Հեռուստաեթերներ զորակոչի գործընթացի վերաբերյալ
00:00, June 2, 2008 | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներՄայիս ամսվա ընթացքում Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի եւ Տաշիր քաղաքների տեղական հեռուստաընկերություններով տեղի ունեցան ուղիղ հեռուստաեթերներ՝ նվիրված գարնանային զորակոչի գործընթացի եւ դրա ընթացքում զինկաոչիկների ու նրանց ընտանիքների խնդիրներին:
Ուղիղ հեռուստաեթերների ընթացքում հեռուստադիտողներին ներկայացվեցին 2008 թ-ի ապրիլի 1-ից ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի նկատմամբ» ծրագրի նպատակը եւ իրականացվելիք գործողությունները, զորակոչի գործընթացը կարգավորող օրենսդրական դրույթներ, որոնք նպատակ ունեն իրազեկել զինակոչիկներին եւ նրանց հարազատներին իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին:
Յուրաքանչյուրը 1 ժամ տեւողությամբ եթերներին մասնակցել են ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը:
Երեք քաղաքաներում կայացած հեռուստաեթերների ժամանակ քաղաքացիներից ստացվել են ավելի քան երեսուն հարցեր, որոնք հիմնականում առնչվում են առողջական խնդիրների համար տարկետման հնարավորությանը, տարկետման իրավունքին, քաղաքացիությանը եւ այլընտրանքային ծառայությանը վերաբերվող հարցերի:
Եթերների ընթացքում հեռուստադիտողները հնարավորություն են ունեցել ստանալ իրավաբանական խորհրդատվություն իրենց հուզող խնդիրների վերաբերյալ: Այն քաղաքացիներին, որոնց խնդիրները պահանջել են հետագա ուսումնասիրություն, խորհուրդ է տրվել այցելել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ կամ իրենց փաստաթղթերով դիմել գրասենյակի՝ մարզի քաղաքներում գտնվող կենտրոններ:
Հարկ է նշել, որ ծրագրի ամբողջ ընթացքում առողջական խնդիրների եւ բժշկական հանձնաժողովների կողմից եզրակացության հետ անհամաձայնության դեպքերում քաղաքացիները հնարավորություն ունեն հանդիպել ծրագրում ներգրավված անկախ բժիշկ-փորձագետի հետ:
Ապրիլի մեկից մինչ օրս ընկած ժամանակաշրջանում ՀՔԱ Վանաձորի գրասենյակ են դիմել 5 քաղաքացի, որոնց տրվել է անհրաժեշտ խորհրդատվություն, իրականացվել են հարցումներ համապատասխան պետական մարմիններ, իսկ նրանցից երկուսը նաեւ խորհրդատվություն են ստացել բժիշկ-փորձագետի կողմից:
«Քաղաքացիական վերահսկողության ձեւավորումը զորակոչի նկատմամբ» ծրագիրն իրականացվում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից, Բաց Հասարակության Ինստիտուտի աջակցության հիմնադրամ – Հայաստանի գրասենյակի ֆինանսական օժանդակությամբ: