«Հայաստանում և Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը քաղաքացի-ոստիկանություն հարաբերություններում» զեկույցի շնորհանդես
14:32, March 20, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Ոստիկանություն2012 թ. մարտի 16-ին Վրաստանի «Ամբասադորի» հյուրանոցում տեղի ունեցավ «Հայաստանում և Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը քաղաքացի-ոստիկանություն հարաբերություններում» զեկույցի շնորհանդեսը:
Շնորհանդեսին մասնակցում էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչները, զեկույցը պատրաստած հայ և վրացի երիտասարդներ, Վրաստանում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Զեկույցը տպագրվել է «Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասի իրավապաշտպանական շարժման մեջ» երկամյա ծրագրի շրջանակներում իրականացված «Մարդու իրավունքները ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում» մոնիթորինգի արդյունքում ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ծրագրի նպատակն է` բարձրացնել երիտասարդների դերը իրավապաշտպանական շարժման մեջ Հարավային Կովկասի տարածաշրջանում:
Զեկույցը պատրաստվել է հայ 9 և վրացի 7 երիտասարդների կողմից և խմբագրվել Ուկրաինայից հրավիրված փորձագետ` Օլենա Գրաբովսկայի կողմից: Ծրագրի շրջանակներում առաջին տարում ընդգրկվել են երիտասարդներ, որոնք իրականացրել են մարդու իրավունքների մոնիթորիինգ ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում և այդ մոնիթորինգի արդյունքում պատրաստել են զեկույցը: Նախքան մոնիթորինգի իրականացումը և զեկույցի պատրաստումը երիտասարդներն անցել են համապատասխան դասընթացներ, որպես դասընթացավարներ հանդես են եկել միջազգային փորձագետներ:
Շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցան ծրագրի ղեկավար Արթուր Սաքունցը, ծրագրի մյուս աշխատակիցները և զեկույցը պատրաստած հայ և վրացի երիտասարդներ: Ներկայացվեց ծրագիրը, ծրագրի շրջանակներում իրականացված գործողությունները և դրանց արդյունքում տպագրված զեկույցը, այդ թվում` զեկույցում ներկայացված խնդիրները` ոստիկանություն-քաղաքացի հարաբերություններում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
Տեղեկացնենք, որ զեկույցի շնորհանդեսի կազմակերպում նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետությունում:
Հիշեցնենք, որ «Երիտասարդների ներգրավումը Հարավային Կովկասի իրավապաշտպանական շարժման մեջ» ծրագիրն իրականացվել է National Endowment for Democracy (NED) (Ժողովրդավարության աջակցության ազգային ֆոնդ) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ: