Ամբաստանյալը 7 օր պահվել է Ռազմական ոստիկանությունում՝ առանց իմանալու իր կարգավիճակը
14:01, June 13, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԱրտակ Նազարյանի մահվան գործով ամբաստանյալ, «Լույս» հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը հունիսի 12-ին կայացած դատական նիստի ժամանակ հրաժարվեց նախաքննության ընթացքում տված իր ցուցմունքներից:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը դատարանում ամբաստանյալին հարցրեց, թե ինչո՞ւ է հրաժարվում իր նախաքննական ցուցմունքից, եթե իր նկատմամբ Ռազմական ոստիկանությունում բռնություն չի գործադրվել:
«Այդտեղ ի՞նչ կա, ո՞նց է գրված, ես գործին տեղյակ չեմ: Ինչ-որ գրված է` ինձ հետաքիքր չէ, կարող է բաներ կան, որ ստորագրել եմ, բայց չեմ նայել: Ես դատարանում ճիշտ եմ ասում»,- պատասխանել է Վահագն Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ Արտակ Նազարյանը մահացել է 2010 թ. հուլիսի 27-ին, ծառայության վայրում՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Չինարի գյուղից ոչ հեռու տեղակայված «Մեհրաբներ» զորամասի հսկողությանը հանձնված մարտական հենակետերից մեկում («Ղոզլու»), որի ավագն էր:
Նախաքննությունն ավարտված է, և գործը դատարան է մտել որպես «ինքնասպանության դրդում»: Մինչդեռ Նազարյանները պնդում են, որ նախաքննությունը կատարվել է հանցավոր թերություններով՝ ընդհուպ մինչև ապացույցներիոչնչացում և կեղծում:
Քրեական գործով մեղադրվում են Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներ՝ նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան «Լույս»հենակետի ավագ, լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Ա.Նազարյանի դասակի երեք շարքայիններ՝ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը:
Հայրապետյանը դատարանում պատմեց, որ դեպքից հետո իրեն տարել են Ռազմական ոստիկանություն, ուր կալանքի տակ է եղել 7 օր՝ չիմանալով իր իրավական կարգավիճակը: Նա նաև ասաց, որ Արտակ Նազարյանի մահվան դեպքից հետո ինքը երկու ամիս եղել է Պաշտպանության նախարարության կադրերի տրամադրության տակ, հետո վերականգնվել է նրա ծառայությունը նույն զորամասում, և միայն 8 ամիս անց է ձերբակալվել:
Ամբաստանյալ Հայրապետյանը դատարանում նշեց, որ չի հասկանում՝ ինչու են իրեն նման մեղադրանք վերագրել: Անդրադառնալով 2010թ. հուլիսի 19-ին Հակոբ Մանուկյանի և լեյտենանտ Արտակ Նազարյանի միջև տեղի ունեցած կռվին՝ նա ասաց, որ ինքը չի հարվածել Նազարյանին, այլ՝ բաժանել է նրանց, և պատճառ չի ունեցել Նազարյանին հարվածելու:
Մինչդեռ դատարանում ցուցմունքներ տված 4 վկաներից 3-ը պնդել էին, որ Վահագն Հայրապետյանը վեճի ժամանակ հարվածել է Նազարյանին:
Դատավոր Սամվել Մարդանյանի այն հարցին, որ եթե բռնություններ չեն եղել, ապա ի՞նչ պատճառով է Նազարյանը կյանքից հեռացել, Հայրապետյանը պատասխանեց՝ «չեմ կարող ասել»:
Ամբաստանյալը դատարանում նաև նշեց, որ ինքը լավ հարաբերությունների մեջ է եղել Արտակ Նազարյանի հետ: Նազարյանն էլ շատ է սիրել իր զինվորներին, մտերիմ է եղել նրանց հետ և հարթել է զիվորների և սպաների միջև առաջացած խնդիրները:
Դատական հաջորդ նիստը կկայանա հունիսի 26-ին: Կհարցաքննվեն ամբաստանալներ Հարութիկ Կիրակոսյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Մխիթար Մխիթարյանը:
Աղբյուրը՝ www.hra.am