Խորհրդարանական ընտրություններն անցկացվել են բազմաթիվ խախտումներով
07:08, May 29, 2012 | Նորություններ | Ընտրական իրավունքՄայիսի 26-ին, Գյումրու «Արաքս» հյուրանոցում տեղի ունեցավ Եվրոպական միության Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության կազմակերպած սեմինար-քննարկում, որի ընթացքում Գյումրու, Վանաձորի, Մարտունու, Արմավիրի, Վանաձորի, Երեւանի եւ հանրապետության այլ քաղաքների ու մարզերի շուրջ 30 ՀԿ-ների ներկայացուցիչներն իրենց կարծիքն հայտնեցին հայաստանյան խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ` նշելով բազմաթիվ խախտումների մասին: Նման սեմինարների անցկացման նպատակն է Հայաստանում, Ադրբեջանում, Բելոռուսում, Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների միջեւ կապի ստեղծումը եւ աջակցումը հանրային իշխանությունների հետ երկխոսությանը:
Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ղեկավար կոմիտեի անդամ Քշիշով Բոբիսնկուն հարցրեցինք, թե արդյոք մեծ չափով ժողովրդի մենթալիտետից չի ՞ կախված ազատ, արդար ընտրությունների անցկացումը: Վերջինս պատասխանեց, որ պետք է իշխանությունները փոխեն իրենց ցինիկ վերաբերմունքը ժողովրդի հանդեպ: Եվրոպացիները կարող են ստիպել, որ այդ փոփոխությունը տեղի ունենա: Եթե իշխանությունները ժողովրդին չկաշառեն, մարդիկ իրենց ձայները չեն վաճառի:
Սեմինարի մասնակցիների խոսքերով, պետք է արգելվի անչափահասների մասնակցությունը նախընտրական քարոզարշավներին: «Դեմոկրատական Բելոռուս» կազմակերպության ղեկավար Օլգա Սլուժինսկայան նշեց, որ կարեւոր է փորձագետների լավ պատրաստվածությունը ֆորումներում` տարբեր հարցերի քննարկման համար:
Խոսվեց նաեւ ընտրությունների ժամանակ մեծամասնական թեկնածուների կողմից գումարի բաժանման եւ վարչական ռեսուրսների օգտագործման մասին:
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցի խոսքերով, 2008 թվականից հետո անպատժելիության մթնոլորտը երկրում չվերացավ, մարտի 1-ի 10 սպանությունները չբացահատվեցին, ինչը հանգեցրեց ընտրողների ոչ ազատ լինելուն:
«Շիրակ» կենտրոնի նախագահ Վահան Թումասյանի խոսքերով, դեռեւս 3 տարի առաջ արդեն պարզ էր ընտրությունների ելքը, քաղաքական դաշտը ճնշման տակ էր, քաղաքացիական կառույցներն այն վիճակում էին գտնվում, որ հավասար մրցակցության հնարավորություն չկար: 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու պարագայում էլ հարցը չի լուծվի, քանի որ ընտրություններին մասնակցելու համար մարդիկ 2-3 տարի առաջ պետք է կարողանան ֆինանսական ռեսուրսներ կուտակել:
Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանի խոսքերով, կես մլն ՀՀ քաղաքացի զրկվեց քվեարկելու իրավունքից, քանի որ արտերկրում էր գտնվում, իսկ 230-240 քաղաքացիներ, ովքեր արտերկրի պետական հիմնարկներում էին աշխատում, կարողացան քվեարկել, իսկ կես մլն ձայնը 20-25 տոկոս կկազմեր, որով կարելի էր ինչ-որ բան փոխել:
-Մենք առաջարկել էինք ընտրատեղամասերում տեսախցիկներ տեղադրել եւ կրթական համակարգը հեռացնել ընտրական պրոցեսներից` թողնելով համակարգի աշխատողների ընտրելու, ընտրվելու իրավունքը, բայց այս առաջարկը, հասկանալի պատճառներով, մերժվեց,-ասաց Լ.Բարսեղյանը:
«Արմավիրի Զարգացման կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Նաիրա Առաքելյանի խոսքերով, նույնիսկ դպրոցի տնօրենները, գյուղապետերը վստահված անձանց դեր էին կատարում, որի իրավունքը չունեին: Մասնակիցներից մեկը նշեց, որ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը «մոլեռանդորեն» խոսեց այն թանաքների մասին, որ շուտ են գոլորշացել ընտրությունների ժամանակ` ասելով, որ իրենց զրպարտում են այդ հարցում: Արագածոտնի մամուլի ակումբից Գայանե Պետրոսյանը նշեց, որ նախընտրական շրջանում քաղաքացիները չէին կարողանում հին անձնագրերը փոխել, նորերը ստանալ:
Սախարովի անվան իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանի խոսքերով, 131 պատգամավորական տեղի համար ՀՀԿ-ն 253 հոգանոց համամասնական ցուցակ էր ներկայացրել, ինչը վարչական ռեսուրսներ օգտագործելու միջոց էր:
Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց նաեւ հասարակական հնչողություն ունեցող այլ խնդիրների: Մասնավորապես, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը կարեւորեց վիզաների ռեժիմի ազատականացման հարցը, արդարադատության ոլորտում բարեփոխումների իրականացումը:
Բնապահպանական խնդիրների մասին խոսելով, մասնակիցները կարեւորեցին բնապահպանների ակտիվությունը` նշելով, որ այն Հայաստանի ամենաակտիվ քաղաքացիական շարժումն է այսօր: «Բիոսոֆիա» կազմակերպության նախագահ Գեւորգ Պետրոսյանը նշեց, որ Հայաստանը չունի բնապահպանական ռազմավարական իր հստակ ծրագիրը:
Անդրադարձ կատարվեց նաեւ DIY ակումբի պայթեցմանը: Մասնակիցներից մեկը նշեց, որ երկրում բազմաթիվ չլուծված սոցիալական խնդիրներ կան եւ չպետք է շատ ուշադրություն հատկացնել այդ ակումբի պայթեցման խնդրին:
Վերջում ընդհանուր քվեարկության արդյունքում Հայաստանի Ազգային Պլատֆորմի անդամներ դարձան 3 կազմակերպություններ:
Աղբյուրը՝ http://www.asparez.am/news-hy/xorhrdaranakan_ntrutyunner_bazmativ_xaxtumnerov-hy/
Անահիտ Սիմոնյան