Գրքույկների շնորհանդես ՀՔԱ Վանաձորի գրասենյակում
00:00, October 14, 2006 | Մամլո հաղորդագրություններ2006թ-ի հոկտեմբերի 13-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակում տեղի ունեցավ «2004-2005թթ. մարդու իրավունքների վիճակը Լոռու մարզում և Վանաձորում» և «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից մարդու իրավունքների պաշտպանության գործում կիրառվող մեթոդները, տեխնոլոգիաները, միջոցները և եղանակները» գրքույկների շնորհանդեսը:
Գրքերը տպագրվել են երկու լեզուներով /հայերեն և ռուսերեն/ և ներկայացնում են իրավապաշտպանության ոլորտում կազմակերպության մոտեցումներն ու փորձը:
Շնորհանդեսին մասնակցում էին Վանաձորի և Գյումրիի հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների, ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև գրքույկների տպագրությանն աջակցած «Counterpert International»-ի (CPI) Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի (CASP) և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչները:
Կազմակերպության նախագահ Ա. Սաքունցը հայտնեց, որ նախատեսվում է գրքույկները ուղարկել տեղական, ազգային և տարածաշրջանային մակարդակներով բոլոր այն կառույցներին, որոնց հետաքրքրություների շրջանակներում է մարդու իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես Լոռու մարզպետարան, քաղաքապետարաններ, դատախազություն, ոստիկանություններ, դեսպանատներ, հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպված «Մարդու իրավունքների պաշտպանության հարավկովկասյան դպրոցի» մասնակիցներին :
«Հայկական սահամանադրական իրավապաշտպան կենտրոն» Հկ-ի իրավաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ շատ ուրախ է այս հրատարակությունների համար, քանի որ տեղական մակարդակով նման վերլուծություն չէր արվել: Այն մեծապես կօգնի մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին:
«Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի» Գյումրիի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավար Ս. Մարտիրոսյանի կարծիքով այս գրքույկները ապագային ուղղված փաստաթուղթ են: Նա համոզմունք հայտնեց, որ բոլոր այն կառույցները, ուր ուղարկվելու են գրքույկները անպայմանորեն կարդալու են, քննարկելու և փոխելու իրենց գործելակերպը:
Դոնոր կազմակերպության ներակայցուցիչները նշեցին, որ շատ օգտակար էր հատկապես մարդու իրավունքների պաշտպանության գործիքների նկարագրությունը: Նրանք հույս հայտնեցին, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից կկատարվի մոբիլիզացված շահերի պաշտպանություն:
Նշենք, որ կազմակերպությունն առաջին անգամ է հնարավորություն ստանում համակարգված ձևով ներկայացնելու իր փորձը: Կազմակերպությունը նման հնարավորություն ստացավ «Counterpert International»-ի (CPI) Քաղաքացիական շահերի պաշտպանության աջակցության ծրագրի (CASP) շրջանակներում տրամադրված դրամաշնորհի միջոցներով: