Դրանով բավականին մեծ կծիկ կարող է բացվել.Արթուր Սաքունց
06:04, June 19, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքՀՀ քրեական գործով վերաքննիչ դատարանն այսօր մերժեց ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի բողոքը: Այսօր mardik.am-ը Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին խնդրել է անդրադառնալ այդ որոշմանը: Նա ասաց, որ միակ հույսը մնացել է Վճռաբեկ դատարանը, և, իր կարծիքով, այդ հարցը ընդհուպ մինչև Եվրոպական դատարան պետք է բողոքարկվի:
Արթուր Սաքունցի կարծիքով, սա միայն Մհեր Ենոքյանի հետ կապված չէ, այլ 40-ից ավելի մարդկանց հետ է կապված, որովհետև եթե այդ ակտը դիտարկվի ոչ իրավական, դա կտարածվի նաև մյուսների վրա:
«ՀՀ դատական ատյանների որոշումներում տրամաբանություն գտնելը շատ անշնորհակալ գործ է, որովհետև նման գործերում միշտ քաղաքական նպատակահարմարությունը ակնհայտ գերակշռում է իրավական գործոններին: Ստացվում է, որ գնահատական է տրվում երկրորդ նախագահի հրամանագրին, և դա դիտարկվելու է որպես հակաիրավական և դրանով բավականին մեծ կծիկ կարող է բացվել»,-ասաց նա և ավելացրեց, որ սա նախադեպ կարող է դառնալ նախագահների որոշումների վերանայման համար, որից իշխանությունները խուսափում են:
Հիշեցնենք, որ նա բողոքարկում է 2003 թվականի Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված օգոստոսի 1-ի հրամանագիրը, որով համաներում շնորհվեց մահապատժի դատապարտվածներին, և մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման:
Աղբյուրը՝ http://mardik.am