ԼՂՀ-ն ԵԱՀԿ-ից պահանջում է պարզել, թե ով է այրում սահմանամերձ տարածքը
00:00, June 17, 2006 | ՆորություններԼՂՀ Արտգործնախարարությունը ստիպված է եղել պատասխանել Ադրբեջանի այն մեղադրանքներին, թե հայերի կողմից միտումնավոր այրվում են սահմանամերձ գյուղերը: Ադրբեջանական կողմից բարձրացված այդ աղմուկը նպատակ ունի լարել իրավիճակը հակամարտության գոտում եւ ուժեղացնել կողմերի անվստահությունը միմյանց նկատմամբ, կարծում է ԼՂՀ արտգործնախարարի տեղակալ Մասիս Մայիլյանը.
«Միաժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում են շեղել միջազգային հանրության ուշադրությունը այսօրվա Ադրբեջանի տարածքում հայկական պատմական եւ մշակութային արժեքների ոչնչացման փաստից: Դրա վառ վկայությունն է Ջուլֆայի խաչքարերի ոչնչացումը»:
Մասիս Մայիլյանը նաեւ նշել է, որ ամառային չոր եղանակների ժամանակ Ղարաբաղի ստորին հատվածում միշտ էլ այրվում է չորացած խոտը: Ըստ ԼՂՀ փոխարտգործնախարարի կրակների մարումը բարդացվում է նրանով, որ սահմանամերձ տարածքներում անընդհանտ կրակոցներ են իրականացվում ադրբեջանական կողմից:
Դեռեւս մի քանի տարի առաջ ԼՂՀ ղեկավարությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ադրբեջանական կողմին փոխանցել էին առաջարկ, համաձայն որի գոնե տվյալ խնդրի առնչությամբ ձեռնարկվեն երկկողմանի ջանքեր` արոտավայրերի այրումը կանխելու համար:
«Ցավոք սրտի Ստեփանակերտի առաջարկը չընդունվեց պաշտոնական Բաքվի կողմից, ինչն էլ արտացոլում է կողմերի իրական սկզբունքները, մասնավորապես ադրբեջանական ղեկավարության մոտ քաղաքական կամքի բացակայություն` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծման ուղղությամբ»,- նշել է ԼՂՀ փոխարտգործնախարարը:
Ի դեպ, այսօր ԼՂՀ Արտգործնախարարությունը դիմել է ԵԱՀԿ Գործող քարտուղարի անձնական ներկայացուցչի գրասենյակ: ԼՂՀ կողմը պահանջել է սահմանամերձ գծում անցկացնել կրիզիս-դիտարկում, ստեղծված իրավիճակի իրական նկարագիրը տեսնելու եւ հերքելու ադրբեջանական կողմից տարածցող ստահոդ լուրերը հերքելու համար:
http://www.a1plus.am