20 տարեկան պոչիկներով լակոտները վիրավորանք չէր…
11:26, July 20, 2012 | Նորություններ | Արդար դատաքննության իրավունք | Զինված ուժերԵրևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժել է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի հայցը` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ:
Դատարանը որոշել է, որ ոստիկանապետը կազմակերպության պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին վնաս չի պատճառել: Այս մասին «Առաջին լրատվականին» հայտնեց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցը, որը նաև հավելեց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են վերաքննիչ ատյանում:
Հիշեցնենք, որ կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք են հանդիսացել 2011 թ. հոկտեմբերի 17-ին www.hraparak.am էլեկտրոնային էջում և 2011 թ. հոկտեմբերի 15-ին «Զինուժ» ծրագրում Վլադիմիր Գասպարյանի կողմից տրված հարցազրույցները:
Կազմակերպությունը կարծում է, որ հարցազրույցներն իրենց մեջ պարունակում են մի շարք վիրավորական և միևնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ: ՀՔԱ Վանաձորի գրասենյակը համարում է, որ www.hraparak.am էլեկտրոնային էջում տպագրված «Ով արյուն կլափի, թող գա իր երեխու դեմ» հոդվածի մեջ ՀՀ պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի հետևյալ արտահայտությունները ներառում են վիրավորանք և զրպարտություն. «Ցավացող ծնողը լկտի չի լինի, ցավացող ծնողը կանգնած է, բայց ես տեսնում եմ լկտիություն բանակի նկատմամբ, նախարարի նկատմամբ, ես տեսնում եմ թույն մեջները: 20 տարեկան պոչիկներով լակոտներին, որ բերել են Հելսինկյան կազմակերպությունները, ու էդ լակոտների բերանների արտահայտություններն անձնական վիրավորանք են հասցնում: Երբ փսլնքոտ լակոտը երկիր պահած, երկրի համար տուժած մարդուն վիրավորում է լկտի բացականչություններով, ես դա չեմ հանդուրժելու… Նրանք անպատվում են պաշտպանության նախարարին, ասելով` էդ միոտանին: Ես ասում եմ` էդ չորսոտանիներիցդ շատ գործ է անում մեր միոտանին, չէ՞ որ էդ մարդն ինչ արել է, ես չեմ պաշտպանում, արել է էս երկրի համար, որ էդ ոտքը կորցրել է»:
Կազմակերպությունը դատարանից պահանջում էր կազմակերպությանը և ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա կազմակերպած ՀՀ զինված ուժերում որդիներ կորցրած մայրերին վիրավորանք հասցնելու համար պատասխանող Վլադիմիր Գասպարյանին պարտավորեցնել հրապարակավ ներողություն խնդրել և նրանից հօգուտ կազմակերպության բռնագանձել 10 (տասը) ՀՀ դրամ՝ բռնագանձումը տարածելով նրա գույքի վրա: