Հայրապետյանը պատասխանատու է, եթե նույնիսկ ուղղակի հրահանգ չի տվել. Սաքունց
07:14, July 9, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք, Կյանքի իրավունք«Առագաստ», Մարտի մեկ, «Հարսնաքար». այս ողբերգությունները տեղի ունեցան, քանի որ Հայաստանում, ըստ իրավապաշտպանի, սերտաճել են քաղաքական ու դատական համակարգերը, և քաղաքական իշխանությունը դատական համակարգն օգտագործում է ըստ քաղաքական նպատակահարմարության:
ՍիվիլՆեթի հետ զրույցում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասաց. «Երբ «Հարսնաքար»-ում տեղի ունեցավ դեպքը` բժիշկներին ծեծեցին, երբ սկսվեց նախաքննությունը, գլխավոր դատախազությունը պիտի մտներ Ազգային ժողով և պահանջեր, որպեսզի դադարեցվեր Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական գործունեությունը: Սակայն, ըստ էության, մենք ականատես եղանք` ինչպես Ռուբեն Հայրապետյանը պատգամավորական մանդատից իր հրաժարականը ներկայացրեց միայն նախագահի հետ զրույցից հետո: Եթե դա իր որոշումն էր, եթե դա, իրոք, պայմանավորված էր այն ծանր ապրումներով, որոնց մասին ինքը հայտարարություն տարածեց, ուրեմն պիտի հրաժարականը ներկայացներ դեպքից հետո կամ Վահեի մահվանից հետո, ոչ թե` նախագահի հետ խորհրդակցությունից հետո»:
Արթուր Սաքունցի գնահատմամբ` պատգամավորական մանդատից «ինքնակամ» հրաժարվելը նույնիսկ շահեկան է Հայրապետյանի համար, քանի որ իրականում, նրան պիտի դատախազության միջոցով զրկեին մանդատից ու միանգամից ներգրավեին գործին` որպես կասկածյալ: Գործադրված սցենարը, սակայն, Ռուբեն Հայրապետյանին հիմա հետ է պահում քրեական հանցագործության մեջ ներգրավված լինելու և պատասխանատվություն կրելու հեռանկարից:
«Իրավական տեսանկյունից նայելիս` մենք պիտի հաշվի առնենք այն հանգամանքը, որ այդ պահին, ինչպես հաստատվում է տեսանկարահանումներով, այդ վայրում է գտնվել նրա անձնական թիկնապահը, ուրեմն մեծ է հավանականությունը, որ ինքն էլ այնտեղ էր: Երկրորդ, եթե համարենք, որ բժիշկներին ծեծելը այդ պահին Ռուբեն Հայրապետյանի անմիջական հրահանգով չի տեղի ունեցել, պիտի հաշվի առնենք, որ այդ ծեծողները ունեցել են նրա` նմանատիպ վերաբերմունք դրսևորելու թույլատրությունը` անպատժելիության հավաստիքը,- ասաց նա,- Ռուբեն Հայրապետյանը պատասխանատու է. եթե նույնիսկ ուղղակի հրահանգ չի եղել, թեպետ դա էլ պիտի պարզի նախաքննությունը, եղել է նախնական հրահանգավորում` ինստրուկտաժ: Օրինակ, սովորական խանութի պահակը հաստատ նույն կերպ չէր վարվի, եթե հաճախորդն իրեն նույն կերպ պահեր. նման կերպ չէր վերաբերվի իրենց ծառայութունից օգտվողին: Այսինքն` այս թիկնապահները միայն պահպանող գործառույթ կատարող մարդիկ չեն եղել. իրենց անպատժելիության առումով վստահ` պատժիչ ջոկատի գործառույթ են ստանձնել ոչ միայն այդ մարդու, այլև` նրա ընտանիքի, նրա բիզնեսի հետ կապված. այդպիսին է եղել նրանց հրահանգավորման բնույթը»,- ասաց իրավապաշտպանը:
Ըստ Սաքունցի առավել կարևոր է հարցի քաղաքական պատասխանատվության կողմը. Հանրապետական կուսակցության կողմից որևէ պաշտոնական գնահատական չի հնչեցվել: «Առանձին անհատների կողմից կարծիքներ ասվել են, բայց դա նշանակություն չունի: Իրենց կուսակցության անդամի, ավելին` խորհրդի անդամի շուրջ նման հասարակական ընդվզումին պաշտոնական արձագանք էր պետք»,- ասաց նա:
Փաստը, որ նախապես ականատեսները խոսում էին շուրջ 15-ի կողմից ծեծի ենթարկվելու մասին, իսկ ոստիկանությունը համառորեն շրջանառում է միայն 6-7 հոգու անուն, ևս, իրավապաշտպանի դիտարկմամբ, քաղաքական հովանավորչության մասին է վկայում: «Սա ևս մի իրավիճակ է, երբ դատական ամբողջ համակարգը գործում է քաղաքական պատվերի տրամաբանության շրջանակներում»,- նշեց նա: Սա, ըստ նրա, շարունակում է գործել ձևավորված այն համակարգի շրջանակում, որով քաղաքական իշխանությունը դատական համակարգն օգտագործում է ըստ քաղաքական նպատակահարմարության:
«Հիմա, ինչո՞ւ է հասարակությունն այսքան վրդովված. որովհետև խնդիրը շատ ավելի ընդհանուր է, քան զուտ առանձին դեպքը: Այստեղ մի հարց ունենք` ընդհանրապես օլիգարխիա հասկացությունը, որը պետք է հստակ պատկերացնենք: Սրանք մարդիկ են, ովքեր ունեն տնտեսական լուրջ ռեսուրսներ, և ունեն իշխանություն կամ իշխանության հովանավորչությունը: Այս խնդիրը շատ ուղղակի դրսևորվեց Մարտի մեկին: Հայտնաբերվեց փաստաթուղթ, որով ապացուցվում էր, որ օլիգարխների թիկնապահները, ոստիկանության համազգեստով, մասնակցել են դեպքերին: Այսինքն`օլիգարխները դարձել են կառույցներ, որ օգտագործվում են իշխանության կողմից քաղաքական նպատակներով»,- նշեց նա: Այսպիսով, հիմա հասարակական պայքարն այդ համակարգի դեմ է, և ոչ թե` զուտ Ռուբեն Հայրապետյանի անձի դեմ:
Ըստ Սաքունցի` հարկ է կազմել օլիգարխների ցուցակ` «անկախ քաղաքական պատկանելությունից` ընդգրկելով գեներալներ Մանվելին, Սարոյին, նաև` Ծառուկյանին, Քոչարյանին». ցուցակում ընդգրկված պիտի լինեն բոլոր այն մարդիկ, ովքեր համապատասխանում են նշված չափանիշներին: Եվ հասարակական ընդվզումը պիտի լինի ոչ միայն Ռուբեն Հայրապետյանին քաղաքական համակարգից հեռացնելու և իրավական պատասխանատվության ենթարկելու, այլև` այս նախադեպով բոլոր նախորդող դեպքերը (Պողոս Պողոսյանի մահը «Առագաստ»-ի ծեծի արդյունքում, Մարտի մեկը և այլն) վերհանելու, և ժամանակավորապես անտեսված, բայց չմոռացված բոլոր հանցագործությունների համար իրավական հարթությունում արժանի դատավճիռների հասնելու համար: «Այս համակարգը փոխելու համար իշխանությունը քաղաքական կամք պիտի դրսևորի, մինչդեռ այսօր ի՞նչ է արվում, որպեսզի նոր վահեավետյաններ չունենանք: Ոչինչ, ո-չինչ»,- ամփոփեց Արթուր Սաքունցը:
Աղբյուրը՝ http://civilnet.am/2012/07/07/հայրապետյանը-պատասխանատու-է-եթե-նույ