ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
00:00, March 1, 2008Քիչ առաջ Հրանտ Բագրատյանի փաստաբանները ֆաքսով նամակ ուղարկեցին ՀՀ Ոստիկանության պետ Հայկ Հարությունյանին:
Ի դեպ նրանք հայտնեցին, որ ՀՀ Գլխավոր Դատախազության ֆաքսը անջատած էր: Նամակը ուղարկելուց մոտ 20 րոպե անց, Հրանտ Բագրատյանը ազատ է արձակվել:
Ստորեւ բերվում է փաստաբանների նամակը ամբողջությամբ:
ՀՀ գլխավոր դատախազ`
պարոն Ա.Հովսեփյանին
պատճենը` ՀՀ ոստիկանության պետ`
պարոն Հ.Հարությունյանին
Մեծարգո Պարոնայք,
Այսօր` 2008 թվականի մարտի 1-ին ժամը 09:00-ի սահմաններում, մեր վստահորդ` պարոն Հրանտ Բագրատյանը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին և, մեր ունեցած տվյալներով, ենթարկվել է խոշտանգման և/կամ դաժան և/կամ անմարդկային վերաբերմունքի:
Ժամը 13:30-ի սահմաններում փորձեցել ենք ոստիկանության Կենտրոնի բաժնում տեսնել մեր վստահորդին, սակայն մեր մուտքը սանձարձակ կերպով արգելվել է, իսկ ոստիկանության բաժնի դուռը` փակվել: Մեր բոլոր օրինական պահանջները` ապահովել մեր պաշտպանյալին տեսնելու մեր հնարավորությունը, պարզապես արհամարհվել են:
Ակնկալում ենք Ձեր շտապ միջամտությունը` իրականացվող ռեպրեսիան իսկույն եևեթ դադարեցնելու, պարոն Հրանտ Բագրատյանի հետ շփման մեջ մտնելու մեր հնարավորությունն ապահեվոլու, ինչպես նաև նրան խոշտանգման և/կամ դաժան և/կամ անմարդկային վերաբերմունքի ենթարկելու հետ կապված տվյալները արագորեն պարզելու, իսկ այդ տեղեկությունները հաստատվելու դեպքում` նման արարքների կատարման մեջ մեղավոր` ոստիկանության պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը լուծելու առումով:
Հարգանքներով`
Արթուր Գրիգորյան, Նարինե Ռշտունի