10 դրամի պահանջ` ՀՀ ոստիկանապետից
06:04, June 14, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Զինված ուժերԵրևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Ա. Սուքոյան) այսօր շարունակվել է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ դատավարությունը:
«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ–ի նախագահ Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»–ին հայտնեց, որ դատարանն այսօր հայցվոր կողմից փորձել է ճշտել, թե ոստիկանապետի արտահայտություններից որոնք են համարվում զրպարտություններ: Հայցվոր կողմը դատարանում նաև անդրադարձել է պատասխանող կողմի այն դիրքորոշմանը, թե գործարար համբավի արատավորում տեղի ունեցած կլիներ միայն այն դեպքում, եթե հայցվոր կողմը բիզնես գործունեությամբ զբաղվեր։ Սակայն Սաքունցի փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանում օրինակներ է հնչեցրել նաև ՄԻԵԴ փորձից, որոնցով փաստվում է, որ գործարար համբավի արատավորում կարող է տեղի ունենալ նաև հասարակական կազմակերպության դեպքում` անկախ նրանից, որ վերջինս առևտրային գործունեություն չի իրականացնում: Հայցվոր կողմը դատարանում նաև հիմնավորել է, որ ոստիկանապետի արտահայտությունները հենց իրենց են հասցեագրված:
Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք են հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում և 2011 թ. հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում Վլադիմիր Գասպարյանի կողմից տրված հարցազրույցները: Կազմակերպությունը գտնում է, որ հարցազրույցներն իրենց մեջ պարունակում են մի շարք վիրավորական և միևնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ:
Կազմակերպությունը դատարանից պահանջում է կազմակերպությանը և ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորանք հասցնելու համար պատասխանող Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել և նրանից հօգուտ կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա:
Գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 27-ին, որի ընթացքում կողմերն իրենց վերջնական խոսքերը կասեն, և դատարանը կանցնի վճռի հրապարկմանը: