Սպիտակի հելսինկյան խումբը երկու տարեկան է
11:20, May 21, 2012 | ՆորություններՄայիսի 19-ին լրացավ «Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպության գործունեության երկու տարին:
Երկու տարի առաջ՝ այս օրը, Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի «ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավապաշտպանական կարողությունների և գործունեության արդյունավետության բարձրացումը» ծրագրի շրջանակներում կազմակերպության Սպիտակի ներկայացուցչությունը գրանցվեց որպես «Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն:
Վերոնշյալի առթիվ «Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպությունը կազմակերպել էր միջոցառում ակտիվ երիտասարդության, աջակից հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
«Սպիտակի հելսինկյան խումբ» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Աշխեն Բաբայանը միջոցառման ժամանակ ներկայացրեց երկու տարիների ընթացքում կազմակերպության կողմից իրականացված ծրագրերը և հաջողությունները: Նշեց, որ իրականացվել է 2 ծրագիր, անկախ ծրագրերի առկայությունից Սպիտակի բնակչությանը տրամադրվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն, իսկ ներկայումս իրավաբանական խորհրդատվություն է տրամադրվում նաև Սպիտակի գյուղական համայնքներում:
Կազմակերպության իրավաբան Արտուր Հարությունյանը, անդրադառնալով կազմակերպության գործունեությանը, նշեց, որ նախաձեռնվել է շուրջ 37 դատական գործ՝ հիմնականում կապված աղետի գոտու վերականգնման պետական ծրագրի շրջանակներում բնակարան ստանալու խնդրի հետ: Նախաձեռնված գործերից երեքի վերաբերյալ դատարանը կայացրել է որոշում՝ ի նպաստ հայցվոր քաղաքացիների:
Միջոցառման մասնակիցներին ներկայացվեցին նաև ծրագրեր և գաղափարներ, որոնք նախատեսվում է իրականացնել ապագայում: