Այստեղից բարոյականություն է քարոզվում
00:00, June 10, 2006 | Նորություններ | Ընտրական իրավունք, Մտքի, խղճի և կրոնի ազատությունԵրևանի ավետարանական մկրտական քրիստոնյաների Բեթել անունը կրող եկեղեցու նախագահ Դավիթ Թորոսյանը 1995 թ-ին մի քանի օր անցկացրեց բանտում:
Պատմում է, թե դեռ այն ժամանակ Երկրապահ կամավորականների ջոկատը «պատահաբար հարձակվեց կրոնական կազմակերպությունների վրա»: Վեց օր բանտարկված մնալուց հետո Դավիթն իմացավ, որ իրեն թյուրիմացաբար են ձերբակալել ու ազատ արձակվեց: Դրանից հետո ամեն ինչ փոխվեց: Այս եկեղեցու հանդեպ այլևս նման ոտնձգություններ, ճնշումներ չեն եղել: Եկեղեցու առաջնորդը լուրջ ճնշում չի համարում դեռևս 2000-ին Ապարանի Քուչակ գյուղի դպրոցի տնօրենի վերաբերմունքը իրենց եկեղեցու հավատացյալների երեխաների նկատմամբ: Տնօրենը ծաղրանքով դպրոցից դուրս էր հանել աշակերտներին ու արգելել մասնակցել դասերին: Խնդիրը լուծվել էր եկեղեցու առաջնորդի միջամտությունից հետո, երբ նա այցելել էր դպրոց, զրուցել տնօրենի հետ ու հարթել միջադեպը: Կրոնական այս կազմակերպությունը որևէ գերատեսչության հետ խնդիրներ չունի: Բարիդրացիական հարաբերությունների մեջ է ինչպես իշխանությունների, այնպես էլ Հայ առաքելական եկեղեցու հետ: Դավիթ Թորոսյանը սա առայժմ համարում է չլուծված խնդիր, որովհետև իրավական տեսակետից կան խնդիրներ՝ կապված կրոնական ազատության կամ էլ խղճի ազատության սահմանափակումների հետ:
Ճիշտ է, քաղաքականությանը չեն խառնվում, բայց երբ համայնքի ղեկավար է ընտրվում, գնում-շնորհավորում են նրան: Եկեղեցու ներկայացուցիչը պատմում է, որ լինում են դեպքեր, երբ ընտրություններից առաջ իրենց անուններ են առաջարկում՝ ընտրելու համար, բայց եկեղեցու անդամներն ազատ են և իրենք են որոշում՝ ում ընտրել:
Հայ առաքելական եկեղեցու հետ համագործակցությունը սկսվում ու ավարտվում է Ջինիշյան կոչվող հիմնադրամի խորհրդատվական կոմիտեում:
«Մենք մեր ծառայությունը հազիվ ենք հասցնում»,-դեռևս համագործակցության չկայացման պատճառներն է թվարկում Դավիթ Թորոսյանը: Այս եկեղեցու ծառայության մեջ ներառվում է ինչպես բարեգործությունն, այնպես էլ Աստծո խոսքի տարածումը: «Մենք մարդիկ ունենք, որոնց կյանքը փոխվել է: Գող էին, գող չեն, թշնամի չեն, խաբող չեն»,-հպարտանում է Երևանի ավետարանական մկրտական քրիստոնյաների բեթել եկեղեցու առաջնորդը, որի համայնքի անդամների թիվը հասնում է 2000-ի: Եկեղեցուն դավանողների մեծ մասը տարիքն առած մարդիկ են, նույնիսկ այլազգիներ կան: Կան նաև բժիշկներ, ուսուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատողներ, որոնց համար աշխատավայրում որևէ խնդիր կապված հավատքի հետ չեն առաջացնում: Եթե նույնիսկ եկեղեցու անդամը աշխատում է իրավապահ համակարգում, դա չի նշանակում, որ պետք է կաշառք վերցնի կամ մեղք գործի: Դավիթ Թորոսյանը կարծում է, որ իրենց անդամը իր համոզմունքը պետք է փոխանցի մյուսին ևս՝ անկախ նրանից՝ դիմացինը ինչ գաղափարներ է դավանում: Չնայած նրան, որ կրոնական կազմակերպությունների դաշտը կարգավորող օրենքը թույլ չի տալիս անդամ համարել անչափահաս մարդկանց, այդուհանդերձ եկեղեցու համար խնդիր չէ աշխատել երեխաների հետ, նրանց համար կազմակերպել տարբեր դասընթացներ, նպաստել նրանց դաստիարակությանը: Եկեղեցին իր մանկական երգչախումբն ունի, պատանիների ֆուտբոլային թիմ, որոնց անդամների ծնողները ամենևին էլ եկեղեցու անդամ չեն:
Հատուկ ուշադրություն է դարձվում երիտասարդ զույգերի քրիտոնեական դաստիրակությանը, զբաղվում են հիվանդների այցելությամբ ու օգնությամբ: Երեք տարի շարունակ եկեղեցին բարեգործական ճաշարանում անվճար կերակրել է անապահովներին, որոնց որոշելու ու ընտրելու համար համագործակցել են թաղապետարանի հետ:
«ճակատներիս գրած է՝ այդ ամեն ինչն անենք սիրով»,-ասում է եկեղեցու ղեկավարը: Երևանի ավետարանական մկրտական քրիստոնյաների Բեթել եկեղեցին ևս ազատ է մարդկանց համար, և անկախ նրանից, համարվում ես իրենց անդամը, թե ոչ, կարող ես այցելել աղոթաժողովների, լսել, հարցեր տալ: Եթե այցելություններդ դառնում են պարբերական, կարող ես ընդգրկվել նրանց շարքերն ու տարածել Աստծո խոսքը:
«Մենք եկեղեցականին սևազգեստ ենք չէ՞ տեսել: Շարականները կամ պատարագները երեխաների ու երիտասարդների համար մատչելի պիտի լինեն: Բայց բացի կիրակի օրերից, ո՞ր օրը կարող ես պատարագ լսել հեռուստատեսությամբ կամ որտե՞ղ »,-Աստծո խոսքը մարդկանց հասցնելու համար մատչելիությունը կարևոր նախապայման է համարում ավետարանական-մկրտական ուղղության ներկայացուցիչը: Եկեղեցին ընդգրկված է Հայաստանում գործող մկրտական եկեղեցիների միությունում, բայց որպես ինքնուրուն եկեղեցի գործում է 1992թ-ից: Այս կրոնական կազմակերպության համար ևս խնդիր է մնում հասարակությունում ինտեգրվելը, հասարակության լիարժեք անդամ ընկալվելն ու նախաձեռնող լինելը:
Նաիրա Բուլղադարյան