Դատական անարդար վճիռներում պատասխանատվության հասցեագրումը` անարդար վճիռներից խուսափելու ճանապարհ
07:30, July 3, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունքԴատական անարդար վճիռներում պատասխանատվության հասցեագրումը անարդար վճիռներից խուսափելու ճանապարհներից մեկն է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՄԻ Եվրոպական դատարանում Հայաստանի պարտված գործերին և դրանցից խուսափելու արդյունավետ եղանակներին:
Նա նշեց, որ երբ ՄԻ Եվրոպական դատարանում պետության նկատմամբ վճիռ է կայացվում և պետությունը ճանաչվում է որպես իրավունքների խախտող, այսինքն՝ Եվրոպական դատարանը գտնում է, որ պետությունը խախտել է մարդու իրավունքը և համապատասխան փոխհատուցման մասին որոշում է կայացնում, կարգի համաձայն՝ պետությունը պետք է վճարի իր բյուջեից: Սակայն իրավապաշտպանը տեղեկացրեց, որ Եվրոպական կառույցներում էլ քննարկում է գնում՝ արդյոք այդ վճարը պետք է կատարվի պետական բյուջեի՞ց, թե՞ պատասխանատվությունը պետք է անհատականացնել և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր անմիջականորեն մեղքի իրենց բաժինն ունեն մարդու իրավունքի խախտման համար: Արթուր Սաքունցի խոսքով՝ այս հարցն, իսկապես, քննարկման առարկա է, այսինքն՝ այստեղ պատասխանատվության հասցեագրման հարց է:
«Նախկին խորհրդային երկրների՝ Եվրոպայի խորհրդին անդամագրման ժամանակ նման պրակտիկան և համակարգն արդարացված էր, քանի որ իրապես դատարաններում Հոլանդիայում կամ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում կախվածության խնդիր չկար, այսինքն՝ այստեղ պետության համակարգի խնդիր էր, բայց մեր պայմաններում դատավորներն իրապես կախվածության մեջ են գտնվում, դատական իշխանությունն անկախ չէ մեր մոտ և ՄԻ Եվրադատարանի որոշումների առաջացումն իրապես պայմանավորված է նրանով, որ դատական իշխանությունը կատարում է գործադիրի հրահանգները: Այստեղ հարց է ծագում՝ արդյոք պատասխանատվության հասցեագրման մեխանիզմը կօգնի՞ դատական իշխանության անկախացմանը, թե՞ ոչ: Եթե իրավունքի խախտման մեխանիզմը քննարկես, կտեսնես, որ դատավորը վերջնահաշվով իր կախվածության պատճառով կատարում է որոշակի հրահանգներ, ստացվում է՝ որոշակի քավության նոխազ է դառնում ինչ-որ տեղ: Սա անձին արդարացի մոտեցում չի լինի: Սա իրապես համակարգի խնդիր է, բայց այդ համակարգում միայն դատավորը չէ»,- մեկնաբանեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ այս դեպքում ստացվում է մեղադրել զոհին, որ իր իրավունքը ճնշել են:
Ըստ նրա՝ յուրաքանչյուր գործի վերլուծման ժամանակ նաև պետք է վերլուծվի համապատասխան մարմինների վարքագիծը: Սաքունցի համոզմամբ՝ սա խնդրից դուրս գալու ճանապարհներից մեկն է, որը պետք է փորձել: