«HUMAN RIGHTS WATCH»-ը ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻՆ
00:00, September 15, 2006 | Խոշտանգումներից և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունք«Human Rights Watch» միջազգային կազմակերպությունը, որը ավելի քան 70 երկրներում պայքարում է մարդու իրավունքների պաշտպանության համար, նամակով դիմել է Հայաստանին, մասնավորապես, ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանին:
Կազմակերպության Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Հոլլի Քարթները նամակում «խորը մտահոգություն» է հայտնել այն պնդումների կապակցությամբ, որ ՀՀ բանակի զորամասերից մեկում սպանություն կատարելու մեղադրանքով դատված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի եւ Արաիկ Զալյանի հանդեպ նախաքննության եւ դատավարության ընթացքում կիրառվել են խոշտանգումներ, նվաստացուցիչ եւ անմարդկային վերաբերմունք:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը վերոնշյալ զինծառայողներին դատապարտել էր 15 տարվա ազատազրկման, իսկ Վերքաննիչ դատարանը` գործը վերանայելով փոխել է վճիռը ցմահ ազատազրկման: «Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ «Human Rights Watch»-ը տեղեկատվություն է հավաքել տվյալ գործի կապակցությամբ: Չխոսելով դատապարտվածների մեղավորության կամ անմեղության մասին, մենք մտահոգված ենք, որ երկու դատարանի կայացրած վճիռները մեծապես հիմնված են եղել դատապարտյալներից մեկի` Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքների վրա:
Կան բանական հիմքեր ենթադրելու, որ այդ խոստովանական ցուցմունքները նա տվել է կիրառված խոշտանգումների եւ կոպիտ վերաբերմունքի այլ ձեւերի կիրառումից հետո: Խոստովանական ցուցմունքներ տալու տեսաժապավենի վրա Սարգսյանի երեսը ուռած է եւ կան կապտուկների հետքեր, ինչը լուրջ հիմք է տալիս մտածել, որ նա տուժել է` մինչեւ խոստովանական ցուցմունքները իր հանդեպ կիրառված վատ վերաբերմունքի արդյունքում»,- ասված է «Human Rights Watch»-ի նամակում:
Կազմակերպությունը նամակով հիշեցնում է, որ դատապարտվածների փաստաբանը բողոքով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` մատնանշելով իր դատապարտյալների հանդեպ Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի բազմաթիվ կետերի խախտման փաստը: Նամակում հիշեցվել են նաեւ Հայաստանի կողմից ստորագրված միջազգային այն բոլոր փաստաթղթերը եւ կոնվենցիաները, որոնցով արգելվում է խոշտանգումների կիրառումը, իսկ այդ միջոցով ստացված ցուցմունքները չեն կարող լինել ապացույցներ:
«Նշված չափանիշների անտեսումը Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների լուրջ խախտում է»,- ասված է նամակում, որտեղ նաեւ հույս է հայտնվում, որ Վճռաբեկ դատարանը տվյալ դատական գործի լսման ժամանակ հաշվի կառնի ներկայացված փաստերը. ««Human Rights Watch»-ը կարեւորում է, որպեսզի հանձնարարական տրվի կիրառված խոշտանգումների վերաբերյալ ահազանգի կապակցությամբ անհապաղ հետաքննություն կատարելու համար եւ որպեսզի ձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները` ուժը կորցրած համարել խոշտանգումների արդյունքում կորզված ապացույցների հիման վրա կայացված դատավճիռը»:
http://www.a1plus.am/, 15.09.2006