«Դատում էին» օմբուդսմեն Արմեն Հարությունյանին
00:00, June 6, 2008 | ՆորություններՀունիսի 5-ին խորհրդարանն ուղիղ 7 ժամ քննարկում էր ոչ թե Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի բովանդակությունը, այլ ձեւը: Օրինակ` պատգամավոր Գագիկ Մինասյանը նկատեց, որ «զեկույցը սխալ է կառուցված», «մեթոդիկան է սխալ ընտրված» եւ այլն, ապա թե «իրավունք չունեիր վերլուծություններ անել»:
Սա հիմնական մեղադրանքն էր, որ ուղղվում էր Արմեն Հարությունյանին. նրան մեղադրեցին իշխանական ճամբարի պատգամավորները, բնականաբար նաեւ գլխավոր դատախազը սուբյեկտիվ գնահատականների, ինչպես նաեւ շատ քաղաքականացված լինելու համար:
Իսկ արդարադատության նախկին նախարար, այսօր պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ փորձ է արվում անջրպետել քաղաքականությունը եւ իրավունքը: Նա լրագրողներին ասաց, որ օմբուդսմենի խնդիրը համընդհանուր մտահոգությունները վեր հանելն է, իսկ հարցերի պատասխանները պետք է տան համապատասխան մարմինները:
«Շեղող հարցադրումների միջոցով փորձ է արվում խուսափել զեկույցում բարձրացված հարցերին պատասխանելուց»,- հունիսի 5-ին խորհրդարանում հրավիրված լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:
Նա կրկին հնչեցրեց հասարակությանը մտահոգող հարցերը, մասնավորապես, ով է եղել մարտի 1-ի օպերացիայի կազմակերպիչը, ովքեր են դիմակներով կրակողները, ով է հրաման տվել կրակել, եւ այլն, ապա ավելացրեց. «Այս հարցերին պատասխանելու փոխարեն նեղացած կեցվածք են ընդունում` նշելով, որ հնարավոր չէ դատախազության հետ խոսել «պետք է», «հորդորում եմ» եւ այլ ձեւակերպումներով: Բացի այդ, նենգափոխվում են հարցադրումները, դրանք դուրս են բերվել ենթատեքստից եւ հարմարեցվում են իրենց քննադատական նյութին»:
Արմեն Հարությունյանը ստիպված էր պատասխանել պատգամավորների եւ դատախազության այն հարցերին, թե ինչու է ինքը օգտվել ոչ պաշտոնական աղբյուրներից: Այն պարզ պատճառով, որ եթե ինքը օգտվեր պաշտոնական աղբյուրներից, ապա. «Ստիպված էի կրկնել իրենց ասածն ու նստեի տեղս, էլ ինչո՞ւ եմ մարդու իրավունքների պաշտպան համարվում»: Նա հայտարարեց, որ ինքը, ի տարբերություն պետական չինովնիկների, պարտավոր է նաեւ ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած ինֆորմացիան լսել եւ հասարակությունում առկա խնդիրները վերհանել:
«Առարկողները մեր առաջարկած հարցադրումները վեր են ածում եզրահանգման եւ մաղադրում պաշտպանին»,- ասաց Հարությունյանը: Նա մանրամասն պատասխանեց դատախազության եւ արդարադատության նախարարի բոլոր առարկություններին: Բայց նաեւ իր զարմանքը հայտնեց, թե մի՞թե այս ամբողջ զեկույցում չկար մի հարցադրում, ռացիոնալ մի հատիկ, որի շուրջ այսօր քննարկում ծավալվեր: Արմեն Հարությունյանը նաեւ նկատեց, որ զեկույցի կապակցությամբ արված առարկությունները անհանդուրժողականության եւս մեկ դրսեւորում էին:
Արմեն Հարությունյանի ելույթից հետո լսումների մասնակիցների զգալի մասը ծափահարություններով ողջունեց նրան, իսկ մասնակիցները հասարակական կազմակերպությունների, եվրակառույցների ներկայացուցիչներ էին, ձերբակալվածների հարազատներ եւ այլն:
Լսումների ժամանակ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դժգոհեց, որ մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը քիչ են ներկայացված զեկույցում եւ իրենք հարուստ նյութ կարող էին տրամադրել պաշտպանին, եթե դիմեր իրենց:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ, չհամաձայնելով ՄԻ պաշտպանի որոշ նկատառումների հետ, այնուհանդերձ նկատեց, որ եթե օմբուդսմենի աշխատանքից դժգոհում են եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը, ուրեմն ինստիտուտը կայացել է: «Ինչ վերաբերում է Քոչարյանի «ամենաանհաջող կադրը լինելուն, ապա ես համաձայն չեմ, նա այնքան անհաջող կադրեր է ունեցել, որ աստված հեռու պահի»,-ասաց նա:
ԱԺ նախկին պատգամավոր, իրավապաշտպան Աղասի Արշակյանն էլ նկատեց, որ Արմեն Հարությունյանը իրականում Քոչարյանի ամենահաջող կադրն էր եւ այդ զեկույցը քաղաքացիական հասարակություն ստեղծելուն ուղղված ամենակարեւոր քայլն է: Ի դեպ, Արմեն Հարությունյանը դատախազության առաջարկությունների մասին խոսելիս մի քանի անգամ շեշտեց, որ զգում է խորհրդային իրավաբանության հոտը: Եվ միջազգային պրակտիկայում առաջին դեպքն է, երբ դատախազությունը առարկություններ է ներկայացնում մարդու պաշտպանին: Նա նաեւ հիշեցրեց, որ ինքը առաջինը չէ, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի բազմաթիվ դիմումներին ի պատասխան էլ դատախազությունը ժամանակին պատասխանել է, որ նա գերազանցում է իր լրիազորությունները:
Ի դեպ, գլխավոր դատախազի երկարաշունչ ելույթից եւ առարկությունները ներկայացնելուց հետո «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դատախազի համար ընթերցեց իր Սահմանադրական լիազորությունները եւ տեղեկացրեց, որ նման առարկություններ ներկայացնելով գլխավոր դատախազը գերազանցում է իր լիազորությունները՝ կատարելով քրեորեն պատժելի արարք:
Իսկ դատախազը հիմնական հարցերին հրաժարվում էր պատասխանել. մի դեպքում նրան օգնում էր նիստը վարող Մանվել Բադեյանը, մյուս դեպքում ինքն էր ինքնակամ որոշում չպատասխանել: Բայց առավել հետաքրքրական էր Դավիթ Հարությունյանի հարցը գլխավոր դատախազին, թե ինչպես է ստացվել, որ երկու մարմին գրեթե միաժամանակ, գրեթե նույն բառերով առարկել են զեկույցում բարձրացված հարցերը: Իսկ նրա երկրորդ հարցը թերեւս այսօրվա թիվ մեկ հարցն էր. «Այն, որ զեկույցի հետ կապված ներկայացված են միմիայն առարկություններ, կամ «Առարկություններ» վերտառությամբ մի փաստաթուղթ, նշանակո՞ւմ է արդյոք, որ զեկույցում դուք չեք հայտնաբերել մի հարց, որը պահանջում էր առնվազն պարզաբանում»: Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Շատ լավ հաջորդ դեպքում կկոչենք պարզաբանում- առարկություններ»:
Ի դեպ, Աղվան Հովսեփյանի պատասխաններում հնչեց շատ կարեւոր մի հավաստում. Ներքին զորքերը ո՞ւմ հրահանգով են գործել, իրականացրել օպերացիան,- հարցի պատասխանը գտնելու համար Հովսեփյանը ընթերցեց «Ոստիկանության մասին» օրենքը, եւ ընդգծեց, որ դրա գործունեությունը կառավարվում է միանձնյա՝ ոստիկանապետի կողմից՝ ըստ էության Հայկ Հարությունյանի վրա դնելով մարտի 1-ի իրադարձությունների պատասխանատվությունը:
www.a1plus.am