Հերթական մահվան դեպքը ՀՀ զինված ուժերում
13:48, July 21, 2012 | Հայտարարություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ, Կյանքի իրավունք | Զինված ուժերԱյսօր՝ հուլիսի 21-ին, Վանաձորում տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի ծառայող 22-ամյա Աշոտ Սարդարյանի հուղարկավորությունը Ուսանողական 10 հասցեից:
Ա. Սարդարյանը ՀՀ զինված ուժերում ծառայում էր արդեն մեկ տարի եւ զորակոչվել էր Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո: Ա. Սարդարյանը ծառայությունն անց էր կացնում Բերդի տարածաշրջանի զորամասերից մեկում: Ըստ նախնական տվյալների՝ Ա. Սարդարյանը մահացել է ստամոքսի խոցից: Որոշ տվյալների համաձայն՝ նա ունեցել է ստամոքսի քաղցկեղ:
Ա. Սարդարյանի հուղարկավորությունը ուղեկցվում էր զինվորական պատվո պահակախմբով եւ նվագախմբով: Զինվորականների կողմից Ա. Սարդարյանին տրվեց վերջին պատվո հարգանքը:
Ա. Սարդարյանը մահացել է սույն թվականի հուլիսի 18-ի երեկոյան, Մուրացանի զինվորական հոսպիտալում` բժշկական օգնություն ստանալու ընթացքում:
Դեպքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կներկայացվի լրացուցիչ ուսումնասիրությունից հետո:
Հերթական անգամ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն չի տարածել ՀՀ զինված ուժերում մահվան դեպքի մասին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
ք. Վանաձոր, 21 հուլիսի, 2012 թ.