Անհատ տաքսու վարորդները բողոքում են
09:08, June 4, 2012 | Մամլո հաղորդագրություններ | Հավաքների և միավորումների ազատություն2012 թ. հունիսի 4-ին Վանաձոր քաղաքի անհատ տաքսու վարորդները բողոքի ակցիա կազմակերպեցին Հայքի հրապարակում՝ ՀՀ կառավարության որոշման դեմ:
ՀՀ կառավարության 655-Ն որոշմամբ սահմանվում է. «Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպությունները` ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում հաշվառված սեփականության կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլներով:
Մոտ 50 վարորդներ բողոքում էին, որ ՀՀ կառավարության կողմից ընդունված որոշումը հաշվի չի առնում իրենց շահերը, ծանր սոցիալական վիճակը և պահանջում էին վերանայել կառավարության որոշումը ու ընդունել ավելի բարենպաստ որոշում, որը կբխի իրենց շահերից:
Վարորդները ցանկանում էին իրենց բողոքը բանավոր ներկայացնել Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, սակայն տեղում չլինելու պատճառով ներկայացրեցին փոխմարզպետին: Վարորդներն իրենց դիմում-բողոքը մարզպետին գրավոր կհանձնեն ավելի ուշ:
Ի դեպ ակցիայի ընթացքում ոստիկանները պահանջում էին վարորդներին իրենց մեքենաները կայանել ոչ թե հրապարակի կենտրոնում, այլ մի փոքր հեռու՝ հասարակական կարգը չխանգարելու համար, որը դժգոհություն առաջացրեց վարորդների շրջանում: