն էլ միայն դպրոցն է: Քարկոփում իրենց գոյությունը մարդիկ մի փոքր այգով են պահում»,- ասաց Ռոզա Չերքեզյանը:
Իրինա Հակոբյանն էլ բացատրեց. «Խմելու ջուր չունենք, վագոնով են բերում, որ վագոնը չի լինում, ջրհորի ջուր ենք խմում»:
«Գազը կարան Ճոճկանից էլ քաշեն, Արճիսից էլ: Մեր գեղապետը էդքան ուժ չունե, որ ինքն անե: յուղապետին պետք է վերնախավն օգնե»,- ասաց Հասմիկ Կարապետյանը:
«Որ փող լինի, ամեն ինչ կլինի: Կարող է պետությունը մեզ չի մոռացել, ուղղակի Քարկոփը գլոբուսից մի քիչ հեռու ա»,- կատակեց քարկոփցի երիտասարդ Համլետ Հակոբյանը: գյուղի միջն. դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Ազնիվ Ալեքսանյանն էլ խնդրեց. «Դպրոցում հայ գրականությունից հանձնարարված ծրագրային որեւէ գիրք չենք կարողանում կարդալ, քանի որ արդեն երկու տարի գյուղի գրադարանի դռները փակ են:
Օգնեք մեզ բացեն գրադարանը, մեր դպրոցի բարձր դասարանցիներս գրադարանի կարիքը շատ ենք զգում»:
Եվգենյա Այբեկյանն էլ ցույց տվեց երկաթգծի վրա կանգնած հսկա ջրի վագոնը եւ հայտնեց իր մտահոգությունը. «Դպրոցական երեխաները դույլերով ջուր են կրում այստեղից, եթե դիմացից գնացք դուրս գա, երեխաները փախչելու տեղ չունեն, մի օր դժբախտությունն անխուսափելի է լինելու»:
Քարկոփի ավագանու 5 անդամներից հաջողվեց տեսնել միայն Լալա Անանյանին, որն էլ ասաց. «Ես 2005 թ. եմ ընտրվել ավագանու անդամ, սկզբից գյուղապետն ինչ արավ, ինքն արավ, ավագանուն ոչ մի հարցով հաշվի տեղ չէր դնում, ամեն ինչ անում էր ինքնագլուխ, 2006 թ. ասացինք` սենց չի լինի: Կատարողական ուզեցինք, չտվեց, հաշվետվություն ուզեցինք, ասաց` դա ձեր գործը չի, ինչ հարցնում էինք, ասում էր` կգնամ կիմանամ, կգամ կասեմ: յուղապետը սեփական խելք չունի»:
Երկու տարի իր ներկայացրած բյուջեն ավագանու կողմից չհաստատելու փաստը Քարկոփի գյուղապետ Կամո Ռամազյանն այսպես մեկնաբանեց. «Ըստ ինձ` նրանք ունեն հրահրող, ես չեմ տալիս նրա անունը, հրահրողը կստանա իր պատասխանը: Եթե նրանց նպատակն ազնիվ է, կարող են հաստատել բյուջեն եւ հետեւողական լինել նրա կատարմանը: Երբ 2006 թ. դեկտեմբերին քննարկվում էր 2007 թ. բյուջեն, ես նախապես ավագանուն ներկայացրել եմ բյուջեն եւ խնդրել եմ նրանց առաջարկություններն ու դիտողությունները: Միակ առարկությունը եղել է ավագանու անդամ Կամո Օհանյանի կողմից` իմ աշխատավարձի չափը 60 հազար դրամից 70 հազար դրամ դարձնելու դեմ: Ես դա հանել եմ քննարկումից, սակայն ավագանին չհաստատեց բյուջեն: Ես ավագանու անդամներին առաջարկել եմ իրենք պլանավորեն բյուջեն, միայն թե համայնքը հաստատված բյուջե ունենա: Նրանք դրան էլ չեն համաձայնել»:
Ի հակառակ Լոռու մարզպետարանի ֆինանսական բաժնի վարիչ Սեւակ Հովհաննիսյանի` Կամո Ռամազյանը հայտնեց, որ ավագանու կողմից բյուջեն չհաստատելու պատճառով չեն կարողանում համայնքի հիմնախնդիրների լուծման համար որեւէ ներդրումային աշխատանք կատարել: «Անանցանելի գյուղամիջյան ճանապարհի մասնակի վերանորոգման համար համայնքի բյուջեն հնարավորություն ունի, սակայն հաստատված չէ, եւ մենք չենք կարող պատվիրել աշխատանք»,- ասաց նա: Համայնքի ջրի հիմնախնդրի մասին Կ. Ռամազյանն ասաց, որ համանքապետարանը տեղեկացված է, որ վագոնով բերվող ջուրը տեխնիկական է, կրային մասը շատ է, խմելու համար այնքան էլ պիտանի չէ: Համայնքն ունի մի քանի ջրհորներ, որոնք սնուցվում են Դեբեդից: Նշենք, որ վերջին 15 տարիներին Ալավերդու կոյուղու մաքրման կայանի չգործելու պատճառով յուրաքանչյուր ամիս Դեբեդ է թափվում 56, 500 խմ կեղտաջուր` Սանահին կայարանային թաղամասի, մասնավորապես 7 բազմաբնակարան շենքերի ու մի շարք սեփական տների կոյուղաջրերն ու կենցաղային աղբը, Թումանյան քաղաքի եւ Ախթալայի կեղտաջրերը: Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի` Վանաձորից մինչեւ Քարկոփ ընկած հատվածում համայնքների կոմունալ համակարգերից ամսական Դեբեդ գետն է լցվում 728 հազար 200 խմ կեղտաջուր, եթե սրան ավելացնենք Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի արտադրական թափոնները, ապա պարզ կդառնա, թե Դեբեդից սնվող իրենց ջրհորներից ջրի փոխարեն ինչ են խմում քարկոփցիները: յուղապետ Կամո Ռամազյանը հայտնեց, որ իր համայնքի բնակիչներին հուսալի ջրով ապահովելու միակ ելքը Շնող գյուղի տակից, Ստեփանավան-Նոյեմբերյան մայրուղուց դեպի Քարկոփ 5 կմ ջրագիծ քաշելն է, որի համար անհրաժեշտ է 60մլն դրամ: Քարկոփում արդեն երկու տարի գյուղապետն ու ավագանին վիճում են, դրա հետեւանքով համայնքի հիմնախնդիրներն այդպես էլ չեն լուծվում: Ու մինչ քարկոփցիները «տապակվում են իրենց դարդերի մեջ», Լոռու մարզպետարանն անվրդով հետեւում է այդ կռվին: յուղապետ Կամո Ռամազյանը որոշել է. «Ես 2008 թ. հոկտեմբերին նորից առաջադրվելու եւ ընտրվելու եմ Քարկոփի համայնքապետ, ես ապացուցելու եմ, որ գրագետ ավագանու հետ ունակ եմ լավ աշխատել»:
Ի՞նչ է սպասվում քարկոփցուն` անհնար է գուշակել: Կառավարությունը, որ կարող էր այս հակամարտությանը վերջ դնել, երկու տարի շարունակ չի ուզում որոշում կայացնել: Այս վիճակը, կարծես թե, ձեռնտու է նրան` բյուջեից «ավելորդ» հատկացումներ չի անի:
ԱՂԲՅՈՒՐԸ՝ http://www.hetq.am/arm/society/8106/