Դատարանը մերժեց
08:31, July 12, 2012 | Նորություններ | Ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, Արդար դատաքննության իրավունք, Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԵրեկ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արտակ Նազարյանի մահվան գործով հերթական նիստում մերժեց ամբաստանյալներ Ադիբեկ Հովհաննիսյանի եւ Մխիթար Մխիթարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպան Ալվարդ Մնացականյանի միջնորդությունները:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին պաշտպանը միջնորդել էր Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխել, ինչի վերաբերյալ մերժումը դատավոր Սամվել Մարդանյանն ընթերցեց երեկվա նիստի սկզբում:
Հետո փաստաբան Մնացականյանը միջնորդեց խափանման միջոցը փոխել Մխիթարյանի նկատմամբ, ինչը նույնպես մերժվեց: Երկու դեպքում էլ նշվեց, որ նրանց կալանավորելու որոշման հիմքերում ըստ էության ոչինչ չի փոխվել: Ի դեպ, Հովհաննիսյանին վերաբերող միջնորդությանը տուժող կողմը ոչ միայն միացավ, այլեւ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը ասաց. «Եթե մենք չպաշտպանենք այս միջնորդությունը, ապա մասնակից կդառնանք այն հանցագործությանը, որով զինվորին ապօրինի պահում են կալանքի տակ»:
Այնինչ, դատավորի որոշման մեջ տուժող կողմի միանալու մասին նշված էր` չեն առարկել: Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանն այս առնչությամբ հայտնեց իր անհամաձայնությունը` պնդելով, որ չառարկելու եւ միանալու մեջ մեծ տարբերություն կա:
Երբ ամբաստանյալ Մխիթարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու կապակցությամբ Մարդանյանը հարցրեց Նազարյանի կարծիքը, նա ասաց, որ իրենք ունեն կարծիք, բայց չեն արտահայտում, որովհետեւ իրենց խոսքերը դատարանը խեղաթյուրում է: Հաջորդ նիստը կկայանա հուլիսի 17-ին, ժամը 14:30-ին:
Աղբյուրը՝ http://armtimes.com/35107