Կովկաս՝ տարբերությունների մշակույթ
00:00, August 1, 2006 | Մամլո հաղորդագրություններ | Տեղեկատվության եւ խոսքի ազատություն2006 թ հուլիսի 20-23-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում կայացավ սեմինար լրագրողների համար՝ «Կովկաս՝ տարբերությունների մշակույթ»:
Սեմինարն անցկացվեց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից իրականացվող «Փոխվստահության կառուցում» ծրագրի շրջանակներում՝ նիդերլանդական Միջեկեղեցական Խաղաղության Խորհրդի /IKV/, զարգացման համագործակցության միջեկեղեցական կազմակերպության /ICCO/ աջակցությամբ:
Սեմինարի նպատակն էր ղարաբաղյան կոնֆլիկտի մեջ ներգրավված երկրների երիտասարդ լրագրողներին ներառել խաղաղասիրական գործընթացի մեջ, համատեղ ուսուցման արդյունքում պատրաստել միասնական լրագրողական աշխատանքներ:
Եռօրյա սեմինարին մասնակցում էին.
Լեյլա Միրջավադովան /«Տրենդ» լրատվական գործակալություն, Բաքու/
Էլլադա Խանկիշիևա /«Տրենդ» լրատվական գործակալություն, Բաքու/
Այնուրա Հեյդարովա /«Ինտերնյուս», Գյանջա/
Գիտա Էլիբեկյանը /«Հանրային ռադիո», Երևան/
Իրինա Ելյանը /«Լաստ TV», Գորիս/
Իրինա Բադալովան /«Հելսինկյան նախաձեռնություն °92», Ստեփանակերտ/
Լուսինե Մուսայելյան /«Ստեփանակերտի մամուլի ակումբ», Ստեփանակերտ/
Սեմինարի ուսուցանողներն էին Սեյմուր XXX-ը Բաքվից, Արմեն Սարգսյանը «Ինտերնյուս-Հայաստան» կազմակերպությունից /Երևան/ և Արտակ Օհանյանը Վանաձորի Մամուլի Ակումբից: Մասնակիցների առաջարկությունների հիման վրա ուսուցանողներն ընտրել են թեմաներ, ըստ որոնց լրագրողները նախապատրաստել են տեսանյութեր և հոդվածների նյութեր: Աշխատանքներն ընթացել են երկու խմբերում՝ հեռուստալրագրության և տպագիր նյութերի պատրաստման խմբերում: Սեմինարի ընթացքում ուսուցանողների աջակցությամբ մասնակիցները մշակեցին համատեղ հոլովակի սցենարը: Երկօրյա համակարգչային խմբագրման արդյունքում պատրաստվեց հոլովակ «Կովկաս- տարբերությունների մշակույթ» անվամբ: Այն ներառում է 4 տեսանյութ՝ «Բաքու-հին նոր քաղաք» / Լեյլա Միրջավադովա – Բաքու/, «Երեք կրակների երկիր՝ Կովկաս» / Իրինա Ելյան – Գորիս, այն նվիրված է Հայաստանի աշուղական մշակույթին/, «Շեքիի հալվա» /Այնուրա Հեյդարովա – Գյանջա/, «Խնեցի» /Լուսինե Մուսայելյան – Ստեփանակերտ/:
Առաջին օրը տպագիր նյութերի պատրաստման խմբի կողմից քննարկվեցին աշխատանքները: Արդյունքում որոշվեց համատեղ նյութ պատրաստել սեմինարի ընթացքում՝ նվիրված կովկասյան գորգագործությանը: Սեմինարի ընթացում պատրաստվեցին հետևյալ հոդվածների շարքը՝ «Կովկասյան գորգերի խանութ» /Իրինա Բադալով – Ստեփանակերտ, Գիտա Էլիբեկյան – Երևան, Լեյլա Միրջավադովա – Բաքու/, «Ջազ՝ հոգու երաժշտություն» /Էլլադա Խանկիշիևա-Բաքու/, «Մեր կիրճերը լի են երգերով» /Իրինա Ելյան – Գորիս/՝ «Կովկասի ժողովուրդները տարբեր են» ընդհանուր խորագրով: Հոդվածն ամբողջությամբ կարդացեք ռուսերեն լեզվով>>>
Սեմինարի արդյունքում ստացված նյութերը կտարածվեն կազմակերպության կողմից իրականացվող խաղաղասիրական միջոցառումների ընթացքում: Տեսաֆիլմի թարգմանված տարբերակը կցուցադրվի Ինտերնյուս-Հայաստանի կողմից իրականացվող հայ – ադրբեջանական երիտասարդական ծրագրի շրջանակներում: Ըստ մասնակիցների, Գյանջայի տեղական հեռուստատեսությունը հետաքրքրություն է ցուցաբերել ֆիլմի նկատմամբ:
«Կովկասյան գորգերի խանութ» նյութը ներկայացվել է Հայաստանի Հանրային ռադիոյով և տպագրվել է Հանրային ռադիոյի ինտերնետային կայքում www.armradio.am :