Աթոռով սպային հարվածած զինվորը կալանավորվել է
08:41, July 24, 2012 | Նորություններ | Զինծառայողների/Զորակոչիկների իրավունքներ | Զինված ուժերԼեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում սպայի եւ զինվորի միջեւ ծագած վիճաբանության, ապա` ծեծկռտուքի հետ կապված հուլիսի 14-ին կալանավորվել է զինծառայողը, իսկ նրան վիրավորած սպային առայժմ մեղադրանք չի առաջադրվել:
ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց, որ միջադեպի կապակցությամբ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 5-րդ կայազորում հուլիսի 13-ին քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը»: Զինծառայող Մարկոսյանը կալանավորվել է հուլիսի 14-ին, իսկ ահա զինծառայողին վիրավորած մայոր Գարեգին Պողոսյանի նկատմամբ առայժմ մեղադրանք չի առաջադրվել: Այժմ կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ մայոր Գարեգին Պողոսյանը դիտողություն էր արել Վանաձորից զորակոչված զինծառայող Դավիթ Մարկոսյանին, վերջինն էլ պարզաբանում է պահանջել: Միջադեպը ավարտվել էր հայհոյանքներով, ծեծկռտուքով, դրանից բացի` զինծառայողը աթոռով մի քանի անգամ հարվածել է սպային Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր այս միջադեպին: Մասնավորապես, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին Դավիթ Մարկոսյանի մոր հայտնած տեղեկատվության՝ հուլիսի 12-ի առավոտյան, դիվիզիայի հրամանատարը՝ մայոր Գարեգին Պողոսյանը, տագնապ է հայտարարել մեքենայի տեխնիկական վիճակը եւ զինվորների պատրաստվածության վիճակը ստուգելու նպատակով: Այդ ժամանակ Դավիթի շալվարի ներքեւի մասը՝ փողքը, երկարաճիտք կոշիկի տակից դուրս եկած է եղել, եւ Դավիթը մի ձեռքով փորձել է ուղղել այն, իսկ մյուս ձեռքով բռնել է զենքը: Նրան է մոտեցել մայոր Պողոսյանը եւ ասել. «Այ ոչխար, հլա ուղղվի» եւ սկսել է ստուգել մեքենան:
Ստուգումն ավարտելուց հետո, Դավիթը գնացել է մայորի աշխատասենյակ, որպեսզի պարզաբանի մայորի կողմից վիրավորանքի պատճառը: Երբ մտել է աշխատասենյակ, մայորին հարցրել է. «Էդ ինձ էիք ասո՞ւմ, այ ոչխար»: Մայորը պատասխանում է. «Ոչ միայն էդ եմ ասում, այլեւ ուրիշ բաներ» եւ սկսում է սեռական բնույթի հայհոյանքներ տալ: Դավիթը երկու ձեռքով հարվածում է մայորի գլխին՝ ականջների ուղությամբ: Սկսվում է հարվածների փոխադարձում, եւ Դավիթը փորձում է դուրս գալ սենյակից, սակայն մայոր Պողոսյանը բռնում է Դավիթի ձեռքը, եւ չի թողնում: Դավիթը աթոռի հարվածով փորձում է դուրս պրծնել մայոր Պողոսյանի ձեռքից:
Երբ Դավիթի մայրը հանդիպել է նրան հուլիսի 19-ին, Դավիթի այտը ատամից այտուցված է եղել, նա դժվարացել է խոսել: Ըստ մոր խոսքի՝ նա ունեցել է 82-83 կգ քաշ /հասակը՝ 1.80 մ/, սակայն տեսակցության ժամանակ նիհարած է եղել, եւ այտոսկրերը ցցված են եղել, դաստակին կապտուկ կար, իսկ ոտքը խոսելու ժամանակ դողալիս է եղել: Մոր խոսքով տպավորություն կար, որ Դավիթի ներքեւի առաջնային ատամնաշարը հետ ընկած էր:
Աղբյուրը՝ http://news.am/arm/news/114592.html